Աստղերի անհայտ կողմը. Վահագ Ռաշը՝ ծրագրավորող և հաշվապահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վահագ Ռաշն է: Նա նախ 1999թ. ընդունվել է ՀՊՃՀ հաշվողական համակարգեր բաժին, ապա 2005-08թթ սովորել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում` ստանալով մագիստրոսի կոչում:

«Իմ առաջին մասնագիտությամբ որոշ ժամանակ աշխատել եմ: Ցանցային ծրագրավորում եմ սկզբում սովորել, բանակից հետո սովորել եմ վեբ-դիզայն, կայքերի պատրաստում, այդ մասնագիտությամբ աշխատել եմ ավելի քան մեկ տարի:

Հետո արդեն մագիստրատուրան շարունակել եմ հաշվապահության գծով, որն ինձ համար ավելի հետաքրքիր էր: Դրանից հետո արդեն սկսեցի զբաղվել սեփական բիզնեսով.կոսմետոլոգիական սարքավորումների ներկրմամբ եւվաճառքով եմ զբաղվում, նաեւ սրահ ունեմ: Թե՛ ծրագրավորումը, թե՛ հաշվապահությունը շատ են պետք գալիս, օգնում են առաջ տանել սեփական բիզնեսը: Հատկապես համակարգչային գիտելիքներս հաճախ եմ կիրառում»,-մեկնաբանեց Վահագը:

Հարցին, թե ինչպես պատահեց, որ երաժշտությունը, երգը մտան իր կյանք, Վահագը պատասխանեց. «Երաժշտությունը միշտ է ինձ հետ եղել: Առաջին մասնագիտությունս նյութապես է օգնում ինձ, իսկ երաժշտությունը՝ հոգեպես: Այդպիսով բալանսի եմ բերում ամեն բան: Երբ ծանր օր եմ ունենում, երաժշտությունն է փրկում ինձ»:

Հավելենք, որ Վահագ Ռաշը 2009թ-ից ձայնագրել է առաջին Մ.Մեծարենցի «Եգուր» բանաստեղծության բառերով գրված «Համբույրի մը մեջ» երգը: Նույն թվականից շարունակել է զբաղվել երաժշտությամբ: Ձայնագրել է «Աշնան քամի», «Երանի», «Ես կգամ», Ս.Կապուտիկյանի «Երգ երգոց» բանաստեղծության բառերով գրված «Անհաս մի տենչ», Ե.Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Մ.Մեծարենցի «Հիվանդի հեւքեր» շարքից գրված «Անուրջներ», Հ.Շիրազի «Գտա» բանաստեղծության վրա գրված «Դառն հուշեր», Վ.Տերյանի բառերով գրված «Հեռացիր» երգերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս