Եվրոպայում զարգանում է մի հզոր սկանդալ՝ կապված SemperOperaball-ում կայանալիք փետրվարի միջացառման հետ, որին հրավիրված էին մասնակցելու սոպրանո Ռուզաննա Մանթաշյանն ու ադրբեջանցի տենոր Յոսուֆ Այվազովը։ Ինչպես հայտնի է՝ Յուսուֆ Այվազովը զարդուղի ճանապարհներով կարողացել է հասնել նրան, որ Զեմպերօպերայի բալի կազմակերպիչ՝ գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյը կկասեցնի հայուհու մասնակցությունը միջոցառմանը, որի հիմքում ընկած է ադրբեջանցու այն հայտարարությունը, որ հայի հետ նա չի պատրաստվում ելույթ ունենալ։
Յուսուֆ Այվազովը աչքի է ընկել իր ազգայնամոլական բնույթի քայլերով, երբ նա բազմիցս փորձել է տարածել կեղծիք՝ կապված Խոջալուի ողբերգության և արցախյան հարցի շուրջ։ Այս հերթական ազերական ազգայնամոլական քայլը, կարծես թե շատ թանկ է նստելու նրա վրա, որի պատճառով այս, ասյպես կոչված՝ արտիստը ստիպված է եղել վախի ազդեցության տակ փոխել իր հայտարարությունը և կեղծել կատարվածը։ Նա իր հովանավորների հետ ամենայն հավանականությամբ նավթադոլլարների օգնությամբ կարողացել է գեղարվեստական ղեկավար պրն․ Ֆրեյին խնդրել ու համոզել, որ վերջինս հայտարարի, թե իբրև հայուհուն նրանք երբեք չէին հրավիրել։
Եվրոպայի հայկական ֆորումի նախագահությունը, ուսումնասիրելով կատարված միջադեպը, եկել է այն եզրահանգման, որ սրբության սրբոց հանդիսացող մեծագույն արվեստը սրբապղծելու այս քայլը պիտի դատապարտվի և պիտի կասեցվի Յուսուֆի նման արվեստագետների մասնակցությունը քաղաքական արկածախնդրություններում։ ԵՀՄՖ նախագահ և «Ասարթ» գործակալության համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը սկսել է ծավալուն պայքար՝ կատարվածը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Որպես առաջին քայլ՝ ԵՀՄՖ-ն ուղղել է իր դիմում-բողոքը Զեմպերօպերաբալի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոխահիմ Ֆրեյին՝ պահանջելով անհապաղ բավարար բացատրություն և պատասխան, որից կախված կլինի այդ կազմակերպության՝ Եվրոպայում ունեցած բարի անվան ապագան։
Ստորև ներկայացնում ենք այդ դիմումի հայերեն թարգմանությունը։
Մեծարգո պրն․ Հանս-Յոհախիմ Ֆրեյ,
Թույլ տվեք Ձեզ ուղղել իմ մեծ անհանգստությունը և խիստ բողոքը՝ կապված միջազգային բարձրագույն ռեյտինգ և հազվագյուտ մակարդակ ունեցող հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի ԶեմպերՕպերաբալին նախապես ծրագրված մասնակցության շուրջ, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսնաում եք անձամբ դուք։ Իմ մեծագույն հիասթափությունը և զայրույթի ալիքը հիմնված են մի շարք ակնհայտ փաստերի վրա, որոնք ծնվել են նաև իրավիճակի վերաբերյալ Ձեր տված բացատրությունների անհամարժեքության շնորհիվ։
Հիմնական փաստն այն է, որ Դուք վերոհիշյալ հայ արվեստագետին հրավիրել եք մասնակցելու միջոցառմանը, որի վերաբերյալ կան վկայություններ ԶԼՄ-ներում, ընդհուպ նաև՝ Ձեր մասնակցությամբ հարցազրույցներում։ Փաստ է նաև այն, որ Ձեր կողմից հրավիրվել էր նաև մեկ այլ երգիչ՝ ԱՄՆ-ից, որը պետք էր համատեղ աշխատեր տիկին Մանթաշյանի հետ։ Փաստ է այն, որ տվյալ արտիստի փոխարինումը պրն․ Յուսուֆ Այվազովով՝ հանգեցրեց միջոցառմանը Ռուզաննա Մանթաշյանի մասնակցության կասեցմանը։
Հանրության մեջ տարածվեցին լուրեր, որ սա կատարվել է ադրբեջանցի տենորի անձնական դիմումի հետևանքով, որը չի ցանկացել երգել հայուհի արվեստագետի հետ նույն բեմում։ Զարգացող սկանդալի կասեցման համար Դուք, ցավոք, ոչ մի համարժեք և արհեստավարժ քայլ չեք արել և ընդունելի փաստարկներ ու բացատրություններ չեք ներկայացրել։ Միջոցառման միջազգային պրոֆիլի շուրջ և պրն․ Այվազովի անձի տոլերանդության վերաբերյալ ընդհանուր հավաստումները նույնքան թույլ և ոչինչ չասող փաստեր են, որքան Ձեր անհեթեթ հայտարարությունը՝ գոյություն չունեցող պայմանագրի վերաբերյալ։
Երկկողմանի հավաստիքները համատեղ համագործակցության շուրջ, ինչպես գիտենք՝ ոչ միայն բարոյական, այլև իրավական արժեք են ներկայացնում և արվեստի աշխարհում հանդիսանում են էթիկայի և արհեստավարժ գործելու հիմք։ Պայմանագրերը միշտ ստորագրվում են վերջում՝ հաստատելով այն, ինչ կողմերը նախապես պայմանավորվել էին։ Ձեր այսօրվա հայտնած դիրքորոշման մեջ չկա ոչ մի խելամիտ բացատրություն՝ ինչու եք ետ կանգնում համագործակցությունից։ Ես հասկացա այնպես, որ գոյություն չունի այլ բացատրություն, քան այն իրական փաստը, որը տարածվեց հասարակության մեջ և ստեղծեց Ձեր և Ձեր միջոցառման համար խիստ տգեղ պատկեր, ինչն էլ կհանդիսանա Ձեր այցետոմսը ողջ Եվրոպայում։ Համանման իրավիճակներում ծնվում են կասկածներ նաև ապագայում ձեր կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների շուրջ։ Ձեր նմանատիպ որոշումից հետո տարածվում են ամեն տիպի կասկածներ նաև տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայի, ինչպես նաև կոնկրետ Ձեր անձի կողմից մշակույթի և էթնիկական արժեքների պահպանման հարցում որոշակի խնդրահարույց քայլերի վերաբերյալ․ նման միջադեպերը կհանդիսանան խոչընդոտ մշակութային կյանքի զարգացմանը։
Իրավիճակը չափազանց բարդ է, և պահանջում է հիմնավորված պարզաբանումներ և հետևանքների լրջագույն գիտակցում։ Նման հարցերում անլրջությունը Եվրոպայում արդեն տվել է հսկայական զոհեր։
Ճշմարտության և արդարության կայացման ակնկալիքներով՝
Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան