Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ արած հայտարարությունները կոռուպցիայի մասին։
Նա նաև անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանի բիզնեսների մասին իր հայտարարությանն ու վերջինիս կողմից իրեն դատի տալու մասին հաղորդագրությանը։
«Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, էդ էլ նույն ձևի, նույն նշանակությամբ՝ կոռուպցիա է…», «Ձեզ թվում ա՝ կոռուպցիան տենց պոզով-պոչով մեծ կենդանի՞ ա։ Է´ս ա կոռուպցիան…», «Լա´վ, ինքը ասում ա՝ ինձ չի պատկանում էդ (ընկերությունը), հորեղբորս որդո´ւն ա պատկանում…»,- սրանք 2014 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնեսների մասին։
2019 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր կողմից 2019 թվականի գարնանը հիմնադրված ու ծաղկող բիզնեսը, որի մասին ամենայն ինքնավստահությամբ հայտարարել է Ավետիք Էլոյանը Հ1-ի եթերում՝ «Բացարձակ սուտ ա, ես ոչ մի բանի սեփականատեր չեմ, իրականում ինքը ակնարկում ա երևի եղբորս, որը նույնպես ճարտարապետ ա…», «Եղբայրս ունի կազմակերպություն, որի մասին, ենթադրում եմ, որ ինքը խոսում ա…:
Ինչպես և նախկինում, սիրով դատական պրոցեսում կբացահայտեմ Էլոյանների ընտանեկան բիզնեսի «արկածները»։ Ավելին, դրան կմիանան ոստիկանության իրականացրած կիսատ-պռատ քննության ժամանակ թույլ տրված բացերն ու նոր բացահայտումները։
Իսկ մինչ այդ, իշխանությանն առաջարկում եմ իրոք հասկանալ, թե ո՞րն է այն թանկ գինը, որը նա վճարում է Ավետիք Էլոյանի համար, և որին, եթե չեմ սխալվում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնից ժամանակին հեռացրել են աշխատանքները տապալելու համար։ Ու նաև ո՞րն է այն գինը, որը ողջ մասնագիտական հանրույթին թույլ է տալիս եզրակացնել, որ ճարտարապետ-չինովնիկների կոռուպցիան հանդուրժվելու է ներկա իշխանությունների կողմից։