Ո՞վ էր բարկացրել Նիկոլ Փաշինյանին. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՔՊ նիստի և այսօրվա խնջույքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որեւէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տեւել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տեւել, ապա այս անգամ տեւել է 2.5 ժամից մի քիչ ավել:

Նիստի մասին ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ հարցեր եք քննարկել երեկ նիստի ընթացքում:

-Քննարկվել են կուսակցաշինական հարցեր:

-Տեղեկություններ կան, որ անդրադարձ է կատարվել Արթուր Վանեցյանի կալանքի հարցին:

-Որևէ նման հարց չի քննարկվել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ իր հարցազրույցներից մեկում ասել է, թե  Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել: Ի՞նչ պետական հեղաշրջման փորձ է արել Արթուր Վանեցյանը:

-Ես չեմ ուզում մեկնաբանել Ձեր այդ հարցը և չեմ ուզում որևէ դիտարկում տալ: Ինքս ելնելով նաև իմ կարգավիճակից՝ նախկին ԱԱԾ տնօրենի գործունեության հետ կապված, որևէ գնահատական չէի ցանկանա հնչեցնել:

Նիկոլ Փաշինյանը վարչության նիստից հետո ինչո՞ւ էր բարկացած: Ո՞վ էր նրան բարկացրել:

-Ես նման միտում պարոն Փաշինյանի մոտ չեմ նկատել, նիստը շատ արդյունավետ, կառուցողական և ադեկվատ պայմաններում է անցել:

– Նիկոլ Փաշինյանը նաև  ասել է , որ շուտ-շուտ պետք է հավաքվել, ի՞նչ կա շուտ-շուտ քննարկելու:

-Ես նման բամբասանքների չեմ պատասխանի, և ասելու էլ ոչինչ չկա:

Պարո՛ն Պետրոսյան, Ի՞նչ առիթով է պայմանավորված Ձեր այսօրվա խնջույքը «Դվին» ռեստորանում:

-Սա մեր կուսակցության, այսպես ասած, տոնական խնջույքն է, որը ընկերային միջավայրում կանցկացվի: Յուրաքանչյուրս հանգանակելով որոշակի  գումար մեր անձնական միջոցներից՝ այսօր ցանկանում ենք մեր կուսակցությունով պարզապես երեկոյան կազմակերպել խնջույք միմյանց հետ շփվել ոչ ֆորմալ պայմաններում, որը շատ լավ, թափանցիկ քայլ է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս