Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։
-Պարո՛ն Զոհրաբյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների պալատ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: Արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։
-Փաստաբանների պալատ մուտք գործելու մասով այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Պետական եկամուտների կոմիտեն փաստաբանների պալատում ստուգումներ չի անցկացնում: Ավելին, փաստաբաններն իրենց փաստաբանական գործունեությունն իրականացնում են ինքնուրույն, իրենց ռիսկով եւ փաստաբանների պալատի հետ չեն համաձայնեցնում: Փաստաբանների պալատը փաստաբանների փաստաբանական գործունեության նյութական արդյունքների վերաբերյալ որեւէ տվյալ չի հավաքագրում եւ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:
-Փաստաբանները իրենց պաշտպանյալներից ստորագրություն են խնդրում, որ հետագայում որպես ապացույց ցույց տան ՊԵԿ-ին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Պետական եկամուտների կոմիտեի կողմից փաստաբանների ստուգման գործընթացը, եւ, առհասարակ, արդյոք ՊԵԿ-ը փաստաբաններին որեւէ անօրինական գործընթացի մեջ կասկածո՞ւմ է, թե՞ այլ խնդիր կա:
-Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, ապա դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կախված նրանց մասնագիտական գործունեության հետ: 2019 թվականի վերաբերյալ ուղղորդված ստուգման վերաբերյալ տեղեկություն չենք ստացել փաստաբաններից: Բացի այդ, պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի եւ պետական եկամուտների կոմիտեի միջեւ ստորագրված հուշագրի համաձայն՝ ՊԵԿ-ը գրավոր կարգով պետք է իրազեկի փաստաբանների պալատին, եթե ստուգում է իրականացնում անհատ ձեռնարկատեր փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ: Փաստաբանների պալատն է փաստաբաններին հորդորել հաշվարկել եւ վճարել հարկերը, քանի որ դա է նաեւ փաստաբանի անկախության կարեւոր երաշխիքը: Մենք չպետք է որեւէ առիթ տանք, որպեսզի պետական մարմինը փաստաբանին ճնշելու գործիք կիրառի: Եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: Մեր մասնագիտական ոլորտում կա հետեւյալ առանձնահատկությունը. շատ հաճախ փաստաբաններն անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին: Փաստաբանների պալատն էլ է իր հերթին խրախուսում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Այստեղ, բնականաբար, կարող է խնդիր առաջանալ. օրինակ՝ ՊԵԿ-ը տեսնում է, որ փաստաբանը մասնակցել է 5 դատական գործով վարույթի, սակայն հարկ է վճարել 3 գործի համար: Մեր կարծիքով՝ այստեղ հարկ չի կարող առաջանալ՝ բացառությամբ այն դեպքի, երբ փաստաբանը մյուս 2 գործի համար գումար է վերցրել եւ թաքցրել: Բնական է, որ նման անօրինական քայլի գնալով՝ փաստաբանն էլ է լավ գիտակցում, որ իր վստահորդը կարող է հարկային մարմնին տեղեկացնել գումար վճարելու մասին:
-Անցած տարի նկատեցինք, որ փաստաբանները հայտնվեցին իրավապահների տեսադաշտում, մասնավորապես, վերջիններս միջնորդ էին դարձել դատավորներին գումար փոխանցելու գործընթացում, ինչի արդյունքում փաստաբաններ կալանավորվեցին եւ հայտնվեցին մեղադրյալի աթոռին: Արդյոք ա՞յս դեպքերն են պատճառ դարձել, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում փաստաբանների գործունեության մասով:
-Չեմ կարող ասել: Ինչպես նշեցի, փաստաբանների մոտ ստուգումներ սկսելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն պետք է գրավոր կարգով փաստաբանների պալատին տեղեկացնի այդ մասին: Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆԱՄՈՒՍՈՎ ՏՂԱՄԱՐԴ
Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, հայտնեց, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որը անհամատեղելի էր կալանքի հետ: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ դատական համակարգին ծանր հանցագործության մեջ է մեղադրում եւ հաղորդում է տալիս հանցագործության մասին:
Իսկ ինչի՞ համար էր Կարեն Ծաղիկյանը հայտնվել կալանավայրում:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ պահել 0.02 գրամ քաշով «Մեթադոն» թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբերի կտոր: Բացի այդ, գործով չպարզված հանգամանքներում եւ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ մինչեւ 2018թ. մարտի 17-ը իր բնակարանի ննջասենյակի պահարանում ապօրինի պահել է 0.08 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբեր եւ 0.034 գրամ քաշով «Լորազեպամ» հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբեր:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին սույն քրեական գործը մտել էր դատարան, եւ Կարեն Ծաղիկյանը գտնվում էր կալանքի տակ: Գործը քննում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, իսկ, ահա, մեղադրող դատախազն էլ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Արտակ Կարապետյանն է:
Նշենք, որ իրավիճակին արձագանքել էր նաեւ Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, թե ինչ հիվանդություններ ուներ Կ. Ծաղիկյանը: Ըստ ՔԿ ծառայության՝ վերջինս տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնեւմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ դատախազ Ա. Կարապետյանը աչքի առաջ ունեցել են նմանօրինակ դեպք, որ կալանքը անհամատեղելի է այս հիվանդությունների շարքին, սակայն կալանավոր Կարեն Ծաղիկյանի խափանման միջոցը չեն փոխել: Ու ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին:
Իսկ ի՞նչ է մանրամասնում մահացած կալանավորի եղբայրը: Ըստ Դավիթ Ծաղիկյանի՝ եղբայրը կույր էր, բազմաթիվ հիվանդություններ ուներ, 8 ամիս էր՝ գտնվում էր դատապարտյալների հիվանդանոցում: Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, դատավորը Արթուր Մկրտչյանից խնդրել էր փոխել խափանման միջոցը: Սակայն ե՛ւ դատախազ Կարապետյանը, ե՛ւ դատավորը բավարարվել են փորձաքննություններ նշանակելով, նիստեր չեն գումարել, եւ արդյունքում ունենք ծանր հիվանդություններից մահացած կալանավոր:
«Ես հետամուտ եղա, ցանկացա դատաբժիշկներից վերցնեմ փորձաքննության եզրակացությունը, ինձ դատաբժիշկները ասեցին, որ չեն կարող տալ, դա գաղտնի է, պետք է ուղարկեն դատարան, սակայն ինձ բերանացի ասացին, որ կալանքը անհամատեղելի է: Այժմ ես գտնվում եմ դատապարտյալների հիվանդանոցում, եկել եմ եղբորս թղթերի հետեւից, ինձ դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները եզրակացություն են տվել, որ կալանքը իր հիվանդությունների հետ անհամատեղելի է: 6 ամիս նախաքննություն գնաց, 1 տարի երկու ամիս էլ իբր դատավարություն էր գնում: Այստեղ դատավորի եւ դատախազի մեղավորությունն է, այսօր լավ չենք զգում, նիստ չենք անում, վաղը դատախազն է հարսանիք, նիստ չեն անում, հիվանդ են, նիստ չեն անում, այդպես այնքան ձգեցին եւ հունվարի 15-ին էին նիստ նշանակել, մինչեւ եղբայրս մահացավ: Ես հրապարակավ հայտարարում եմ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին մեղադրում եմ հանցագործության մեջ: Միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ: Եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք՝ որպես հաղորդում հանցագործության մասին»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՍԱԴՈՒԼ
Երեկ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլ էր. այս մասին ասել է դպրոցի աշակերտի ծնող Արմեն Սահակյանը: Նրա խոսքով՝ թույլ չի տվել, որ երեխան դպրոց գա, քանի որ իրենք շարունակում են դեմ լինել նորանշանակ տնօրենի նշանակմանը: «Դպրոցում հիմա շատ անորոշ վիճակ է, միայն ուսուցիչներն են եկել, նորանշանակ տնօրենն էլ չի եկել: Նորանշանակ տնօրեին դպրոցից հանել են իր վատ վարքի պատճառով, եւ մենք չենք ուզում, որ նա մեր դպրոցում տնօրեն լինի: Ո՛չ մարզպետարանն է արձագանքում, ո՛չ էլ կառավարությունը, չնայած որ վերջինս խոստացել էր արձագանքել»,- ասել է ծնող Սահակյանը: Նշենք, որ համայնքի բնակիչներն ու ուսուցչական կոլեկտիվը հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն, իրենց խոսքով, գոհ չեն մնացել, որից հետո գնացել են կառավարություն եւ հանդիպել նամակների վարչության պետի՝ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Նրանց խոստացել էին պատասխանել, սակայն, բնակիչների խոսքով, ոչ մի արձագանք էլ չի եղել:
ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: Հիշեցնենք, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն եւ գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել էին Երեւան: Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում բժիշկների խիստ հսկողության տակ:
ՉԻ ԲԵԿԱՆՎԻ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020թ. հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլեւս չի ազատում վարչական պատասխանատվությունից: Այսինքն՝ տրանսպորտային միջոցը առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլեւս չի բեկանվելու: