«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԼԱՆԱՎՈՐԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական տարին կարելի է համարել բացված: Նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ անվանել՝ «Տարին սկսեցինք ռազմավարական նոր պլանավորումներով»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության նիստի ժամանակ պատգամավորները պլանավորել են քաղաքական տարին, քննարկել առաջիկա նախաձեռնությունները եւ մշակել նոր ռազմավարություն: Սակայն հետաքրքիր է, որ ընդդիմադիր խմբակցությունը դեռեւս չի շտապում բացահայտել իր ծրագրերը՝ ըստ էության անակնկալ պատրաստելով նաեւ գործող իշխանությունների համար: Եվ հետաքրքիր է, որ խորհրդարանական խմբակցությունից միայն նրանք են դեռեւս հավաքվել եւ քննարկում անցկացրել: Տեղի ունեցած նիստի եւ առաջիկա ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ի՞նչ է որոշվել խմբակցության նիստի ժամանակ: Ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստան»-ը սկսում 2020 թվականը:
-Հիմնականում քննարկել ենք մեր կատարած աշխատանքը, գնահատել ենք այն, քննարկել ենք բաղթողումները, թե ինչի վրա պետք է ավելի շատ շեշտադրում անել: Այսպես ասած, աշխատանքային առաջնահերթություններն ենք որոշել:
-Արդեն հստակեցրե՞լ եք՝ ինչի վրա եք շեշտը դնելու:
-Չեմ կարծում, թե այդ ամենը հրապարակման համար անհրաժեշտ է: Դրանք ներքին քննարկումներ են: Ժամանակը կգա, կտեսնեք:
-Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատելաոճում փոփոխություն սպասվո՞ւմ է:
-Այդ հարցը չենք քննարկել, սակայն չեմ կարծում, թե կլինի: Մենք գործել ենք գաղափարների, մոտեցումների շրջանակներում, եւ ցանկացած գործողություն եղել է հիմնավորված փաստերով: Որեւէ կտրուկ փոփոխություն մեր աշխատաոճում թերեւս չի սպասվում:
-Եթե ամփոփել եք նաեւ 2019 թվականի գործունեությունը, բացթողումներ արձանագրե՞լ եք խմբակցության աշխատանքում:
-Այո, եղել են: Կային որոշ բացթողումներ, առանց դրա չի լինում: Որոշակի բացթողումներ եւ խնդիրներ լինում են, բայց այդ ամենը գնահատել ենք, եւ կարեւոր է եղել, որ այդ ամենը քննարկվի, եւ, ըստ այդմ, ճիշտ որոշումներ կայացվեն:
-Իսկ դա ամբո՞ղջ խմբակցության թերացումն եք համարում, թե՞ կոնկրետ որեւէ անձի:
-Դա մեր ներքին քննարկման խնդիրն է, կարծում եմ: Յուրաքանչյուր կուսակցության կամ ուժի գործունեություն չի կարող լինել անթերի: Պետք է պարզապես հետո քննարկել, գնահատել թերացումները, հաջորդ քայլերն անելիս ավելի կատարելագործել:
-Քանի որ շուտով սկսվում են Ազգային ժողովի նիստերը, ինչպիսի՞ քաղաքական տարի եք կանխատեսում: Նախորդ տարի ականատես եղանք նիստերի ընթացքում լարվածության, երբ քաղաքական ուժերը, շատ հարցեր թողած, միմյանց հետ էին վիճում, անցյալ հիշեցնում: Ի՞նչ եք կարծում, մթնոլորտ կփոխվի՞:
-Այդ հարցում մեզ չեն կարող մեղադրել, այդ սլաքները մեզ ուղղված չեն: Մեր գործունեության այս մեկ տարվա ընթացքում մենք զբաղվել ենք կարեւորագույն խնդիրները բարձրաձայնելով, երբեք չենք գնացել քաղաքական պոպուլիզմի եւ երբեք չենք շեղվել, որքան էլ մեզ փորձել են շեղել երկրորդային եւ երրորդային հարցերով, մենք զբաղվել ենք հասարակությանը իսկապես հուզող իրական խնդիրներով: Երբեք չենք տրվել կեղծ օրակարգի:
-Այսինքն՝ կարծում եք՝ շատ անգամ կեղծ օրակարգ է եղել եւ փորձ է արվել շեղե՞լ:
-Ցավոք սրտի, այո: Քաղաքական դաշտում հաճախ են նման բաներ լինում, եւ հաճախ երկրորդային հարցերն են բերվում առաջին պլան, եւ իրական խնդիրները մնում են երկրորդական պլանում: Բայց կարծում եմ, որ մեր գործունեությանը հետեւողները տեսել են, որ մենք երբեք չենք տրվել պահի ազդեցությանը եւ միշտ զբաղվել ենք այն հարցերով, որը կարեւոր է:
-Իսկ այդ կեղծ օրակարգը իշխանությա՞ն կողմից է դրվել, եւ կարծում եք՝ խորհրդարանում մթնոլորտ փոխված կլինի՞:
-Ոչ միայն իշխանության: Եթե համեմատենք նախորդ տարվա հունվարի կամ փետրվարի հետ, ապա, այո, բայց գլոբալ, վերջին մի քանի ամիսների հետ համեմատած, չեմ կարծում:
-Տարեվերջին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ձգտելու են հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
-Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա: Քաղաքական անցուդարձից դուրս մնացած ուժերն, իհարկե, իրենց վրա ուշադրություն գրավելու համար կարող են այդպիսի օրակարգեր առաջ բերել: Բայց ես չեմ տեսնում որեւէ օբյեկտիվ պատճառ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

 

 

 

 

ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ՀՆԱՑԱԾ ԶԱՐԴԱՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Երբ հայտնի դարձավ, որ Երեւանում 2020թ. Ամանորի եւ սուրբծննդյան տոների համար նախատեսված ծախսը ընդհանուր շուրջ 425 մլն դրամ է լինելու (մոտ 600 000 դոլար), թեման լայն քննարկումների առիթ դարձավ: Բայց դա չխանգարեց, որ կառավարությունը 2019թ. նոյեմբերի 14-ի որոշում կայացնի՝ պետական բյուջեից քաղաքապետարանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրելու մասին: Իսկապես ռեկորդային հատկացումներ:

Ու թվում էր, որ այդքան աննախադեպ մեծ գումար տրամադրելու արդյունքում մայրաքաղաք Երեւանի տոնական զարդարանքը պետք է շլացուցիչ լիներ՝ գոհացնելով ամենաբծախնդիր բնակչին: Բայց տոնական օրերին, շրջելով Երեւանի վարչական շրջաններով, անզեն աչքով նկատվեց, որ գրեթե առանց բացառության բոլոր շրջաններում տարիներ շարունակ բոլորիս աչքին սովոր լուսային զարդարանքներն էին կախված: Ու եթե նախորդ տարիներին՝ անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի օրոք գնված լույսերը կախելիս գոնե փչացած լամպերը փոխարինվում էին նորերով, ապա այս տարի դա էլ չէր արվել:
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջաններում տիրող իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն են: ArmLur.am-ի նկարահանող խումբը հասցրել է լինել նշված երեք համայնքներում եւ արձանագրել, որ անգամ հնացած տոնական զարդարանքը նորացված չէ, եւ պատկերներն աղավաղված են: Մեր կողմից նկարահանված կադրերում հստակ երեւում է, որ զարդարանքների պատկերը ամբողջությամբ լուսավորված չէ, կան չվառվող փչացած լամպեր:
Իսկ ինչքա՞ն գումար է ծախսվել վարչական շրջանների կողմից ամանորյա տոների ձեւավորման եւ մշակութային միջոցառումների համար:
Մեր հարցումներին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Աջափնյակ վարչական շրջանը 6 մլն 634 հազար դրամ է ծախսել, Ավան վարչական շրջանը՝ 5 մլն դրամ, Արաբկիրը՝ 10 մլն 470 հազար դրամ, Դավիթաշենը՝ 2 մլն 180 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանը՝ 8 մլն 990 հազար դրամ, Կենտրոն վարչական շրջանը՝ 3մլն 287 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 9 մլն 580 հազար դրամ, Նոր Նորք վարչական շրջանը՝ 6 մլն 980 հազար դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ 1մլն 366 հազար դրամ, Նուբարաշենը՝ 2 մլն 277 հազար դրամ, Շենգավիթը՝ 8 մլն 648 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունը՝ 1 մլն 500 հազար դրամ:
Իսկ ինչո՞ւ են թերություններով լուսավորվել շրջանները: Մեր այս հարցին Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են. «Ինչպես արտաքին, այնպես էլ տոնական լուսավորության ապահովման համակարգերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են թերություններ, որոնք ընթացքում շտկվում են»: Բայց նկատենք, որ ընթացքում ոչինչ չի շտկվել: Լույսերը կախված օրվանից ունեցել են այս պատկերը, ու անհասկանալի է, թե միլիոնավոր գումարները որտեղ են ծախսվել տոնական զարդարանքի քողի ներքո:
Իսկ մենք էլ մշտապես խոսում ենք զբոսաշրջությունը խթանելու մասին, բայց չգործող լամպերով ի՞նչ գրավչություն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ԲՈՒՌՆ ՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵՑ
Չնայած 2020 թվականի աշխատանքային շաբաթը նոր է մեկնարկել, սակայն Ազգային ժողովում սկսվում են բուռն աշխատանքային օրերը, եւ արդեն այսօր մշտական հանձնաժողովի նիստ է նախատեսված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենա ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում կան ինչպես երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, նաեւ այնպիսինները, որոնք առաջին անգամ պետք է քննարկվեն թե՛ մշտական հանձնաժողովում, թե՛ հունվարի 21-ին մեկնարկելիք նստաշրջանում: Ավելին, հունվար ամսին կլինեն ոչ միայն հանձնաժողովների եւ լիագումար նիստեր, այլ նաեւ խորհրդարանական լսումներ: Դրանցից մեկը կլինի հունվարի 16-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տեսալսողական մեդիածառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս հանձնաժողովն իր հերթական նիստը կանցկացնի երկուշաբթի՝ հունվարի 13-ին, եւ ի թիվս այլ նախագծերի՝ օրակարգում ընդգրկված է նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքը, որով կարգավորվում է, թե ովքեր կարող են դրանք շնորհել: Եվ, ըստ այդ նախագծի, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ:

 

 

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ «ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժամանակավոր՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացվեն հատուկ ընթացակարգով: Փորձաքննությունները (հաշմանդամության գնահատումը) կիրականացվեն նոր սկզբունքով պատահական ընտրությամբ ձեւավորված հանձնաժողովների միջոցով: Կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով, կձեւավորվի 5-7 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Իսկ բժշկասոցիալական փորձաքննության բաժիններն աշխատելու են կրճատված կազմով՝ 24-ի փոխարեն 9-ը բաժին, որը ենթադրում է շուրջ 140 մլն 484 հազար 782 դրամ խնայողություն:
Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմելիությունը կազմում է տարեկան շուրջ 47 հազար անձ, որից առաջին անգամ փորձաքննվողները՝ 15 հազար, վերափորձաքննվողները՝ 32 հազար անձ:
Նշենք, որ սա այն հանձնաժողովն է, որը մարդկանց հաշմանդամության կարգ է տալիս, ու մշտապես դժգոհություններ կան, որ սուբյեկտիվ վերաբերմունք է կիրառվում, եւ ոչ միշտ է հաշմանդամ մարդը կարգ ստանում, իսկ առողջ մարդը՝ արձանագրվում որպես այդպիսին:




Լրահոս