Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Armtimes.com–ի այսօրվա հոդվածին՝ նշելով, որ հրապարակման մեջ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են։ Գրառման մեջ ասվում է.
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:
Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:
Պատիվ ունեմ:
Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:
Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, հատկապես Աննա Հակոբյանի և Մարյամ Փաշինյանի դեմ հակաքարոզչությունն իրականացվում է Վանեցյանի ջանքերով: Իր հերթին Մարյամ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել էր.Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում 🙂
Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:
Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր:
Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ:
Պարզվում է, որ մեր ընտանիքի դեմ մղված մեդիա արշավների և սուտ լուրերի համակարգողը հենց Վանեցյանն է: Սա է դավադրությունը: Ու նույնիսկ կա ավելի մեծ դավադրության հավանականություն. հնարավոր է, որ նա համակարգել է սուտ լուրերի ստեղծման և տարածման աշխատանքները հենց ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: