«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից փաստաբաններին ստուգելու գործընթացին, հայտնեց, որ կասկածներ միշտ էլ եղել են, եւ իրենց կողմից արվել են բացահայտումներ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է փաստաբաններին եւ ստուգումներ է անում փաստաբանների ոլորտում:Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ կասկածներ ունեք, որ ընկել եք փաստաբանների հետեւից: Օրինակ՝ տեղեկություններ կան, որ փաստաբանը քննել է 5 գործ, բայց ցույց է տալիս, որ քննել է երկու գործ, ու հարկայինից թաքցրել է իրական թիվը, եւ դրա համար հարկայինն ընկել է փաստաբանների հետեւից:
-Փաստաբանական ծառայություններ, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություների դիմաց ստացված արժեքները հայտարարագրելու եւ վճարելու մասով կան որոշակի ռիսկային դիտարկումներ, ռիսկային վերլուծություններ: Այո, ինչպես Դուք նշեցիք, քննում են ավելի շատ քանակով գործեր, դրա դիմաց ստանում են գումարներ, բայց ոչ լիարժեք են դրանք ներառում համապատասխան ժամանակաշրջանների հաշվարկ-հաշվետվություններում:
– Երբվանի՞ց են Ձեզ մոտ այդ կասկածները առաջացել:
-Գիտեք, կասկածները միշտ էլ եղել են, սակայն համապատասխան ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ստացված տեղեկությունները իրացվել են՝ըստ դրանց ստացման ժամանակաշրջանների: Ստուգումներ, որպես այդպիսին, չեն, միգուցե ստուգողական գործողություններ, բայց ոչ ստուգում, քանի որ հանրային ընկալման մեջստուգումները կարող են տպավորվել հարկային մարմինների աշխատակիցների այցելությամբ, փաստաթղթեր ուսումնասիրելով եւ այլն: Սա ընդամենը մեր կողմից կատարված ուսումնասիրություներն ու հետազոտություններ են: Նշեմ, որ վեր հանված ռիսկերը տրամադրվել են ընկերություններին, փաստաբաններին, նրանց կողմից հիմնականում որոշ ծավալով ընդունվել են մեր կողմից վեր հանված ռիսկերը, այսպես ասած, համաձայնվել են:
– Ովքե՞ր են այդ փաստաբանները կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները, անուններ կտա՞ք, ովքե՞ր են եղել թաքցնողները:
-Բնականաբար չեմ կարող նշել:
-Իսկ կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ ինչքան գործ էին թաքցրել ՊԵԿ-ից, եւ այդ թաքցրած գումարի չափը ինչքան է կազմում:
-Թիվ, եկեք, չասեմ: Գիտեք , այդ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են, եւ հիմակոնիկրետ գումարի մասին նշելը… ամեն դեպքում փոքրչէին: Կարծում եմ, որ այն ձեւաչափը, որ մենք ընտրել ենք, դա շատ նորմալ երեւույթ է, քանի որ արդյունքները ցույց են տալիս, որ մոտեցումները արդարացված են:
Նման ուսումնասիրությունները հիմա էլ են ընթացքի մեջ, մշտապես շարունակվում են, մշտապես օպերատիվ տեղեկություններ են ստացվում տարբեր կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների մասով, դրանց դիմաց տրամադրված գումարների մասով, հետագայում մենք սպասում ենք հաշվետու ժամանակաշրջանի գալը, ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ, մենք համադրում ենք մեր ստացված տեղեկությունները, արդյոք ճիշտ են ներկայացվել, եւ դրա հիման վրա ռիսկերը գնահատելով՝ գնում ենք առաջ:
-ՊԵԿ պաշտոնատար անձինք շարունակում են կաշառքի գործելաոճը, հեղափոխությունից հետո անգամ շատերի կալանավորումը դաս չի եղել ՊԵԿ պաշտոնատար անձանց վրա: Ի՞նչ եք անում նրանց կոռուպցիոն գործարքները բացառելու համար:
-ՊԵԿ-ն անում է ամեն ինչ, որպեսզի կոռուպցիոն դրսեւորումները բացառվեն համակարգում: Դուք ականատես եղաք 2019 թվականին, որ մեզ մոտքննվող քրեական գործերի շրջանակներում բացահայտվեցին մաքսային ծառայողների կողմից կոռուպցիոն դրսեւորումներ, հավանաբար տեղյակ եք՝ մի շարք անձինք ձերբակալվեցին, կալանավորվեցին:
-Բայց կալանավորումներից նրանք դաս չեն քաղում, ուրիշ մեթոդների մասին չե՞ք մտածում:
-Մոտեցումները բազմաթիվ են, այստեղ կարեւոր է սոցիալական ապահովվածության մակարդակը, անձնային տեսակի հարցը:Իվերջո, անձին, եթե ապահովես ամենաբարձր ֆինանսական միջոցներով, նա կոռուպցիայի կգնա՞, թե՞ ոչ: Տարբեր անձանց կողմից ընկալումները տարբեր են, միանշանակ քայլեր արվում են՝ ապահովելու աշխատակիցների սոցիալական վիճակը եւ կոռուպցիոնռիսկերը բացառելու համար:
Քնար Մանուկյան