Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ, գործս արել եմ հավեսով ու նվիրումով: Շնորհակալ եմ»: Չնայած այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր հեռանալը ներկայացրել է այնպես, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այնքան էլ այդպես չէ:
Պարզվում է՝ ներկուլիսային լուրջ խնդիրներ են նախորդել այս պաշտոնանկությանը, եւ բանը հասել է այնտեղ, որ վարչապետը SMS-ով հրահանգել է Կարապետյանին դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառների վերջին կաթիլը եղել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի տեքստը: Նշենք, որ տեքստը վարչապետն ընթերցել է սուֆլյորից, եւ Ազատություն ռ/կ հեռարձակած տեսանյութի 09:18-09:24 վայրկյաններին նկատվում է, որ ընթեցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շարունակում իր խոսքը, դադար է տալիս: Մեզ հայտնի դարձավ, որ դադարի պատճառը տեքստի կրկնությունն է եղել: Այսինքն՝ մեկ նախադասությունը տեքստում երկու անգամ է եղել. լավ չի խմբագրվել: Դրանից հետո Ն. Փաշինյանն իր մոտ է կանչել Վ. Կարապետյանին, նախատել նրան փնթի տեքստ իրեն տալու համար եւ հորդորել աչքին չերեւալ:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ խոսնակի ու վարչապետի փոխադարձ դժգոհությունը երկար ժամանակվա պատմություն ունի: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Վլադիմիր Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում միջին մակարդակի որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ ասելով, թե հոգնել է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելուց ու ցանկանում է դուրս գալ:
Մենք շարունակենք փոխադարձ դժգոհությունների թեման՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դժգոհ է եղել Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից այն բանի համար, որ խոսնակը չի կարողացել իր գործունեության մեկ տարվա ընթացքում վարչապետի կատարած ահռելի աշխատանքն այնպես մատուցել հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչքան տարբերություններ կան նախկինի ու ներկայի միջեւ: Ըստ Փաշինյանի՝ ֆեյսբուքում կատարված իր գրառմամբ ինքն ավելի շատ քարոզչություն է անում, քան Վ. Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, վարչապետին մտերիմ մարդիկ հասկացրել են, որ Կարապետյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում այդպես էլ չկարողացավ լրատվական դաշտի հետ նորմալ փոխհարաբերություններ ձեռք բերել, ավելին՝ ինչ-որ բաժանումներ է կատարել, սեւերի ու սպիտակների դասել ԶԼՄ-ներին՝ այդպես թշնամանք ու ագրեսիա առաջացնելով անձամբ Փաշինյանի հանդեպ: Այսինքն՝ փոխանակ բոլոր լրատվամիջոցների հետ հավասար աշխատեր, Կարապետյանը թշնամանքի ու ատելության ահռելի չափաբաժին է տարածել: Բացի այդ, Կարապետյանը, ըստ Փաշինյանի շրջապատի, մշտապես ինֆորմացիաներ է դուրս հանել դեպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատ, ինչը անընդունելի է:
Նկատենք, որ չնայած այս փոխադարձ դժգոհություններին եւ պաշտոնանկության լուրին, որը հունվարի 7-ից արդեն շրջանառվում էր, Վլադիմիր Կարապետյանը մինչեւ վերջին պահը հասցրել է մամուլի խոսնակներին ներքին կարգով հրահանգել աշխատել յուրային լրատվամիջոցների հետ ու տվել է ԶԼՄ-ների ցանկ, թե իրենք ում հետ պետք է լավ աշխատեն, որ լրատվամիջոցների հարցերին պատասխանեն, որ լրագրողներին մերժեն: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Վլադիմիր Կարապետյանի կողմից «մերժվածների» ցանկում է եղել, որովհետեւ մեր լրատվամիջոցը Կարապետյանի հրահանգներին չի ենթարկվել երբեւէ, կամ նրա «նվագած դուդուկի հնչյունների տակ չի պարել»: Շատ խոսնակներ մեզ հետ մասնավոր զրույցներում դժգոհեցին, որ Կարապետյանի տրամադրած ցուցակի ձեռքը «կրակն են ընկել»: Նրանք հետհեղափոխական Հայաստանում այդ մեթոդները անցյալի դառը հուշեր էին համարում:
Նշենք նաեւ, որ գրեթե մեկամյա պաշտոնավարման ընթացքում Վլադիմիր Կարապետյանն իր վերահսկողության տակ էր վերցրել նաեւ հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքները ու ինքն էր միանձնյա թելադրում, թե ով ինչ պետք է անի, իհարկե, առավել փափուկ ու մեղմ բառապաշարով, քան դա արվում էր Սերժ Սարգսյանի օրոք նախագահականից: Նույնիսկ մի քանի լրատվական կայքերի խմբագրություններից մեզ հայտնեցին, որ զանգահարել եւ զգուշացրել է, թե այս կամ այն տեսանյութը պետք է հեռացվի կայքից, համացանցից՝ մոտավորապես այսպիսի տեքստով՝ «Դուք գիտեք՝ կանեք, թե ոչ, բայց ես ասում եմ՝ հանեք»: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է նման բողոքներ ստացել գործընկերներից…
Իսկ եթե, ընդհանրապես, փորձենք գնահատական տալ Վլադիմիր Կարապետյանի մեկ տարվա աշխատանքին՝ որպես ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, ապա այն կարելի է որակել թերեւս խայտառակություն: Կարապետյանը այս ժամանակահատվածում միայն հասցրել է խնդիրներ ունենալ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ, բացառապես վերջինս շփվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ, որոնք էլ իր ուղղորդմամբ էին աշխատում հիմնականում: Ըստ օդում կախված լուրերի՝ Վլադիմիր Կարապետյանը նաեւ պալատական խարդավանքների մեծ վարպետ էր, կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն, բայց վերջինիս հաջողվում էր այն մատուցել որպես բացարձակ ճշմարտություն: Ում հետ վատ հարաբերություններ ուներ, նրան պիտակավորում էր քոչարյանական (Ռոբերտ Քոչարյանի աջակից) ու դասում թշնամիների շարքին: Եւ, ցավոք սրտի, շատ հաճախ Նիկոլ Փաշինյանը ընկնում էր այդ սուտ լուրերի ազդեցության տակ ու թշնամանում շատերի հետ: Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնց հետ նախկինում Նիկոլ Փաշինյանն ունեցել է փայլուն հարաբերություններ, հիմա թշնամի են դարձել:
Բացի այդ, լուրեր են պտտվում, որ Կարապետյանն արդեն անցել էր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների վրա «բոչկա գլորելուն», ինչ-որ ինֆորմացիաներ էր տալիս նրանց մասին վարչապետին: Նրա մշտական թիրախում են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը, իրավապահ համակարգի ղեկավարները, որոնցից շատերին Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել:
Իհարկե, չնայած այս ամենին՝ Վլադիմիր Կարապետյանը կորցրեց իր պաշտոնը, ու երեկ ողջ օրվա ընթացքում Կարապետյանի շրջապատից լուրեր էին հորդում, թե նրան ավելի լավ պաշտոնի է նշանակելու Փաշինյանը: Կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շատ երկար մտածի նոր մամուլի խոսնակի ընտրության հարցում, քանի որ նախորդ խոսնակ Արման Եղոյանը, Վլադիմիր Կարապետյանը իսկական պատուհաս էին դարձել լրատվամիջոցների համար: Իսկ խոսնակի գործառույթը առաջին հերթին հենց լրատվամիջոցների հետ աշխատանք է ենթադրում:
Այնպես որ, ի գործ. հույսով սպասենք, որ վարչապետը, ի վերջո, ճիշտ որոշում կկայացնի իր մամուլի խոսնակի նշանակման հարցում եւ կվերականգնի լրագրողների հետ անկաշկանդ շփվելու իր երբեմնի որակները:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը սկսել է իր՝ «օգնողներ» ներգրավելու աշխատանքները: Աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը կայացվել էր դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, եւ մինչեւ տարեվերջ մեկ նիստ է անցկացվել: Սակայն հանձնաժողովը որոշել է աշխատանքները լայն թափով իրականացնել այս տարի եւ հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել անհրաժեշտ օրենսդրական փաթեթը: Եվ, ահա, այդ աշխատանքներն արագացնելու նպատակով աշխատանքային խմբի կողմից հրավեր է ուղարկվել հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին, սակայն նրանք պահանջ են դրել, որ այդ մարդիկ պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն: Աշխատանքային խումբն իր աշխատանքները կվերսկսի հունվարի 20-ից հետո:
ԲԱԺՆԻ ՊԵՏՆ ՈՒ ՀԱՅՐԸ
Դատախազության աշխատակիցները հայտնվել են ենթադրյալ հանցագործների թիրախում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հոկտեմբերի 6-ին գողություն էր տեղի ունեցել Երեւանում. թալանել էին ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին՝ նրա բնակարանից տանելով խոշոր չափի գումար, ոսկյա եւ արծաթյա զարդեր: Այս դեպքից ամիսներ անց հանցագործների թիրախում հայտնվեց դատախազության մեկ այլ պաշտոնյա: Մասնավորապես, դեկտեմբերի 20-ին անհայտ անձը կամ անձինք Երեւանում թալանել էին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Աննա Բադալյանի բնակարանը: Նա աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ: Իրավապահները հարցաքննել են ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանին եւ նրա հայրիկին, որոնք հայտնել են, որ որեւէ մեկին չեն կասկածում:
ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հայտնի դարձավ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելով, իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝ իր անվտանգությունն ապահովեն թիկնապահները: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել էին դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել նրան: Եվ, ահա, կատարվածից 4 ամիս անց դատավորը իր մտերմիկ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝ իր անվտանգությունը ապահովեն: Նշենք, որ այս գործով կա երկու մեղադրյալ, եւ գործն արդեն մտել է դատարան:
«ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐԸ»
Ենթադրում եմ, որ այսօրվա մեր քննարկումից հետո սոցիալական ցանցերում եւ այլ տեղերում ակտիվանալու են ժողովրդին «գործ տվող» դարձնելու մղումների մասին խոսակցությունները. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես՝ որպես մարդ, որ հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ «գործ տալու» մասին խոսողներն ամենամեծ «գործ տվողներն» են այն պայմանով, որ իրենք դա անում են իրենց անձնական կոնկրետ խնդիրները լուծելու, անձնական շահագրգռությունների համար: Մենք ասում ենք՝ հանրային շահի համար եկեք մեր ունեցած տեղեկատվությունը, մեր տեսածն ու լսածը, անկախ նրանից, թե մեր նեղ անձնական շահերին որքանով է հակասում, օգտագործենք հանրային շահի համար»,- ասել է նա:
ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԱՆՑԵԼ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից անցել է Բելառուսի ներկայացուցիչ Զասին: