Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ չի բացառվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:
Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից մեզ հայտնեցին, որ ներկայումս քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ArmLur.am-ի հարցին՝ կոնկրետ երբ կդիմեն ՀԾԿՀ, ընկերության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարեն։
ArmLur.am-ը գազի սակագնի վերանայման հարցի շուրջ զրուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարել էիք, որ գազի գինը չի բարձրանա մինչեւ ապրիլ, բայց «Գազպրոմ Արմենիա» ընկերությհունից այսօր ArmLur.am-ին հայտնեցին, որ գազի սակագնի վերանայման հարցը քննարկում են եւ չի բացառվում, որ հայտ կներկայացնեն ՀՀ հանրային ծառայությունները կարագովրող հանձնաժողով…
-Ես նորից կրկնում եմ եւ պնդում, որ մինչեւ ապրիլ գազի գինը չի թանկանա: Կարող եմ հավելել, որ իմ կարծիքով կամ վստահ եմ, որ մինչեւ ապրիլ նույնիսկ հայտ չի ներկայացվի: Ես կարող եմ նաեւ ասել, որ սահմանին գազի գինը չի փոփոխվել 2020 թվականի համար: Ես կարող եմ նաեւ ասել, որ մինչեւ ապրիլ շարունակում ենք քննարկումները եւ բանակցությունները: Եթե ապրիլից հետո ընկերությունը ցանկություն կունենա հայտ ներկայացնել կամ նպատակահարմար կհամարի, դա իրենց իրավունքն է: Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա այդ հայտի բովանդակությունը քննարկվելու է բաց եւ հրապարակային եւ բոլոր մտահոգիչ հարցերի պատասխանները բոլորը կունենան, եթե նման հայտ ներկայացվի: Բայց ապրիլի 1 ամսաթիվը ուժի մեջ է՝ թե թանկացման, թե չթանկացման եւ նույնիսկ հայտ ներկայացնելու մասով, որովհետեւ նման պայմանավորվածություն կա, որը կարծում եմ չի խախտվի:
-Այնունամենայնիվ, պարոն Գրիգորյան, եթե գազի սակագինը բարձրանա, ապա որքանով: Քանի որ այսօր մամուլը գրել էր, որ գազի գինը կբարձրանա 11 դրամով…
-Ես կարծում եմ, որ դա ապատեղեկատվություն է, բայց ամեն դեպքում այդ կարգի թվերի մասին խոսք լինել չի կարող ընդհանրապես, որովհետեւ չկա նման դրդապատճառ:
Սյունէ Համբարձումյան