ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի օր խմած զապրավչիկը պատմեց ճիշտը». վարորդները՝ գազալցակայաններում տիրող վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գազալցակայանների կողմից սահմանած գները մտահոգում են վարորդներին: Տեւական ժամանակ է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց արեց մի քանի գազալցակայաններում եւ զրուցեց ե՛ւ վարորդների, ե՛ւ գազալցակայանների աշխատողների հետ:

Վարորդների մեծ մասը վերջին ամիսներին՝ մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս, պարզել է, որ սովորականից ավելի է վճարում: Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատել էր, որ իր մեքենայի 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելուց հետո արդեն երկու օր է` վճարում է 4300 կամ 4400 դրամ` նախկին 3600 դրամի դիմաց:

«Իմ մեքենայի գազաբալոնը 1.4 է, ես միշտ դատարկ բալոնը լցրել եմ, ու գինը կազմել է 3000-3300, հիմա այն կազմում է 3700-3800 դրամ, ու քիչ եմ քշում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց վարորդը:

Մեկ այլ վարորդ էլ վրդովվեց՝ նշելով. «Վճարն ավելացել է, մի լիցքավորման մեջ մոտավոր 1000 դրամ ավել եմ վճարում: 1.2 դատարկ գազաբալոնը լիցքավորելու համար վճարում եմ 3800 -4000 դրամ, նայած գազալցակայան՝ 200-300 դրամի տարբերություն է տալիս: Իսկ նախկինում՝ մեկ-երկու ամիս առաջ, դատարկ բալոնը լիցքավորելու ժամանակ վճարել եմ 3200-3300 դրամ»:

Սակայն գազալցակայանի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խնդիրը կապեց եղանակային ցուրտ պայմանների հետ եւ բացատրեց հետեւյալ կերպ. «Դա հնարավոր է եղանակի հետ կապված լինի, որովհետեւ գազի ջերմաստիճանը տատանումներ ունի, եւ ջերմաստիճանի բարձրացումից գումարի գինը բարձրանում է, իսկ քաշն ավելանում է»:

Մենք գազալցակայանի աշխատողին փոխանցեցինք վարորդների դժգոհությունները՝ կապված ճնշման հետ: Պարզվում է՝ գազալցակայաններ կան, որոտեղ հաշվիչի վրա ցույց են տալիս բարձր ճնշում, բայց, վարորդների համոզմամբ, իրենց խաբում են, այն իրականում ցածր է: «Մեր գազալցակայանում 200-ից ավել չենք լցնում, դա միջազգային ստանդարտներին է համապատասխանում:

Մենք 198-200-ից ավել ճնշումով գազ չենք լցնում, ով ուզում է լինի, նույնիսկ մեր բարեկամը կամ հայրիկս»,- արդարացավ գազալցակայանի աշխատողը:

Եւս մեկ խնդիր. վարորդներին անհանգստացնում է նաեւ այն, որ բնական սեղմված գազը տարբեր տեղեր տարբեր գին ունի. «Հետաքրքիր է, Երեւանում բնական սեղմված գազի մեկ կիլոգրամն արժե 300 դրամ, իսկ Արմավիր քաղաքում, որը մի քանի կիլոմետրով է հեռու Երեւանից, 255 դրամ է, ու մարդիկ լավ էլ լցնում են: Քաղաքից դուրս ես գալիս, որտեղ լինի, նորմալ լցնում են: Երեք ամիսներին ահավոր վիճակ է»:

Տեղեկացնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեւական ժամանակ է՝ ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս