ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք էր քայլ անել. ինչու ղեկավարները մոռացան Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, որը, չգիտես ինչու, չշնորհավորեցին հայրենի իշխանությունների առաջնորդները՝ ՀՀ վարչապետից մինչեւ Ազգային Ժողովի նախագահ:

ՀՀ առաջին նախագահին իր ծննդյան առիթով իր շնորհավորական ուղերձն էր հղել միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման եւ կայացման ակունքներում:

Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման գործում: Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը եւ բարձրարժեք աշխատությունները»,- իր բարեմաղթանքում նշել էր Արմեն Սարգսյանը:

Սակայն սա միակ բարեմաղթանքն էր, որը հայաստանյան պաշտոնյաներից ստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը, համաձայնեք, վատ նախադեպ է այն առումով, որ չնայած հանգամանքին՝ ներկայիս իշխանություններն ու նախորդները տարբեր քաղաքական գծեր են ունեցել, բայց նման շնորհավորանքները խիստ անհրաժեշտ են պետական ինստիտուտների կայացման ու պահպանման համար: Ի վերջո, եթե ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ ՀՀ նախագահը պահպանեն նման տարրական կանոնները, ապա դրանք միայն օգնելու են Հայաստանին իր կայացման գործում:

Նկատենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ծննդյան օրերին արհամարհեց ու գոնե պաշտոնական գրությամբ չշնորհավորեց:

Փոխարենը Ռ. Քոչարյանին իր ծննդյան օրը շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչն արդեն նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, չնայած իրենց անհամաձայնություններին, պետք է կարողանային հանուն իրենց երկրի իմիջի պահպանել այդ պաշտոնական արարողակարգը: Ու եթե երեք նախագահների դեպքում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրենց շնորհավորական ուղերձը հղեին, դա որեւէ մեկին չէր հիասթափեցնի, կամ որևէ մեկը չէր համարի, որնոր իշխանությունները քաղաքական այլ դիրքորոշում ունեն:

Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մամուլի պատասխանատուներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը նրանք չշնորհավորեցին: Մեր բոլոր հեռախոսազանգերը, հաղորդագրություններն այդպես էլ մնացին անպատասխան:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս