ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում եւ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատի նաեւ Ազգային ժողովը:
Բանն այն է, որ 2003 թվականի ապրիլի 11-ի փոփոխությամբ իրավասությունը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, որից հետո, պատգամավորի խոսքով, պետության կողմից պահպանվող հուշարձաններից շատերը, մասնավորապես՝ մայրաքաղաքում, քաղաքաշինական նպատակներով քանդվել են, բնակիչները տարհանվել են, եւ կառուցվել են տարբեր «էլիտար» բարձրահարկ շենքեր:
Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է. «Հաշվի առնելով 2015թ սահմանադրական բարփոխումներով պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ այլեւս խորհրդարանական երկիր է, այսկերպ եւս մեկ լիազորություն կբերենք խորհրդարանական վերահսկողության դաշտ»:
Նաեւ պատգամավորը նախաձեռնությանը կցել է պետության կողմից պահպանման ենթակա այն հուշարձանների ցանկը, որոնք օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո քանդվել են, օտարվել կամ ապամոնտաժվել:
Որպես օրինակ նա նշել է «Սպայի տունը», նախկին Պետդումայի շենքը Շահումյան հրապարակում, «Աֆրիկյանների տունը» Տերյան փողոցում, Գիտությունների ազգային ակադեմիայի հին շենքը (Լեզվի ինստիտուտի) Սայաթ Նովայի փողոցում, բազմաթիվ շենքեր Աբովյան, Հանրապետության, Արամի փողոցներում: