Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ «Տարեսկզբից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխությունները, որոնք նախատեսվում են Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթով։

Դեռևս 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը խոսում էր, թե իրենք պատրաստվում են նվազեցնել աշխատողների կողմից վճարվող եկամտահարկը, իսկ դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի, որպեսզի այն իրականություն դառնա։

Սակայն այս նախաձեռնությունը ավելի շատ եկամտահարկի համահարթեցում է, քան եկամտահարկի նվազեցում, քանի որ հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ: Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները ինչպես հարկվել են 23%-ով, այնպես էլ շարունակելու են հարկվել։

Իսկ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները, որոնք հարկվում էին 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի ստացողները, որոնք հարկվում էին 36 տոկոսով, ավելի քիչ եկամտահարկ են վճարելու։

Սա նշանակում է, որ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները իրենց վրա զգալու են միայն բարձր աշխատավարձ ստացողները, և ավելանալու են միայն նրանց եկամուտները։ Եվ նախկինում գործող սկզբունքը, թե շատ աշխատավարձ ստացողից շատ պահում է կատարվելու, իսկ քիչ ստացողից` քիչ, այլևս չի գործում։

Քիչ չէ, որ վարչապետը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացրեց նախարարների, մարզպետների, փոխմարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, հիմա էլ այս կարգի նախաձեռնությունների միջոցով նրանց համար լրացուցիչ եկամուտներ է ապահովում, փոխանակ կենտրոնանա ցածր աշխատավարձ ստացող և դրանով իր պահանջները հազիվ բավարարող քաղաքացիների եկամուտներն ավելացնելու խնդրի վրա։

Իշխանություններն իրենց կողմից կատարված մեծ աշխատանք են ներկայացնում նաև այն, որ եկամտահարկի փոփոխությունները շարունակական են լինելու, և մինչև 2023 թվականը համահարթ եկամտահարկը էլ ավելի է իջնելու։

Այսպես, 2020 թվականին աշխատող անձանց եկամուտները կհարկվեն 23 տոկոս դրույքաչափով, 2021 թվականին և հաջորդող 2-3 տարիների ընթացքում դրույքաչափը յուրաքանչյուր տարվա ընթացքում կնվազի մեկ տոկոսային կետով, ու արդեն 2023 թվականին ֆիզիկական անձանց ստացվող եկամուտների գծով եկամտային հարկի բեռը կկազմի 20 տոկոս։

Թվում է, թե եկամտահարկի շարունակական իջեցումը պետք է բերի ֆիզիկական անձանց եկամուտների աճի, սակայն դա այդպես չէ։ Հարցն այն է, որ եկամտահարկի հաշվարկման այս փոփոխություններին զուգահեռ՝ փոխվում է նաև կուտակային կենսաթոշակների հաշվարկման կարգը, և եկամտահարկի նվազման հետ 2021 թվականից աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների՝ քաղաքացու կողմից վճարվող մասնաբաժինը:

Կուտակային վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը ներկայումս վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը կպահպանվի 2020 թվականի ընթացքում, սակայն 2021 թվականից սկսած՝ անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի:

2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին՝ 4,5 տոկոս, իսկ 2023 թվականին 5 տոկոս կվճարի մասնակիցը, իսկ մյուս 5 տոկոսը՝ պետությունը։

Եվ ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ ստացող քաղաքացիների փաստացի տնօրինվող գումարը չի փոխվի մինչև 2023 թվականը, իսկ Հայաստանում վարձու աշխատողների գերակշռող մասը՝ մոտ 65,1 %-ը, ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։

Բացի այդ, բարձր աշխատատավարձ ստացող մարդկանց համար եկամտահարկը նվազեցնելու պատճառով պետությունը բավական մեծ ֆինանսական կորուստներ է ունենալու։

Բյուջեի վրա այդ ճնշումը թուլացնելու նպատակով կառավարությունը այս տարվա սկզբից ավելացրել է ենթաակցիզային ապրանքների հարկը, որի ծանրությունը ևս ընկնելու է սպառողների վրա, սակայն մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազի, ու տնօրինվող եկամուտը չի ավելանա, բայց նրանք ստիպված են լինելու ավելի թանկ վճարել այդ ապրանքների համար։

Ավելի բարձր վարձատրվողները ևս ավելի թանկ են վճարելու, սակայն մյուս կողմից էլ նրանց եկամուտն է մեծանալու։ Ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների ֆինանսական վիճակը ոչ միայն չի բարելավվելու, այլև մի բան էլ վատանալու է»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս