Դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանի Հանրապետության հրապարակում կայացավ աշխարհահռչակ երգիչ-երգահան Գորան Բրեգովիչի համերգը։ Նրա հոնորարը կազմել էր 65 հազար եվրո (սա միայն խմբի մատուցվող ծառայության արժեքն է)։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր ամանորյա անմոռանալի ուրախ համերգ: Երեւանցիների մի մասն իսկապես Հանրապետության հրապարակ էր գնացել` լսելու Բրեգովիչին, բայց պետք է նաեւ նկատել, որ ներկաների զգալի մասը նույնիսկ չէր ճանաչում Բրեգովիչին, հրապարակ էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու, նրա հետ շփվելու, սելֆիներ անելու համար:
Ավելին, երբ Փաշինյանն իր ելույթից հետո մտավ ժողովրդի մեջ եւ ողջունեց մարդկանց, այնպիսի տպավորություն էր, որ հենց նա է օրվա աստղը եւ ոչ Բրեգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ Բրեգովիչին Ամանորի գիշերը Երեւան հրավիրելու գաղափարը կոնկրետ ումն է եղել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հորդորեց մեզ դիմել Երեւանի քաղաքապետարան, քանի որ «քաղաքային միջոցառումներն իրենք են համակարգել»:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ նշեց. «Նախագիծը մշակվել է համատեղ. Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության եւ Կառավարության համատեղ քննարկումների արդյունքում է որոշվել ամբողջական նախագծին առնչվող ցանկացած հարց, այդ թվում եւ Բրեգովիչին հրավիրելու հարցը»: Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, Բրեգովիչին Երեւան հրավիրելու գաղափարը առաջինն ով է հայտնել, Վիրաբյանը կրկին պատասխանեց.«Բոլոր քննարկումները կատարվել են համատեղ»:
. Բայց բնական է, որ Բրեգովիչին Երեւան հրավիրելու գաղափարը առաջինը հայտնել է մեկը, հետո դրա արդյունքում ծավալվել են քննարկումներ: Ըստ մեր աղբյուրների՝ դա եղել է կա՛մ քաղաքապետ Հայկ Մարությանը, կա՛մ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ թե ինչու են քաղաքապետարանից խուսափում կոնկրետ անուն տալ, իսկապես հասկանալի չէ:
Գուցե վախենում են քննադատվելուց, թիրախավորվելուց. չէ՞ որ երեւանցիների մի ստվար զանգված անտեղի էր համարում Բրեգովիչին Երեւան հրավիրելը, այդքան հոնարար վճարելը: Ամեն դեպքում, քաղաքապետարանը պետք է որդեգրի առավել թափանցիկ քաղաքականություն:
Իսկ արդյոք հայ հանրության մեծամասնության համար անհայտ երգիչ-երգահանը կարողացա՞վ իսկապես օրը տոն դարձնել, եւ արդյոք նպատակահարմա՞ր էր Ամանորի գիշերը հենց նրան հրավիրել Երեւան: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այն համոզման է, որ ոչ:
Նրա կարծիքով՝ Բրեգովիչին եւ, առհասարակ, շատ այլ երգիչ, երաժիշտների, անշուշտ, կարելի է հրավիրել Երեւան, բայց Ամանորի գիշերը ճիշտ կլիներ, եթե Հանրապետության հրապարակից հնչեր մեր ազգային երաժշտությունը, երգն ու պարը. «Ամեն ազգ Ամանորը նշելու իր ավանդույթներն ունի: Սա մի տոն է, որի ժամանակ մենք վերադառնում ենք ինքներս մեզ, մեր արմատներին: Չեմ կարծում, որ, օրինակ, Իսրայելում Ամանորին հրապարակից կարող էր հայկական երաժշտություն հնչել: Կոմիտասը 8 պար է գրառել, դրանցից 2-ը մեր խումբը վերականգնել է: Մենք ունենք հզոր ազգային մշակույթ, որով կարող ենք ներկայանալ»,-մեկնաբանեց պարոն Գինոսյանը:
Արդարության համար պետք է նաեւ հավելենք, որ մշակույթի մի շարք գործիչներ էլ դրական գնահատեցին Բրեգովիչին Ամանորի գիշերը Երեւան հրավիրելու քայլը: Նրանք նշում էին, որ ռաբիսի մեջ թաթախված մեր ժողովրդին չէր խանգարի հարաբերվել նաեւ բարձր արվեստի հետ:
Աննա Բաբաջանյան