Ներկրած մեքենան հետ են տանում Վրաստան. ավտոներկրողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մի շարք ավտոներկրողներ լուրջ խնդիրների են բախվել: Խոսքը այն ներկրողների մասին է, որոնք նախնական հայտարարագիր չեն ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե:

Իսկ մինչ այդ նշենք, որ մինչեւ հունվարի 31-ն ավտոմեքենա ներկրողները կկարողանան օգտվել մաքսազերծման ներկա կարգից: Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ օրենսդրությամբ գոյությունունի «ուղեկցող բեռի նախնական հայտարարագիր» հասկացությունը, եւ եթե անձը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ` դեկտեմբերի 25-ին, կարող է նախնական հայտարարագրել, որիր բեռը գալու է դեկտեմբերի 25-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում եւ ներկայացնել ժամանման վայրի մաքսատուն: Այս դեպքում հունվարի 25-ին ստացվող բեռը կարող է մաքսազերծել դեկտեմբերի 25-ին գործող օրենսդրությամբ: Ավելին, ՊԵԿ նախագահն ավտոներկրողներին խորհուրդ է տվելօրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար ներկրվող ավտոմեքենան ձեւակերպել որպես «ուղեկցող բեռ»:

Իսկ այն քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հետո ավտոմեքենա կներկրեն առանց նախնական հայտարարագրման, կվճարեն արդեն նոր կարգով` ավելի թանկ: Պարզվում է, որ ավտոներկրողների մեծ մասը չի հասցրել նախնական հայտարարագիր ներկայացրել Գյումրիի մաքսատան անվերջ ու երկար հերթերի պատճառով: Համենայնդեպս, այդպես պատճառաբանում են ներկրողները: Եւ որպեսզի չմաքսազերծված մեքենայի համար տուգանք չվճարեն, ներկրողներըորոշել են ներկրած մեքենան տեղափոխել նորից հարեւան Վրաստան եւ փորձում են այնտեղ իրացնել՝ թեկուզ վնասներ կրելով, միայն թե ազատվեն մեքենայից, որքան հնարավոր է, շուտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց թիվը հազարից անցնում է:

Նրանք, չմաքսազերծված մեքենաները Վրաստան տանելով, փորձում են այնտեղ մաքսազերծել, քանի որ ավելի էժան է ստացվում, քան մերմոտ: Մի մասն էլ առանց մաքսազերծելու վաճառում է հենց ուկրաինացիների վրա, որովհետեւվերջին շրջանում ուկրաինացիներն սկսել են վրացական ավտոշուկայից օգտվել: Վրաստանի օրենքներըթույլ են տալիս առանց մաքսազերծելու կամ գրանցելու վաճառել,ինչպես նախկինում էր, երբ հայերը գնում, մեքենա էին ձեռք բերումու Հայաստանում վաճառում: Հիմա նույնը հայերն են անում, այսինքն՝ նրանք, որոնքչեն հասցրել նախնական հայտարարագիր գրել, Վրաստանից ներկրած մեքենան հետ են տանում Վրաստան ու այնտեղ վաճառում: Բնականաբար, այս ամենի արդյունքում ներկրողները ֆինանսական տույժեր են ունենում, լրացուցիչ գումարներ են ծախսում՝ չհաշված այն, որ ավելորդ քաշքուկների մեջ են ընկնում:

«Այդպես էլ կանխատեսել էինք, որ ուշացնելու են շատերը, քանի որ բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ վրացական կողմը մեքենաներ տեղափոխող կոնտեյներներըչի բացում: Իսկ աջ ղեկով մեքենաների ղեկերը մարդիկ չէին կարողանում կարճ ժամկետներում տեղափոխել, որովհետեւ այնտեղ հերթեր էին: Այս խնդիրները նպաստեցին, որ շատ ներկրողներ ուղղակի չկարողացան, չհասցրեցին տեղավորվել ժամկետներում նախնական հայտարարագրեր ներկայացնել կամ էլ տեղափոխել Հայաստան եւ արագ մաքսազերծել»,- նկատեց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը եւս բազմաթիվ անգամ անդրադարձել է:
Իսկ, ահա, մեկ այլ ավտոներկրող էլ նկատեց. «Մի բրոքեր էին նշանակել, որն էլ չկարողացավ նախնական դիմումները հասցնել ընդունել: Մարդիկ չարեցին էլի: Կոնկրետ ճապոնական մեքենաների մասով մոտավորապես 800-1000 դոլարի չափով գինն ավելանում է, իհարկե, եթե մեկ ամսվա ընթացքում՝մինչեւ փետրվարի 1-ը հասցնի մարդը բերի: Եթե չհասցնի, ապա գործելու է ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգը, այսինքն՝ վճարելու է մի քանի անգամ ավել գին»:

Ավտոներկրողները վստահեցնում են նաեւ, որ այս ընթացքում գներիկտրուկ բարձրացում չկա, բայց մեքենաների վաճառքի ծավալներն են զգալի ավելացել: «Այն ղազախները, որոնք նախկինում գնում էին Վրաստան, այնտեղից մեքենաները բերում եւ հայկական շուկայում վաճառում, այսօր նրանք դա չեն կարողանում անել: Փոխարենը ղազախներն է՛լ, ռուսներն է՛լ օգտվում են միայն հայկական ավտոշուկայից»,-«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներկրողները:

Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից գործում է մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրներում գործողնույն կարգը: Հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվիկտրուկ կրճատման: Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր. «Վերջացավ, փակվեց… որ ասում են՝ game over, դա է: Ինչքան բերել են, բերել են, վերջ: Հիմա զբաղված են դրանք արագ վաճառելով»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝մինչեւ հոկտեմբերի 14-ը, Հայաստան է բերվել ավելի քան 114 հազար ավտոմեքենա, ինչն ավելի քան 60 000-ով շատ է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք է գործելշուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից 27 մլրդով ավելի: Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազելու են 50-52 մլրդ դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս