Ազատամուտ համայնքը 2008-2018թվականներին ղեկավարած Ժորա Մարտիրոսյանի որդու՝ Ռոբերտ Մարտիրոսյանի դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ռ. Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2018 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 18-իսահմաններում, քարերով եւ դանակով հարվածել է Ազատամուտի բնակիչ Շահնազար Ալավերդյանի վարած ՎԱԶ-2124 մակնիշի ավտոմեքենային, վնասել առջեւի հողմապակին, շարժիչի ծածկոցը, առջեւի աջ դռան վերեւի հատվածը՝ պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 84 հազար դրամի գույքային վնաս:
Բացի այդ, նա 2018թ.սեպտեմբերի 28-ին՝ժամը 08:30-ի սահմաններում, Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով այդ համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, խոչընդոտել է հասարակության անդամների խաղաղ հավաքին ազատ մասնակցելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, որը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Բացի այդ, Ռ.Մարտիրոսյանը նշված հավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու կասկածանքով եւ այլ հնարավոր իրավախախտումներ կատարելը կանխելու նպատակով ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանի հրահանգով ժամը 10:00-ի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ Գեորգի Միրզոյանի նկատմամբ՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան:
Այնուհետեւ Ռ.Մարտիրոսյանը 2018թ.հոկտեմբերի 18-ին՝ժամը 08:30-իսահմաններում, իրենց թաղամասում Շահնազար Ալավերդյանին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, իր ընտանիքին պատճառված գույքային վնասը ետ ստանալու դիտավորությամբ, սպառնալով, որ կսպանի, պահանջել է 2015թ. իրենց խանութից կատարված գողության հետեւանքով պատճառված 45 միլիոնդրամ վնասի գումարը:
Նախկինում չդատված Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 2-րդմասով, 316 հոդվածի 1-ինմասով, 34-322 հոդվածի 2-րդմասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ