Լուսանկարը համացանցից
Բնակչին ուղղված գրությունը մի փոքր տարօրինակ, մի փոքր էլ զավեշտալի է։ Թե ինչու է այսքան տառասխալներով գրված, անհասկանալի է։
ՀԱՐՑ. Ո՞վ կարող է դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Ո՞ր մարմինն է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:
Հրանուշ Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
ՀԱՐՑ. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» ձեւակերպելու պարագայում ի՞նչ ժամկետ է տրամադրվում:
Ալբերտ Հունանյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից եւ հանգամանքներից, եւ չի կարող գերազանցել 2 (երկու) տարին՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, երբ ապրանքների առանձին կատեգորիաների համար, կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Ընդ որում, ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչեւ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները օրենսգրքով նախատեսվող կարգով եւ պայմաններով «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու միջոցով: