Ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին:
Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատավոր Արայիկ Մելքումյանը Հայաստանում չէ, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, նա ԱՄՆ-ից քաղաքական ապաստան է խնդրել:
Հիշեցնենք, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործը քննվել էր բոլոր կողմերի ներկայությամբ դռնբաց նիստում: Նրան կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Արդյունքում ԲԴԽ-ն որոշել էր բավարարել միջնորդությունը:
Եվ, ահա, Արայիկ Մելքումյանը չէր հաշտվել իրականության հետ եւ իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու շուրջ մեկ տարի անց՝ դեկտեմբերի 24-ին, Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, բավարարեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչեց Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը։
Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում:
Ու մինչ կպարզվեր՝ նախկին պաշտոնում վերականգնվելու է դատավորը, թե ոչ, նրա գործունեության մասով լուրջ որոշումներ են կայացվել:
Եվ այսպես, դեռեւս 2018 թվականին դատավոր Արայիկ Մեքումյանին սնանկ ճանաչելու մասով դիմում էր եղել Սնանկության դատարան. մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Սնանկության դատարան է դիմել Դիանա Կատայանը:
Նրա պաշտպան Ազատ Շահբազյանը դատարանում հայտնել է, որ Դիանա Կատայանը Արայիկ Մելքումյանին տվել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անտոկոս փոխառություն։ Ա. Մելքումյանը կատարել է մասնակի վճարումներ։ 26.04.2017թ. դրությամբ վերջինիս պարտքը կազմել է 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որն առ այսօր չի վճարել։ Դիանա Կատայանը դիմել է դատական պաշտպանության՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։ Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվում. դատավորից գումար գանձելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որը հայտնել է, որ դատավորը բանկին պարտք է ավելի քան 78 հազար ԱՄՆ դոլար: Իսկ, ահա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին դատավոր Մելքումյանը պարտք է 22 հազար ԱՄՆ դոլար:
Այս ամենի արդյունքում դատավոր Արայիկ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, եւ արգելանք է դրվել նրա գույքի վրա:
Նկատենք, որ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորը սնանկ է ճանաչվել, վերջինս դժվար թե հետ վերադառնա դատական համակարգ:
Ու թեեւ այսքանից հետո Արայիկ Մելքումյանը հայտնել էր, որ իր փաստաբանը դիմում կներկայացնի ԲԴԽ-ին, որպեսզի վերացվի իր նկատմամբ կայացված ԲԴԽ որոշումը, սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա դրությամբ դեռեւս ԲԴԽ-ին դիմում չի ներկայացվել:
Ավելին, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Արայիկ Մելքումյանն այս օրերին երկրում չէ, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ լուրեր կան, որ Արայիկ Մելքումյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից քաղաքական ապաստան է խնդրել՝ հայտնելով, որ ինքը հետապնդման է ենթարկվել Հայաստանում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնեց, որ սուտ տեղեկություններ են, ինքը ԱՄՆ-ում սովորում ու աշխատում է իրավաբանական գրասենյակում: Ավելին, հայտնեց, որ դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան: Անդրադառնալով այն հարցին, թե իր՝ սնանկ ճանաչվելու փաստը չի խանգարի արդյոք դատավորի պաշտոնում վերականգնվելու հարցում, Արայիկ Մելքումյանը հայտնեց. «Ես սնանկ եմ ճանաչվել ինձ հանելուց հետո, քանի որ իրենց սխալ որոշումից հետո չկարողացա վարկերս սպասարկել: Իհարկե չի խանգարի, պետք է նախ վերականգնեն, դրանից հետո կտեսնենք: Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն է նախկին ԲԴԽ-ն՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության «Գյումրի-2» տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետի գործը գնաց դատարան: Էդիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող` ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության «Գյումրի-2» տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ, խոշոր չափերով ապօրինի վարձատրություն է ստացել իր լիազորությունների շրջանակներում, որպեսզի նպաստառուների օգտին գործողություններ կատարի: Վերջինիս նկատմամբ խափանման միջով է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ
ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել եւ կոտրել են հեռախոսը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ եւ վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել: Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 162ա հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի վարչական շենքի մոտ վիճաբանել է Հրանտ Վարդանյանի հետ, որի ընթացքում կոտրել է վերջինիս պատկանող «Սամսունգ Գալաքսի Ս10» մոդելի հեռախոսը` պատճառելով 235.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տիգրան Քոսոյանը կալանավորվել է:
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ
Դատական հայց՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարար Բադասյանին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Վ. Ավանեսյանի, Մամիկոն Դրմեյանի, Երվանդ Խունդկարյանի, Գոռ Հակոբյանի եւ Նախշուն Տավարացյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացնել կամ կարգապահական վարույթ չհարուցելու մասին հիմնավորումները ներկայացնել:
Թե ինչ արդյունք կունենա հայցը, ժամանակը ցույց կտա։
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը երեկ կալանավորվել է: Որոշումը հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը որոշումը որակել է կամակատարային, խայտառակ: «Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, այն պարզապես ոչնչացված է»,- ասել է նա: Պաշտպանի խոսքով՝ որոշումը կբողոքարկվի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր եւ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին: Պողոսյանը նշել է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի որոշման մեջ որեւէ գործողության կատարման որեւէ ձեւակերպում չկա: «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել, ինչ առնչություն ունի դրա հետ Յուրի Խաչատուրովը: Ես փորձել եմ մեղադրանքի որոշման մեջ գտնել նրան վերագրվող գործողություն կամ անգործություն, ինչը, սակայն, նկարագրված չէ»,-ասել է նա: Մեղադրող կողմն ընդգծել է, որ ներկայացված միջնորդությունը նույնաբովանդակ էր, ուստի իրենց դիրքորոշումը ամբողջական կներկայացնեն բոլոր միջնորդությունների քննության ավարտից հետո:
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Նախօրեին՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Ա.-ն, որը 2019թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հունվարի 8-ին՝ Նուրսուլթան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 44-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2019թ. հունվարի 25-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից:
255 ՏՈՒԳԱՆՔ
2019-ին ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է 620 վարչական վարույթ հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի պատճառով: Ըստ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ ուշադրության կենտրոնում է պահվում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում գործող հասարակական զուգարաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը: Արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել է 255 տուգանք: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի մայրը՝ Քնարիկ Գյուլումյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 10-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: