«Ի՞նչ ասեմ, գիտեք, որ սաղ ֆեյքեր են». Նունե Եսայանը՝ կրկին թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նունե Եսայանի դեմ համացանցային տիրույթում կրկին արշավ է սկսվել: Մի շարք խմբեր եւ օգտատերեր (դրանց մի մասը՝ ֆեյք) կոչ են անում բոյկոտել, իրենց ձեւակերպմամբ՝ «Նունե Եսայանի՝ փետրվարի 8-ին Ֆրանսիայում կայանալիք մենահամերգը»: Նրանք պատճառաբանում են՝ Նունե Եսայանը այն արտիստն է, որը կոչ է արել փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ուստի պետք է ազգովի բոյկոտել նրա եւ Քոչարյանի մյուս աջակից արտիստների համերգները:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Նունե Եսայանի հետ: Նա նախ պարզաբանեց, որ փետրվարի 8-ին Ֆրանսիայում մենահամերգ չունի, փոխարենը մասնակցելու է «Աստղիկ» պարախմբի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում կատարելու է մի քանի երգ. «Ինձ հրավիրել են, քանի որ իմ 7-8 երգի ներքո պարեր են բեմադրել, այդքանը»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում նման շահարկումներին, տիկին Եսայանը պատասխանեց. «Եկեք է՛լ չխոսեմ, իմ վերջին հարցազրույցի ժամանակ արդեն ասել եմ, որ այլեւս չեմ խոսելու, ոչինչ չեմ ասելու: Ի՞նչ ասեմ, գիտեք, որ սաղ ֆեյքեր են…Ես գնալու եմ այդ համերգին, ով ինչ ուզում է, գրի: Հիմա միայն գործ եմ անելու, աշխատելու եմ, ոչ մի բան չեմ ասելու, իմ արվեստով եմ ներկայանալու»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք դաշնակներն են իրեն հրավիրել այդ համերգին. «Դե դա Կապույտ խաչն է կազմակերպում, իրենց մի ճյուղն է, այո»:

Նշենք, որ խոսքը Կապույտ խաչի՝ «Հայ օգնության միության» (ՀՕՄ) հիմնադրմանին նվիրված երեկույթի մասին է: Այդ միությունը հիմնադրել են դաշնակցականները:

Հավելենք, որ վերջերս հանրության թիրախում նմանատիպ կերպով հայտնվեց նաեւ երգիչ Էրիկ Կարապետյանը: Սփյուռքից որոշ օգտատերեր տարածեցին հայտարարություն այն մասին, թե, իբր, Լոս Անջելեսում չեղարկվել, բոյկոտվել է Էրիկ Կարապետյանի համերգը, քանի որ նա եւս ստորագրել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Այնինչ երգիչն ավելի ուշ տարածեց հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ-ում համերգ նախատեսված չի էլ եղել, եւ հորդորեց իր անունը չշահարկել որեւէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվություն տարածելիս: Ավելի վաղ նա նաեւ պնդել էր, որ չի ստորագրել այն հայտարարության տակ, որով տասնյակ հայտնի արտիստներ կոչ էին անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս