Կրքեր՝ տնօրենի թափուր պաշտոնի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի շեմին՝ 2019 թ․դեկտեմբերի 30-ին՝ Նոյեմբերյանի համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղ այցելության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր դիմել Բաղանիսի բնակիչ Արարատ Եդիգարյանը, ով հայտնել է, որ գյուղի բնակիչները ցանկանում են՝ իրենց համագյուղացին լինի Բաղանիսի դպրոցի տնօրեն:

Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, քանզի այդ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը, կենսաթոշակային տարիքի հասնելով, ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին հարցրեց, թե երբ է կայանալու Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Մ. Ղազումյանը հայտնեց, որ Բաղանիսի մրցույթը պետք է կայանար 2020թ.հունվարի 14-ին, սակայն այն չի կայացել, որովհետեւ խախտվել է այդ մրցույթի հայտարարության կարգը:

Մ.Ղազումյանի վկայությամբ՝ դպրոցի կառավարման խորհրդի վերոհիշյալ հայտարարությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվել է 2019թ. նոյեմբերի 26-ին, մինչդեռ, ըստ մրցույթի կարգի, պետք է հրապարակվեր նոյեմբերի 22-ին: Հաջորդ հայտարարությունը նույն թերթում տպագրվել է առաջին հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 3-ին, այսինքն՝ խախտվել է հայտարարությունը հնգօրյա պարբերականությամբ հրապարակելու կարգը: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասաց, որ նոր մրցույթը կկայանա 50 օրվա ընթացքում, այն կլինի մարտ ամսին:

Մամուլում հրապարակում է եղել, որտեղ վատ է գնահատվում Բաղանիսի դպրոցի ուսուցիչ, դպրոցի տնօրենի հավակնորդ Սիլվա Իսրայելյանի աշխատանքը:Նշված է, որ նա կոպիտ է աշակետների հետ, դասի ժամանակ բջջային հեռախոսով երկար խոսում է եւ այլն: Մանե Ղազումյանը նշեց, որ Սիլվա Իսրայելյանը շուրջ 30 տարի ֆիզիկա է դասավանդում Բաղանիսի դպրոցում,այդ դպրոցի ուսմասվարն է, իրենք նրա աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չեն ստացել:

Բաղանիսի դպրոցի տնօրենի մյուս հավակնորդը նույն գյուղի բնակիչ, Բաղանիսի դպրոցի ուսուցիչ Ալիկ Եդիգարյանն է, որը դեռեւս դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր չի ստացել: Նա կհասցնի մինչեւ նոր մրցույթը ստանալ այդ հավաստագիրը՝ հայտնի չէ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս