Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները: Պարոն Ավետիսյանը ներկաներին է փոխանցել իրացման ցանցի ներկայացուցիչների մտահոգությունները՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումների, կենդանիների տեղափոխման դժվարությունների մասին:
Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրել է մեկ տարի շարունակ անցկացված ամենատարբեր քննարկումների ու պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ որ կենդանի կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները:
Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝
- կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,
- խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,
- մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,
- խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով: