ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ քայլ»-ն ակտիվանում է. պատգամավորները կհանդիպեն ոստիկանապետի պաշտոնակատարին ու ԱԳ նախարարին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները: Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ իմքայլականների միջեւ:

Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ: Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամների հանդիպման հանգամանքը: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ օրենսդիր մարմնի համար», – նշեց նա:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս