Կառույցները, որոնցով կարելի է հպարտանալ, աջ ու ձախ ոչնչացնում ենք. ճարտարապետը՝ հրապարակի տակ գտնվող պատմական շերտը բացելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկվեն 2020-ին. հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- նշել է նա: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկվում է մասնագետների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:

-Պարո՛ն Քալաշյան, հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը որքանո՞վ եք նպատակահարմար համարում:

-Ես անձամբ դեմ եմ այդ նախագծին: Եթե կառավարությունը միջոցներունի, թող ուշադրություն դարձնի կանգուն հուշարձաններին, այդ թվում՝ սեփականաշնորհվածներին. դրանք ամեն րոպե կարող են քանդվել, այդ կառույցները տեր-տիրական չունեն: Սեփականատերը չքանդելու համար համապատասխան գիտակցություն չունի, կառավարությունն էլ՝ համապատասխան լծակներ: ԿԳՄՍ նախարարությունը նախ պետք է վերանայեր օրենսդրական դաշտը եւ ապահովեր հուշարձան-շենքերի պահպանումը: Օրենքն ամրագրում է, որ ցանկացած հուշարձան-շենքի սեփականատեր պարտավորագիր պետք է կնքի պետության հետ: Քանի՞ հուշարձանի դեպքում է կնքվել այս պարտավորագիրը: Տասնյակ հազարավոր հուշարձաններից հարյուրի դեպքում է կնքվել պարտավորագիր, այն էլ՝ գրեթե բոլորը եկեղեցական կառույցներ են: Եթե պարտավորագիր չիկնքվում, սեփականատերը շահագրգռված չէ այն պահպանել:

-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը հրատապ հարց չէր:

-Ոչ: Մենք հուշարձանների պահպանության հարց ունենք, դա Էրեբունին չէ… Ի վերջո, հին շենքերի նկուղային հարկեր են գետնի տակ, դրանք նույն արժեքն ունեն, ինչ մի շարք երեւանյան հին շենքեր, որոնք աջ ու ձախ քանդում ենք: Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ շենքերը քանդում ենք՝ համարելով, որ արժեք չունեն, իսկ գետնի տակ մնացած շենքերը, որոնց միայն նկուղներն են մնացել, պետք է բացենք ու ցուցադրենք: Եթե այդքան շատ եք ուզում Հին Երեւան ցուցադրել, Կոնդը վերականգնեք, ցուցադրեք, տեսնենք՝ ցուցադրելի է, թե ոչ….

-Շատ է խոսվում այն մասին, որ, օրինակ, Հռոմումգետնի տակից ի հայտ բերված հին կառույցները զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում…

-Ես Հռոմում տեսել եմ այդ կառույցները, բայց դրանք հազարամյակների պատմություն ունեցողշինություններ են: Հրապարակի տակ հպարտանալու առիթ տվող կառույցները չեն, որ ի ցույց դնենք: Այն կառույցները, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ, մենք աջ ու ձախ ոչնչացնում ենք: Սրա մասին է խոսքը…

-Ի՞նչ եք կարծում, այս հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն կա՞:

-Պարտադիր, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի հանրային մեծ քննարկումների արդյունքում. սա միայն մասնագիտական հարց չէ: Հրապարակը հանրապետական է եւ որոշակի ռեժիմունի, որըչպետք է խախտվի: Եթե այլ հրապարակի մասին լիներխոսքը,ուրիշ բան, բայց գործունենք Հանրապետության հրապարակի հետ: Ես զերծ կմնայի այդ նախաձեռնությունից: Պատմական շերտի բացումը կարող է տրանսպորտային խնդիրներ առաջ բերել քաղաքում, հրապարակի հարակից տարածքում երթեւեկությունը կարող է կաթվածահար լինել: Որքանով հասկացա, մասսայական կերպովպետք է քանդեն տարածքը: Պատմական շերտի բացման մասին ես վաղուց էի մտածել, բայց կարծում էի, որ կարելի է ստորգետնյա ցուցադրություն կազմակերպել, ոչ թե ապակի դնել վերեւից նայելու համար: Պատրա՞ստ է արդյոք ժողովուրդը, որիր հրապարակը նման տեսք ունենա.սա պետք է պարզել: Հակառակ դեպքում վաղը կարող են քարկոծել:

Հավելենք, որ 2003-ին՝ Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ, շինարարները հանդիպել էին պատնեշի, հրավիրվել էին հնագետներ: Պարզվել էր, որ ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:

Աննա Բաբաջանյան




Լրահոս