ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձմեռային նստաշրջանի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ԵԽԽՎ նոր նախագահի ընտրություն:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ նստաշրջաններին ընդունված է անդամ պետությունների ղեկավարների ելույթներ, եւ, օրինակ, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ելույթ էր ունեցել այնտեղ: Եվ, ահա, տեղեկացանք, որ այս անգամ սպասվում են Վրաստանի եւ Մոլդովայի նախագահների, Վրաստանի արտգործնախարարի, Նախարարների կոմիտեի նախագահի եւ Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարի ելույթները, որից հետո նրանք կպատասխանեն նաեւ ԵԽԽՎ անդամների հարցերին:
Օրակարգից պարզ է դառնում, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման թեմա է դառնալու Լեհաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերը: Բացի այդ, պատգամավորները կքննարկեն նաեւ լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող սպառնալիքները:
Բացի այդ, համաժողովը կանցկացնի երկու համատեղ բանավեճ՝ մեկը՝ միգրանտների առեւտրի եւ փախստականների վերաբերյալ, մյուսը՝ մարդու թրաֆիքինգի վերաբերյալ:
Օրակարգում է նաեւ ընտրական համակարգերի նվազագույն չափանիշների եւ Բելառուսում ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
Հետաքրքիր է, որ այս անգամ ԵԽԽՎ նախագահի ընտրության շուրջ կրքերը կարծես թե այնքան էլ թեժ չեն: Եվ մենք տեղեկացանք, որ պատճառն այդ պաշտոնը ձեւական համարելն է, իսկ ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այլեւս չի կարողանալու կատարել այդ պարտականությունը, քանի որ իր երկրում՝ Շվեյցարիայում, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր չի ընտրվել: Մենք տեղեկացանք, որ այս պահին նոր նախագահի պաշտոնին ավելի շատ հավակնում են լիբերալիստական թեւի անդամները, սակայն բոլոր հստակեցումները կարվեն հաջորդ շաբաթ:
Չնայած այս նստաշրջանում հստակ Հայաստանին վերաբերող հարցեր չկան, սակայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության համար կարեւորություն են ներկայացնում նաեւ Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված զեկույցն ու Եվրոպայում լրագրողների հանդեպ սահմանափակումների հարցերը:
Նկատենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցողը Թորիլդ Սունա Էվարսդոտիրն է, որը հայտնի է այդ հարցի շուրջ բազմաթիվ զեկույցներով: Եվ մինչ նոր զեկույցը ներկայացնելը, հետաքրքիր է, որ երեկ նա արդեն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ Ստրասբուրգի դատարանի՝ մի շարք անձանց նկատմամբ կարեւորագույն վճիռները չկատարելու պատճառով այդ մարդիկ չեն կարող մասնակցել երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածուներ:
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները 8-ն են՝ 4-ը՝ հիմնական եւ 4-ը՝ փոխարինող:
Դեռեւս 2019 թվականի ամառային նստաշրջանում ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգման քվեարկության ժամանակ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի չքվեարկելուց հետո ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ վերջինիս կարող են փոխարինել մեկ ուրիշով: Սակայն այդ դեպքից հետո վերջինս մասնակցել է նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին եւ, մեր տեղեկություններով, հունվարի վերջին եւս Ստրասբուրգ կմեկնի:
Պետք է նկատել, որ Հովհաննես Իգիթյանը իշխանական խմբակցության կազմից միակ փորձառու քաղաքական գործիչն է, նրա բացակայությունը կարող է բացասական ազդել, եւ, ավելին, նրանից հաճախ են նաեւ խորհուրդներ հարցնում: Եվ ինչպես նշեցինք, հունվարի վերջին տեղի ունենալիք նստաշրջանում ԵԽԽՎ նոր նախագահ կընտրեն, նաեւ փոխնախագահներ, եւ չի բացառվում, որ Հովհաննես Իգիթյանը դառնա նրանցից մեկը: Սակայն այդ առումով եւս նոր զարգացումներ կարող են լինել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախազգուշացում է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ին: «Ժողովուրդ» օրաթերթին պատճառների մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, որ պայմանագրային հզորություն ունեցող որակավորված արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, հանձնաժողովի հաստատմանը պետք է ներկայացնի հաջորդ օրացուցային տարվա պայմանագրային եւ տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն ատոմակայանը այն հանձնաժողովին ներկայացրել է 5 օր ուշ՝ դեկտեմբերի 6-ին: Եւ ՀԾԿՀ-ի կողմից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ատոմակայանը ներկայացրել է իր պարզաբանումը՝ նշելով, որ ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման համար նախատեսված է եղել 135 օր՝ պայմանավորված ռեակտորի իրանի շիկամշակման աշխատանքներով, սակայն շահագրգիռ կողմերի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է այդ աշխատանքները 2020 թվականի ընթացքում չիրականացնել: Բայց, արի ու տես, հանձնաժողովը ներկայացված պարզաբանումները օբյեկտիվ պատճառ չի համարել, քանի որ համապատասխան հիմնավորումներ չեն ներկայացվել, ուստի որոշել է նախազգուշացում տալ:

 

 

 

ՎԵՐՄԻՇՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԴՐՎԱԾ Է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։ Պարզվում է, որ Վերմիշյանը ինքնուրույն է գործում, որոշում կայացնելիս հաշվի չի նստում իր գործընկերների հետ, իսկ որոշումներն էլ շատ դեպքերում հակասություններ ունեն։ Անգամ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Վահագն Վերմիշյանի հարաբերությունները։ Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։ Մեր հարցերին ի պատասխան՝ Վերմիշյանն արձագանքեց. «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Իրականությանը չի համապատասխանում։ Ես նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ։ Իսկ Սարհատ Պետրոսյան սուբյեկտի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել»։

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ խորհրդակցություն է կայացել տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ: «Ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը»,-գրել է ՀՀ վարչապետը: «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-շեշտել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ Այն Ասադի եւ Էրբիլի ռազմաբազաները:

 

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարան է բողոքարկել Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու որոշումը: Այս մասին հայտնել են Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 20-ին մերժել էր բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

 

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես՝ դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով: Գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր. բոլորն էլ ժամանել են Վրաստանից: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ այլ ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով:

 

 

 

ԹՈՒՅԼ ՁՅՈՒՆ
Հայաստանի տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում այսօր ցերեկը, հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին հնարավոր են թույլ տեղումներ: Ըստ ԱԻՆ-ի՝ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:




Լրահոս