Վիճաբանություն Նուբարաշենի հոգեբուժարանում. տնօրենն աթո՞ռ է նետել աշխատակցի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեեղեկացավ, որ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան):

Մեր տեղեկություններով, խորհրդակցության ժամանակ հոգեբուժարանի աշխատակից Վաղինակ Հովհաննիսյանի եւ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջեւ ընդհարում է տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների՝ բանը հասել է նրան, որ Խաչատրյանն աթոռ է նետել Հովհաննիսյանի վրա: Արդյունքում Վաղինակ Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է եւ բացատրություն է տալիս: ArmLur.am-ին հաջողվեց խոսել Վաղինակ Հովհաննիսյանի հետ. «Գիտեք ես հիմա ոստիկանությունում եմ, չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»:

ArmLur.am-ի հարցին՝ արդյոք իր վրա աթոռ են նետել, հարցին արձագանքեց. «Կներեք, այո: Ես չեմ կարող Ձեզ պատասխանել, շնորհակալ եմ, որ զանգել եք»:
Իսկ Սերգեյ Խաչատրյանը լսելով մեր հարցն զարմացավ. «Չէ, բացարձակ, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Անհիմն բաներ է ասում, դա իր գործն է: Ես հիմա չեմ կարող խոսել, զբաղված եմ»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վաղինակ Հովհաննիսյանին Նարեկ Վանեսյանի պաշտոնավարման ժամանակ ազատել էին աշխատանքից, սակայն դատարանի միջոցով Հովհաննիսյանը վերականգնվել է աշխատանքի:

Ըս մամուլի հրապարակումների՝ Վաղինակ Հովհաննիսյանի նկատմամբ դեռևս 2011թ. քրեական գործ էր հարուցվել՝ խարդախության մեղադրանքով: Հետագայում այդ գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է:

Հիշեցնենք՝ Նարեկ Վանեսյանն անցած տարվա հոկտեմբերին հրաժարական տվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարի (Նուբարաշենի հոգեբուժարանը) պաշտոնից: Ի դեպ, Վանեսյանի հրաժարականը հաջորդեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում պահվել է հիվանդ՝ իր կամքին հակառակ. «Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը, և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։ Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:

Նկատենք, որ Քննչական կոմիտեում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊ում (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս