Երբ հայկական արմատներով, ռուսական էստրադայի ճանաչված երգիչ Ալեքսեյ Չումակովը թողարկեց «Песняолюбви» երգի տեսահոլովակը, օնլայն տիրույթում մի շարք օգտատերեր, այդ թվում նաեւ՝ հայեր, «քարկոծեցին» նրան՝ մեղադրելով, որ գողացել է հայ երգիչ Հայկոյի «Ետ նայիր ու տես» երգը: Առաջին հայացքից, այո, երգերի երաժշտությունը նույնն է, սակայն այս մեղեդու պատմությունը շատ ավելի հին է:
Երբ տարիներ առաջ Հայկոն թողարկեց իր «Ետ նայիր ու տես» երգը, նրան նույնպես մեղադրեցին գրագողության համար: Սակայն այս պատմության մեջ մեղավոր չեն ո՛չ Չումակովը, ո՛չ Հայկոն:
Բանն այն է, որ Հայկոն ինքը ժամանակին վերցրել է իսպանացի երգիչ, երգահան Ալեխանդրո Սանսի երգը եւ չի էլ թաքցրել այդ հանգամանքը: Խոսքը Սանսի «Corazցn Parto» երգի մասին է (հայտնի է Սանսի կատարումը Իվեչի Սանգալուի հետ): Եթե ուշադիր դիտեք Հայկոյի երգի յութուբյան տարբերակը, կտեսնեք հետեւյալ գրառումը՝ «Հայկո-Ետ նայիր ու տես (Alejandro Sanz cover)»: Այսինքն՝ երգիչը գողություն չի արել, այլ վերցրել է Սանսի հայտնի տարբերակն ու ներկայացրել դրա հայերեն cover տարբերակը: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է: Ի դեպ, երգի հայերեն տարբերակի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:
Եվ զարմանալի չէ, որ հիմա էլ Չումակովն է որոշել նոր շունչ հաղորդել Սանսի երգին եւ ներկայացրել է դրա ռուսական տարբերակը՝ «Песняолюбви» անունով: Չումակովը եւս յութուբյան իր ալիքում նշել է, որ դա Սանսի երգի cover տարբերակն է, իսկ խոսքերի հեղինակներն են ինքը՝ Չումակովը, եւ Ն. Նովոսադովիչը:
Օգտատերերի գրոհը Չումակովի երգի վրա այնքան ուժգին էր, որ երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում անգամ հանդես է եկել մեկնաբանությամբ. «Ինձ հաճախ են գրում, թե ես այս երգը գողացել եմ հայ երգչից, նաեւ՝ վրացի երգչից… Հատկապես տեղեկացվածները գրում են, թե ես այն գողացել եմ իսպանացի երգչից։ Գրում են շատ կոպիտ. «Ինչպե՞ս ես հանդգնել, մենք հիասթափված ենք»»,- գրել է Չումակովը եւ նշել, որ գողություն չի եղել:
Այնպես որ, թե՛ Սանսի, թե՛ Հայկոյի ու Չումակովի երկրպագուները կարող են հանգիստ լինել: Այստեղ են ասել՝ «մեծ աղմուկ ոչնչից»:
Աննա Բաբաջանյան