«Դաշնակցության» երիտթեւն այս պահին որոշ ժամանակ չի իրականացնի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կամ նստացույցեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը մանրամասնեց, որ իրենք որոշել են սպասել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի հանրային քննարկումներին, որից հետո միայն կորոշեն անելիքները:
«Մենք նախապատրաստվում ենք «Բարձրագույն կրթության մասին» հանրային լսումներին, հետո այն պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում: Մեր կողմից հրապարակված վեց կետերն ուժի մեջ են, դրանց մեջ էական տեղաշարժ չի գրանցվել: Ուղղակի առաջիկա գործողությունների մասին չեն հրապարակվել, սակայն առաջիկայում նման հայտարարություններ կլինեն»,-նշեց նա:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրենք սպասում են այդ օրենքի քննարկմանը, եւ իրենց խոստացել են, որ կարող են մաս կազմել հանրային լսումներին եւ ներկայացնել իրենց տեսակետը: «Առաջիկայում ինչ լինի, նախապես կհայտարարվի: Մեզ խոստացել են, որ հանրային լսումներ են լինելու նախ, չնայած այդ մասին դեռ պաշտոնապես տեղեկատվություն չկա: Այս պահին պարզապես նստացույց եւ բողոքի ակցիա չունենք, սակայն մեր բոլոր պահանջներն ուժիմեջ են», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շուրջօրյա ցույցեր էին սկսվել: Նրանց միացել էին նաեւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Շուրջօրյա նստացույցերը դադարեցնելուց հետո ՀՅԴ ԵՄ անդամները հանդիպում էին պահանջում նախարարի հետ եւ առաջ էին քաշել վեցկետ, որոնցից են՝
1. ավելացնել կրթության, գիտության, մշակույթի եւսպորտիոլորտների պետական ֆինանսավորումը,
2. ապահովել Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը՝ ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում:
Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության մասին օրենքիշուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, այդ թվում՝ շահագրգիռ ներկայացուցիչների հետ: Օրենքը մի շարք փոփոխություններ է ենթադրում. մեծանում է բուհերի ինքնուրույնությանը, իսկ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների ուսուցումը մնում է բուհի հայեցողությանը: Հենց այս վերջին որոշումն էլ դուր չի եկել ՀՅԴ ԵՄ անդամներին, որոնք սկսել էին շուրջօրյա նստացույցերը: Եվ ստացվում է՝ եթե օրենքի հանրային քննարկումների արդյունքները չգոհացնեն ՀՀ ԵՄ անդամներին, նրանք կարող են վերսկսել նստացույցերն ու բողոքի ակցիաները:
Նաիրա Հովհաննիսյան