«Գավառամտությունն աչքի էր զարնում հայկական ամանորյա եթերից, «Հ1»-ն իջեցրել է նշաձողը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ամենակուլ համացանցը լուրջ սպառնալիք հանդիսանա հեռուստատեսության համար, այնուամենայնիվ, Ամանորին ամենքս էլ տոնական հաղորդումներ, ֆիլմեր, համերգներ դիտելու ցանկություն ենք ունենում: Այս Ամանորը եւս այդ առումով բացառություն չէր: Սակայն ուսումնասիրելով տարբեր հետուստաընկերությունների տոնական ծրագրերը` կարելի էր նկատել, որ դրանք ոչ միայն ցածրաճաշակ են, անորակ, այլեւ կրկնում են 10, նույնիսկ 20 տարի առաջվա ամանորյա ծրագրերը:

Բայց եթե «Բաղնիքդ անուշ», «Կառնավալային գիշեր», «Տանը միայնակ», «Մեր բակը» ֆիլմերի կրկնությունը դեռ ինչ-որ կերպ հնարավոր է հանդուրժել (հասկանալի է, որ որոշ հետուստաընկերություններ պարզապես չունեն այնքան ռեսուրսներ, որպեսզի ստեղծեն թարմ արտադրանք), դժվար է համակերպվել, որ նոր արտադրանքը հաճախ այնքան ցածրորակ է, որ ալիքը փոխելու անհագ ցանկություն ես ունենում:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու եւ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց տեսակետները:

Վահան Արծրունի

Մենք արդեն մի քանի տարի է՝ հեռուստացույց չենք դիտում, բայց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձները օնլայն դիտեցինք, դրանից հետո անջատեցինք կապը, որպեսզի մեր տոնական տրամադրությունը չփչանա: Բրեգովիչի համերգը նորություն չէր. ի սեր աստծո, եթե ուզում են ուրախանալ գնչուական երաժշտության ներքո, թող ուրախանան, բայց մնացածը հանդուրժելի չէր: Խայտառակություն էր, որ վարչապետի ելույթից հետո չհնչեց մեր օրհներգը: Նման անփութությունը որեւէ բացատրություն չի կարող ունենալ, եւ այն պետք է պատժվի: Պատկերացնում եմ՝ եթե նման բան Միացյալ Նահանգներում լիներ, հեռարձակող հեռուստաընկերության ղեկավարությունից մի մարդ չէր մնա իր պաշտոնում. սկսած եթերի պատասխանատուից, վերջացրած ղեկավարներով՝ բոլորին կազատեին աշխատանքից: Գուցե դա լավ առիթ կլիներ, որ մեր պարագայում «մաքրվեր» Հանրային հեռուստաընկերությունը:

Էդգար Բաղդասարյան

Տոնական ծրագրերի որակը բավական վատն էր: Դիտեցի Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Չվերթ N 1» ֆիլմը… Ախր, Հ1-ի ղեկավարներն էլ փոխվեցին, բայց ծրագրերի որակը մնաց նույնը: Երեւի նույնիսկ նախորդ ղեկավարության օրոք նման անորակ արտադրանք եթեր չէին տա: Եթե իրենց մասնագետները այդքան խեղճ են, թող դիմեին ինձ, երկրորդ կուրսիս ուսանողներից մեկին կխնդրեի, դրանից լավ ֆիլմ կնկարեր: Գավառամտությունը հայկական եթերից աչքի էր զարնում նաեւ Ամանորին: Ինչպես կինոյի, այնպես էլ հեռուստատեսության ոլորտում մենք գնում ենք Ռուսաստանի ընտրած կասկածելի ճանապարհով: Ինչպես գիտեք, Ռուսաստանում էլ դժգոհություններ կան «Голубой огонёк»-ի առնչությամբ, պահանջում են հրաժարվել այդ ծրագրից:

Երբեմն ինձ թվում է՝ մեր ներկան այնքան խղճուկ է, որ անընդհատ ստիպված ենք հենվել անցյալի ծրագրերի վրա: Այս ռազմավարությունը ողորմելի հետեւանքներ է ունենալու: 2 խաչմերուկ անցնես՝ 6 սցենարի միտք կարող է գալ, բայց չենք տեսնում այդ սցենարները: Մեր հանդիսատեսն էլ է ախր տգետ: Սա արդեն կրթության խնդիր է: Կոնկրետ Հ1-ը դեգրադացվել է խայտառակության աստիճանի:

Թող բացատրություն տան՝ ում է պատկանում այդ ամանորյա սցենարների գաղափարը, արդյոք հայտարարվում են մրցույթներ, թե տեղում է որոշվում՝ ով պետք է նկարի այս կամ այն ֆիլմն ու հաղորդումը: Նախորդ տարիներին անորակ արտադրանքը գոնե հետաքրքիր փաթեթավորմամբ էին մատուցում, հիմա այդ փաթեթավորումն էլ չկա:

Ո՞ր «պադվալում» են որոշում, թե ով պետք է նկարի տվյալ ծրագրերը… Տոտալ գավառամատությունը եթերից ուղղակի աչք է ծակում: Մշակութային ռազմավարության մեջ պետք է մտնի նաեւ հանդիսատեսին կրթելը: Անկախ իշխանությունից՝ այս խնդիրը պետք է լուծվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս