Խոսակցությունը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը. ինչ են քննարկել ԼՀԿ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկիր խմբակցություն էր հրավիրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որիհետ հանդիպումը տեւեց 3 ժամից ավելի: «Ժողովուրդ»օրաթերթը պարզեց, որ ընդդիմադիր 17 հոգուց բաղկացած պատգամավորներից մոտ 14-ը հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Պաշտպանության նախարարության գործունեությանը:

Հանդիպում-քննարկումը անցել է շատ ջերմ մթնոլորտում, ու, կարելի է ասել, նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին:

Ի դեպ, նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 13-ի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից:Իսկ երեկվա հանդիպումից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց.«ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաեւ ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որնիստիհենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ պայմանավորված երկրի անվտանգությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ երկու կողմն էլ հայտարարել են, որ իրենց խոսակցությունը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը հստակ կներկայացնի այն իրավիճակը, որն այսօր առկա է հայկական բանակում:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց մանրամասներ պարզել լուսավորականների եւ նախարարի հանդիպումից, որի վերաբերյալ հրապարակում ենք այն հատվածը, որը չի վնասի ՀՀ անվտանգությանը: Նախ՝ մեր տեղեկություններով՝ լուսավորականները նախարարից փորձել են պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանին, արդյոք լարվա՞ճ իրավիճակ է: Նախարարը պատասխանել է, որ այս պահին ամեն ինչ նորմալ է ու գտնվում է իրենց անմիջական վերահսկողության տակ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենաակտիվ հարցերը նախարարին ուղղել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը շատ մանրամասների է տիրապետում բանակում տիրող բարքերի մասին,ու հորդորել է նախարարին ամեն ինչ անել այդ բարքերը վերացնելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարուքյանը խոսել է նաեւ այն քրեական գործերից, որոնք կապված են զինվորների հետ, ու որոնք այժմ քննության փուլում են գտնվում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ լուսավորական երիտասարդ պատգամավորների հիմնական թեման եղել է բանակում զինվորների ուտելիքի որակի, նոր ճաշարանների ստեղծմանու սահմանին զինվորների հագուստի հարցի լուծման խնդիրը: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները հայտարարել են, որ իրենք տոնական օրերին եղել են տարբեր զորամասերում ու պարզել են, որ կան շատ զորամասեր, որտեղ շարունակում են զինվորին վատ կերակրել: Ի պատասխան՝ նախարար Տոնոյանն ասել է, որ այդ հարցը իրենց համար առանցքային է, ու իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այն նորսիստեմը, որն այժմ ներդրվում է բանակում ճաշարանների մասով, առաջիկայում գործի գրեթե բոլոր զորամասերում:

Այնուհետեւ լուսավորական պատգամավորները խոսել են այն փոփոխությունների մասին, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարությունում: Ներկայացրել են ընդհանուր իրենց դիրքորոշումը այդ փոփոխությունների վերաբերյալ: Տոնոյանը լսել է գրեթե բոլոր պատգամավորների տեսակետներնու հայտնել, որ դրանք իրենք հաշվի կառնեն:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպմանը, ապա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն եւս անցել է շատ ջերմ մթնոլորտում: Լուսավորականները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»:

Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորները փորձել են հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի ոստիկանապետը բալային համակարգի ներդրման վերաբերյալ, քանի որ այն, կարծես թե, հանրության կողմից այդքան էլ չի ընդունվել: Ոստիկանապետն էլ հայտարարել է, որիրենք ամեն ինչ անում են, որպեսզի այն ընդունվի հանրության կողմից:

Անդրադարձել են նաեւ համակարգում առկա խնդիրներին, ու պատգամավորները հորդորել են ոստիկանապետին ավելի ակտիվ գործունեություն ծավալել, որպեսզի ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացվի:

Թե առաջիկայում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրավապահ համակարգի որղեկավարի հետ հանդիպում կունենա, դեռեւս հստակ չէ, քանի որ նպատակ կա հանդիպել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս