Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:
ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել, որ նա վերջերս Հատուկ քննչական ծառայություն է կանչվել եւ ցուցմունք տվել: Նույն տեղեկությունների համաձայն՝ նրան առաջարկել են ցուցմունք տալ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: ArmLur.am-ը դիմեց Հատուկ քննչական ծառայություն, սակայն այնտեղից պաշտոնապես հայտնեցին, որ Գեորգի Կուտոյանն ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել եւ դատաիրավական որեւէ կարգավիճակ չի ունեցել և չունի:
Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը՝ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված էր իրեն:
Դեպքի մասին ArmLur.am-ը զրուցել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ:
«Ցավալի լուր էր. պարոն Կուտոյանին ճանաչել եմ անձամբ, որևիցե վարկածի մասին այս պահին խոսել, իմ կարծիքով, սխալ կլինի: Պետք է հետևենք նախաքննության մարմիններին: Իմ կարծիքով իրավապահ մարմինների պարտականությունն է հնարավորինս հայտնաբերել և հստակ տեղեկատվություն տրամադրել մեզ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ կարող էր Գեորգի Կուտոյանն ինքն իրեն վնասել, պատասխանեց. «Ես որևիցե ձևով այս փուլում չէի ցանկանա առանց փաստերի անրադառնալ և գնահատական տալ»:
Լիդա Եղիազարյան