Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը բարի համբավ է վայելում։ Այնտեղ ծննդօգնության խնդրով դիմում են ոչ միայն Իջեւանի տարածաշրջանի, այլեւ Նոյեմբերյանի, Բերդի, Ալավերդու տարածքներից հղիներ։ Առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հմուտ բժշկի համարում ունի։ Առողջության կենտրոնի աշխատակիցները հունվարի 11-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումից են տեղեկացել, որ այս տարի դադարեցվել է իրենց ծննդատան պետական ֆինանսավորումը, այսինքն՝ ծննդատունը փակվելու է։ Ծննդատան փակման լուրն իմանալով՝ հունվարի 12-ին աչաջրեցիները վրդովված հավաքվել են գյուղիկենտրոնում։ 300 աչաջրեցիների գրավոր պահանջով կայացել է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը որոշում է ընդունել Աչաջրում կայացած հանրային քննարկման եզրակացությունը ներկայացնել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին, Տավուշի մարզպետին։
Ծննդատան փակվելը Առողջապահության նախարարությունը պատճառաբանում է ծննդօգնության բարելավման նպատակով արվող կենտրոնացումով։ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իրենք մասնագետների պակաս չունեն, միայն անեսթեզոլոգ՝ «նարկոզ տվող» բժիշկ չունեն։
Նա ասաց, որ ծննդատան փակվելու դեպքում Աչաջրի առողջության կենտրոնի 27 աշխատակիցներից 10-ը կզրկվեն աշխատանքից, այդ դեպքում ինքն էլ կազատվի աշխատանքից, քանզի իմաստ չի տեսնում միայն տնօրեն աշխատելու, քանի որ գործող բժիշկ է։ Կ. Վարդապետյանը հայտնեց, որ ինքը չի խառնվում ընդդեմ ծննդատան փակման բնակիչների բողոքի գործողություններին։ Նա հայտնեց, որ ամեն տարի իրենք 160-190 ծնունդ են ունենում, անցյալ տարվա սկզբին խոսակցություններ տարածվեցին, որ ծննդատունը փակվում է, այդ լուրերի պատճառով տարեսկզին քիչ ծնունդ ունեցան, 2019-ին Աչաջրի ծննդատանը եղել է 80 ծնունդ։
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հունվարի 13-ին՝ օրվա ընթացքում, խնդրի քննարկում է նախատեսված Տավուշի մարզպետարանում, հիմնահարցի քննարկմանը կմասնակցեն Տավուշի մարզպետը, Աչաջուր, Դիտավան, Ակնաղբյուր եւ այլ համայնքների ղեկավարներ, Աչաջրի առղջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը։ Աչաջրի համայնքապետն ասաց, որ չգիտի, թե խնդրին ինչպիսի լուծում կտրվի ի վերջո։
Ոսկան Սարգսյան
Տավուշ