Այսօր Եղվարդի ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։
«Մեկ տարվա ընթացքում բուժհաստատությունում գրանցված ծնունդների թիվը 17-ով բարձրացել է, վերջին ցուցանիշով ծնունդների թիվը 139 է եղել, իսկ հերթապահությունը նորմալ է իրականացվել»: Այս մասին հայտնեց աշխատակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Առողջապահության նման որոշումները մեկնաբանվում են այնպես, որ մարզերում պայմանները լավը չեն, սակայն Եղվարդում լավ բժիշկներ կան, որոնց հարգել է պետք։
«Ծննդատուն փակելը սխալ է, շատերը տանը կծննդաբերեն։ Որոշում կայացնելուց առաջ թող գլուխները մի հատ թափ տան, հասկանան, նոր թուղթ ստորագրեն։ Ժողովրդի կարծիքը հաշվի առեք, երբ պետք է, ժողովրդին են դիմում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են խումբ ձևավորել և հանդիպել քաղաքապետի, մարզպետի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։