ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչուհի Բասենցը՝ Սլովակիայում “Օպերային պարահանդեսի” միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային օպերայի հայ աստղերը զարմացնում են իրենց անհավատալի դրամատիկ ձայնով և տեմբրով ու կատարման անհավատալի մեծ տաղանդով։ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր սլովակ գործընկերների հետ հիմնել է մի գործակալություն, որի հիմնական նպատակը հայ տաղանդավոր երաժիշտներին ու անձնակազմներին սատարելն է։

Նորաստեղծ «Ասարտ» (Asart-Armenian-Slovakian art) գործակալության մասնագիտական խորհուրդը հավաքագրել է մոտ երկու տասնյակ գերաստղերի և զբաղվում է նրանց համար լրացուցիչ համերգների կազմակերպմամբ ու գովազդով։ Այս գործը սովորաբար նման հրաշալի կատարողներ ունեցող երկրներում կատարում են մշակույթի նախարարություններն ու պետության ղեկավարները։ Օրինակ՝ հարևան Ադրբեջանի՝ կարգով ցածր օպերային երգիչները գործում են նախագահ Ալիևի ֆինանսական և դիվանագիտական սատարման միջոցով։

«Ասարտն» արդեն պայմանավորվել է դարի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, խոշորագույն թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, ֆիլհարմոնիկ նվագախմբի և նրա ղեկավար Էդուարդ Թոփչյանի և տարբեր խոշորագույն օպերաներում գործող եզակի երգիչ- երգչուհիների համաստեղության հետ։ Անցյալ աշնանն արդեն Բրատիսլավայից համաշխարհային հռչակ վայելող երաժշտական «BHS» (Բրատիսլավայի երաժշտական փառատոն) փառատոնում ելույթ ունեցան հայտնի մեցցոսոպրանո Ստելա Գրիգորյանը,(Ավստրիա) և հանճարեղ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա)։

Հաջորդ խոշոր միջոցառումը, որը կազմակերպել էր «Ասարտը»՝ համաշխարհային հռչակ վայելող դրամատիկ սոպրանո Հրաչուհի Բասենցի ելույթն էր Սլովակիայի ամենախոշոր և հայտնի “Օպերային պարահանդեսի” միջոցառմանը։

Այն տեղի ունեցավ երեկ՝ հունվարի 11-ին, Սլովակիայի Ազգային թատրոնի շենքում 20-անգամ, որին ներկա էին քաղաքական, գիտության, հասարակական, բժշկության, կրթության և սպորտի բնագավառների հարյուրավոր հայտնի հյուրեր։ Պարահանդեսը ներկայումս Սլովակիայում իր տեսակի մեջ ամենամեծ բարեգործական հասարակական միջոցառումն է։ Այս անգամ ստացված հասույթը կուղղվի Սլովակայում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթությանն աջակցելու ծրագրերի իրականացմանը:

Հունվարի 13-ին՝ երկուշաբթի, մեր գերաստղը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի «Քովընդգարդեն» Ռոյալ օպերային թատրոնում, որը պատիվ է երկրագնդի ցանկացած երաժշտի համար։ Բասենցի անկրկնելի կատարումը «Տրավիատա» օպերայում համարվում է այսօրվա լավագույն կատարումներից մեկը։

Մաղթում ենք նորանոր հաջողություններ «Ասարտին» և մեծանուն երգչուհի Հրաչուհի Բասենցին իրենց համագործակցության ասպարեզում, որը աշխարհին ներկայացնում է հայ մշակույթն իր հզորությամբ զարմացնող հսկայական ծավալներով։

 




Լրահոս