Մարզպետները ֆինանսավորումը վերցրին իրենց ուսերին. ո՞ւր կորավ կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ` 2020 թվականից դադարեցվել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի, եւ եւս 6 ծննդատների ֆինանսավորումը: Նախարարությունն այս փորձով որոշել է կանխարգելել մայրական ու մանկական մահացությունները։ Ի նշան բողոքի` արդեն մի քանի օր է, ինչ այդ համայնքների բուժկենտրոնների աշխատողները բողոքի ակցիա են անում՝ փակելով ճանապարհները:

Մարզային բուժկենտրոնների հետ պետպատվեր չկնքելու որոշումը առողջապահության նախարարինն է: Նրա խոսքով` բուժկենտրոնները չեն համապատասխանում սահմանված կարգերին. չունեն վիրահատարաններ, անեսթեզոլոգներ, ինտենսիվ թերապիա: Բայց, մյուս կողմից, նախարարն առաջարկում է հղիներին տեղափոխվել մասնագիտացված կենտրոններ, որոնք գտնվում են 15-20 կմ հեռավորության վրա,անգամ ժամային գրաֆիկն է գծել: Արդյոք այդ քաղաքային բուժկենտրոնները, որոնց նախարարն առաջարկում է դիմել, ծանրաբեռնված չե՞ն եւ պատրա՞ստ են սպասարկել. սա արդեն ցույց կտա ժամանակը:

Բայց երեկ, հակառակ նախարարի որոշմանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում «Նաիրի» բուժկենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է եւ շարունակելու է գործել, եւ սա քաղաքական որոշում է:

Մարզպետի այս հայտարարությունից հետո նախարարը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդի թվերը միակն են, որոնք ամենամոտիկն են նախարարության սահմանած 150 ծննդի թվին. «Եւ առնվազն չունի թերություններ՝ իմ ասած կադրային, սարքավորումների եւ մյուս ծառայությունների հետ կապված: Հիմա քննարկում ենք՝ արդյոք արժե «Նաիրի» բուժկենտրոնին ինչ-որ ժամանակով մի բան անել եւ հասկանալ՝ իրենք 150-ին կձգտեն, կհասնեն, թե ոչ: Նմանատիպ բանակցություններ վարվում են նաեւ մյուսներիհետ, որոնքոր ռեալ են, որ այդ մինիմալին հասնեն, որովհետեւ 10 ծնունդ ընդունողի հետ հաստատ մենք նման բանակցություններ չենք կարող տանել, բայց 100-ին մոտ կամ ավելի ծնունդ ունեցողների հետ կարող ենք տանել»:

Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի խոստմանը նախորդեց նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը. «Առողջության կենտրոնը ոչ միայն չի փակվելու, այլեւ ուժեղանալու է նոր ծառայություններով»: Ասել է թե՝ մարզպետները հաղթեցին նախարարին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշված առողջության կենտրոնների աշխատողները բավականին վիրավորված են նախարարից. բանն այն է, որ նախարարը, ֆինանսավորումը դադարեցնելուց բացի, չի բարեհաճել շնորհակալություն հայտնել այդ կենտրոնների՝ երկարամյա գործունեություն ծավալած վաստակաշատ բժիշկներին՝ թեկուզ միայն այդ պայմաններում երկար տարիներ աշխատելու համար:

Ո՞ւր կորավ կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու քայլերը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են գյուղերում դռներ կողպվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս