Հակաբիոտիկների վաճառքի ծավալները կտրուկ ավելացել են. քանի գրիպով հիվանդ կա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին քաղաքացիների շրջանում անհանգստության ալիք է սկսել։ Պատճառը՝ Երևանում վիրուսային գրիպի համաճարակն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեղատների աշխատողները պատմեցին, որ հակաբիոտների վաճառքի ծավալներն են կտրուկ ավելացել. մարդիկ գրիպի դեմ պայքարելու համար ակտիվորեն տուփերով հակաբիոտիկներ են գնում։ Ի դեպ, սրան զուգահեռ, հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն են մարդկանցով լեցուն։

Հիվանդությունը ուղեկցվում է ուժեղ ջերմությամբ, հազով, հարբուխով: ArmLur.am-ը այս խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան փոխանցեցին, որ այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 649 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Պարզվում է, որ Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Ըստ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց:

Նրա խոսքով, Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 32 հիվանդ (նախորդ տարվա 49-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները: «Հոսպիտալացվածների շրջանում արհեստական շնչառական ապարատի տակ գտնվող հետգրիպային բարդություններով պայմանավորված հիվանդներ չկան: Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին»,- փոխանցեց Ալինա Նիկողոսյանը։

Ի դեպ, առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե’ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համանունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային, լվացեք և ախտահանե’ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս։

Ս.Հ




Լրահոս