ԳՈՐԾԸ ԿԱՐՃՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՔՈՒՆ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցն ու տնօրեն Մհեր Դավիդյանցը զրուցում գումարի մասին, ապա որոշում 100 հազար դրամ «այլ ծախսեր» ձեւակերպմամբ դուրս գրված գումարից 25 հազար դրամ առանձնացնել, դնել «սեյֆում»: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո ոստիկանությունը սկսեց զբաղվել դրանով, սակայն ուշագրավն այն է՝ մեկ ամիս անց պարզ դարձավ, որ այդ առիթով քրեական գործ չի հարուցվել: Մասնավորապես, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղղակի հայտարարեց. «Ոստիկանությունը զբաղվել է այդ գործով եւ որոշել, որ հանցակազմ չկա գործ հարուցելու»: Նկատեցի՞ք՝ մեր հրապարակումից մեկ ամիս անց գործ չհարուցելու մասին իրավապահների տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարը, այլ ոչ թե ոստիկանությունը:
Ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Այնտեղից ի պատասխան մեր հարցի՝ նշեցին. «Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն)»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչու ենք այդ մասին իմանում ոչ թե ոստիկանությունից, այլ առողջապահության նախարարից, նշեցին. «Ոստիկանությունը չբացահայտված նյութերի մասին հրապարակումներ չի անում, միայն պարզաբանումներ է տալիս»: Իսկապես ուշագրավ պատկեր է. նախ՝ առողջապահության նախարարը, կարծես թե, իր վրա է վերցրել ոստիկանության խոսնակի պարտականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ստացվում է հակասություն ՀՀ վարչապետի խոսքերի եւ ոստիկանության համակարգի գործողությունների միջեւ: Բանն այն է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակ ընդգծեց, որ պետք է հասարակության ֆիքսած խախտումների հետեւից եւս գնալ եւ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնել: «Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանել», – նշեց նա: Սակայն հետաքրքիր է, որ այս դեպքում լրատվամիջոցն անգամ համապատասխան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «այլ ծախսի» անվան տակ գումարներ դուրս գրվում, դրանից մաս է առանձնացվում, հավաքվում «սեյֆում»՝ անհասկանալի, թե ում համար, բայց ոստիկանությունը անհասկանալի դրդապատճառներով դա համարել է իրավաչափ, որոշել, որ հանցակազմ չկա: Շատ կասկածահարույց իրավիճակ է:

 

 

 

ArmLur.am լրատվական կայքի աշխատանքը երեկ խափանվեց ժամը 16:00-ի սահմաններում սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով: Ժամեր շարունակ աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել մեր կայքի սերվերի վրա: Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք: Ըստ մասնագետների՝ ժամեր շարունակ տարբեր երկրներից տարբեր IP-ներով նույն վայրկյանին մուտք են գործել կայք՝ այդպիսով խափանելով սերվերի աշխատանքը: Եվ քանի որ կիբերհարձակումն իրականացվել է այլ երկրների կողմից, կփորձենք պարզել նաեւ այն կազմակերպողների շրջանակը. արդյոք այն կազմակերպվել է Հայաստանի ներսո՞ւմ եւ իրականացվել այլ երկրներից, թե՞ միաժամանակ կազմակերպվել եւ իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս: Համաձայնեք՝ այս հարձակումներն իսկապես մտահոգիչ են, եթե հաշվի առնենք նաեւ դեկտեմբերի 19-ի ներխուժումը «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այդ դեպքից անցել է 23 օր, սակայն որեւէ բան չի բացահայտվել, ավելին՝ անգամ տարածքի տեսախցիկներն իրավապահները չեն ուսումնասիրել՝ գոնե պարզելու, թե որտեղից են ներխուժել, էլ չենք խոսում ներխուժման նպատակների պարզաբանման մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու, եւ արդեն գրություններ ենք ուղարկել ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներ Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պարզել երկու հարձակումների հեղինակներին ու պատճառները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաեւ այն բանի համար, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն: Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաեւ «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր եւ կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եւ Մելքումյանը, չհաշտվելով իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն բավարարեց բողոքն ու հակասահմանադրական ճանաչեց ԲԴԽ որոշումը: Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում: Կվերականգնվի նախկին պաշտոնում, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Արայիկ Մելքումյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն ԱՄՆ-ում պարզապես սովորում ու աշխատում է, եւ հայտարարեց, թե դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան: Եւ անդրադառնալով իր՝ սնանկ լինելու եւ պարտքեր ունենալու վերաբերյալ տեղեկությանը՝ հայտնեց. «Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն նախկին ԲԴԽ-ն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:




Լրահոս