Վլադիմիր Պուտինն ամրացնում է իր դիրքերը և թիմ հավաքում. փոփոխությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարության եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը սպասելի է եղել ՌԴ հասարակական եւ քաղաքական շրջանակների համար: Նման տեսակետ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Ինչպես հայտնի է, Մեդվեդեւի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել հունվարի 15-ին, եւ արդեն վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը: Ռուս քաղաքագետի խոսքով` վերջինիս նշանակումը եւս նորմալ է ընդունվել, եւ քաղաքական շրջանակներում ընկալում կա, որ նա հիմնականում կատարելու է տեխնիկական առաջադրանքներ, այլ ոչ թե քաղաքական, իսկ, աhա, Վլադիմիր Պուտինը ոչ մի տեղ հեռանալու մտադրություն չունի:

-Պարո՛ն Տարասով, ինչպե՞ս կմեկնաբանեք Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած կառավարության հրաժարականն այս պահին:

– Նորմալ գործընթացներ են, եւ առկա էին օբյեկտիվ պատճառներ իշխանությունն ավելի որակյալ դարձնելու համար: Ահա եւ վերջ. դրանք հերթականությամբ որոշված քայլեր են եւ պետք է կատարվեին: Պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը, ինչպես կլինի տարբեր մասերի աշխատանքը, եւ ինչպիսի ծրագիր կներկայացվի: Հենց այս վերջինն է կարեւորը, եւ չնայած արդեն վարչապետ է նշանակված, սակայն ծրագիրը մենք չունենք: Սակայն առաջընթացի համար փոփոխություններ են պետք, որն էլ ցանկանում է անել Պուտինը:

-Իսկ ինչպե՞ս է ընդունել հասարակությունն այդ փաստը, արդյոք նրանք ցանկանո՞ւմ էին փոփոխություններ:

-Մենք ունենք շատ ուժեղ ներքին քաղաքականություն, առաջացել էին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական: Վլադիմիր Պուտինն այդ մասին շատ լավ հասկանում էր եւ հիմա ցանկանում է ամրապնդել իր դիրքերը, ավելի արդյունավետ դարձնել կառավարումը: Բացի այդ, ամուր եւ ուժեղ ներքին քաղաքականությանը պետք է լինի նաեւ համարժեք արտաքինը, եւ նոր կառավարությունը սա պետք է անի: Իհարկե, հասարակությունը եւս սպասում էր այդ փոփոխություններին եւ այդպիսի ազդանշաններ էր տալիս: Սակայն դրանք չեն կրել հեղափոխական բնույթ, եւ ՌԴ-ն չէր բուրում մայդանի գաղափարներով: Այս շրջանում ներսում հասունանում էին այս փոփոխությունները եւ եղան: Վերջերս տնտեսական ճգնաժամ էր առաջացել, նույնիսկ մայրաքաղաքում գնողունակությունն էր ընկել, հասարակությունն էր դժգոհ, եւ արմատական քայլերն իսկապես անհրաժեշտ էին:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Պուտինն ի՞նչ ծրագրեր ունի հենց իր մասով:

-Իր մասով որեւէ փոփոխություն չի սպասվում, եւ նա փոփոխությունները քայլ առ քայլ է իրականացնում: Հիմա իր հարցը չի որոշվում: Այս պահին ոչ թե իշխանության հանձնման կամ փոփոխման հարց է դրված օրակարգում, այլ քաղաքական վերափոխումների, նոր ծրագրերի, նոր ուղղությունների անցման: Այդպիսի իրավիճակներում իշխանության փոփոխության կամ հանձնման մասին չեն մտածում: Եվ հենց այդ փոփոխությունները կարող են կատարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Նա միանշանակ շարունակելու է իր պաշտոնավարումը, եւ դա ակնհայտ է: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ ՌԴ-ի ներսում սպասում էին այսպիսի որոշումների: Այն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով դառնալու է ուժեղ պետություն, եւ առաջին քայլերից մեկը կլինի հետսովետական երկրներում դիրքերի ամրապնդումը:

-Իսկ ինչպիսի՞ թիմ կհավաքի նոր վարչապետը, եւ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Մեդվեդեւը կրկին պաշտոն ստացավ:

-Գիտեք, անկեղծ լինենք եւ նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ նշանակվեց շատ դժվարին ժամանակներում: Նա իր պատմական դերը պարզապես կատարել է, տնտեսական փոփոխություններ կատարել է, սակայն այժմ առաջ քայլերի եւ փոփոխություններ կատարելու ժամանակն է: Հիմա արդեն այլ առաջնահերթություններ եւ մարտահրավերներ են առկա, եւ Մեդվեդեւը կարող է նոր պաշտոնում եւս օգնել այդ ամենին: Իսկ ինչ վերաբերում է նոր թիմին, ես կարծում եմ, որ փոփոխություններ շատ կլինեն, եւ կգան գործի մարդիկ, ովքեր ավելի շատ կգործեն, ոչ թե միայն որոշումներ կկայացնեն: Կան մարդիկ, ովքեր լավ փաստաթղթեր են գրում, բայց գործելու կամ որոշումներ կայացնելու ժամանակ չեն կարողանում, եւ փոփոխություներ պետք են: Հիմա եկել է նոր մարդ, եւ բոլոր քայլերը պետք է արվեն այլ անձանց միջոցով:

-Դուք նշեցիք հետսովետական պետությունների հետ հարաբերությունների մասին: Ի՞նչ եք կարծում, նաեւ Հայաստանի հետ հարաբերություններ ո՞ւմ փոփոխություններ կլինեն:

-Ես դեռ հստակ չգիտեմ, քանի որ նոր վարչապետը դեռ իր ծրագիրը չի ներկայացրել: Սակայն մեկ բան ակնհայտ է, որ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է հենց հետսովետական տիրույթը, որը անուշադրության է մատնված, եւ այնտեղ կան հակառուսական տրամադրություններ: Եվ դա էլ է այն պատճառով, որ այդ ոլորտը անուշադրության է մատնված եղել, եւ փոփոխություններ են պետք անել: Պետք է հետագա քաղաքականությունը կառուցել այն հանգամանքի վրա, թե ինչ է տալու այս կամ այն երկրի հետ համագործակցությունը: Իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում էական փոփոխություններ չեն լինի, եւ կշարունակվեն դաշնակցային հարաբերությունները:

-Իսկ ինչպիսի՞ թեկնածու էր Միխայիլ Միշուստինը, ինչպե՞ս ընդունվեց նրա նշանակումը:

-Արձագանքները նորմալ էին, բայց պետք է արձանագրենք, որ նա տեխնիկական վարչապետ է լինելու: Նայե՛ք, Մեդվեդեւը ե՛ւ նախագահ է եղել, ե՛ւ վարչապետ, այսինքն՝ նա քաղաքական գործիչ է,սակայն նոր վարչապետը եկել է լրիվ այլ վայրից, եւ հիմնականում տեխնիկական հարցեր է կատարելու, այլ ոչ թե քաղաքական: Նրան քաղաքական հանձնարարություններ չեն տրվելու:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս