ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԻ ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցը չի գտնում իր սեփականատիրոջը: Հյուրանոցն աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Հյուրանոցի հերթական աճուրդը կկայանա փետրվարի սկզբին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու էր դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:

Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ: Իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ):
Ի դեպ, տեղեկացնենք, որ աճուրդն անցկացվելու է դասական եղանակով, այսինքն` աճուրդավարը մասնակիցներին առաջարկելու է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով:
Թե ինչու երկար ժամանակ հյուրանոցի համար չի հաջողվում գտնել նոր սեփականատեր, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանից:
-Պարո՛ն Բաբայան, առաջին աճուրդից հետո հյուրանոցով հետաքրքրվողներ կա՞ն:
-Հիմա չեմ կարող ասել, նոր աճուրդի մասին դեռ չենք հայտարարել: Հյուրանոցի գինը 5 տոկոսով նվազելու է:
-Հայտնի՞ է, թե երբ է տեղի ունենալու հաջորդ աճուրդը:
-Ենթադրում եմ՝ հաջորդ՝ երկրորդ աճուրդը կլինի փետրվարի սկզբին: Մենք հաջորդ շաբաթ կհայտարարենք աճուրդի մասին, որից հետո նորից կսպասենք հայտերին:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Բաբայան, հետաքրքրվողներ կա՞ն, թե՞ ոչ:
-Հետաքրքրվողներ եղել են այս ընթացքում էլ: Նախորդ աճուրդի չկայանալուց հետո գնացել, տեսել են հյուրանոցը, շրջել տարածքով, բայց ես դրա հիման վրա որեւէ բան չեմ կարող ասել հիմա:
-Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում եւ պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաեւ հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, եւ նպատակահարմար չեն գտնում գնել այն:
-Գիտեք, որ ասում եք՝ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, դա ես չգիտեմ, թե ինչպես են պարզում: Ամբողջ խնդիրն այն է, որ որեւէ մեկը, չեմ կարծում, որ կարող է ասել՝ վնասով է աշխատել, թե ոչ: Թե ինչն են ժամանակին որպես եկամուտ ցույց տվել կամ ինչը չեն ցույց տվել, դա նույնպես ոչ ոք չի կարող ասել: Հետեւաբար, այդ ամեն ինչը պարզ չէ: Այսինքն՝ այդ, որ ասում եք՝ հաշվարկներն են անում, հաշվարկ անողները, որոնք մի քիչ ավելի պրոֆեսիոնալ հարցին մոտենան, կարող են այս շենքը դիտարկել որպես գույք… Իրենք կհաշվարկեն, որ եթե այս գույքն իրենցն է, կհասկանան՝ այն ինչպես աշխատացնել, իրենց մարքետինգը ոնց կարող են անել կամ կարո՞ղ են, թե՞ ոչ: Նախորդի վրա հիմնվելը… Ենթադրենք, որ վատ են աշխատացրել, դրա պատճառով է վնասով աշխատել, բայց ես ասացի նաեւ ուրիշ պատճառ՝ որ եկամուտները կարող էին ուղղակի ցույց չտալ:
-Պարո՛ն Բաբայան, կառավարությունն արդյոք մտադի՞ր է առաջիկայում քննարկել հյուրանոցն իրեն պահելու եւ այն գործարկելու տարբերակը:
-Գիտեք, հիմա կառավարության որոշումն ընդունվել է աճուրդի տարբերակը: Եւ կառավարության որոշմամբ սահմանված է, որ մի քանի՝ 3 անգամ, պետք է աճուրդ իրականանա չկայանալու դեպքում: Եթե անգամ այդ անգամները չկայացավ, եւ գինն իջավ, եւ կառավարության որոշմամբ նախատեսված աճուրդների անցկացման թիվը լրացավ, ապա դրանից հետո այլ տարբերակները նորից կքննարկվեն:
-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դուք նաեւ հայտարարել էիք, որ այլազգի ներդրող կա, որը մտադիր է ձեռք բերել հյուրանոցը, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիր կար: Ի՞նչ եղավ այդ ներդրողի հետ: Ինչո՞ւ չմասնակցեց աճուրդին:
-Անկեղծ ասած, չեմ կարող ասել, որովհետեւ ինձ համար մինչեւ վերջ հասկանալի չէ:
-Պարո՛ն Բաբայան, նաեւ ներդրողները այդ հյուրանոցը ձեռք բերելուց հրաժարվում են՝ պատճառաբանելով անհարմար դիրքը: Ասում են՝ գտնվելու տեղը հարմար չէ, երկար ճանապարհ պետք է կտրեն՝ հյուրանոց հասնելու համար: Իսկ եթե պետք է մոտենան հյուրանոցին, ապա միայն մեքենայով, ոտքով դժվար է:
-Ճանապարհ կտրողները, միեւնույնն է, մեքենայով են, իսկ ով էլ որ չունի, ավտոբուսով կարող է գնալ: Բայց դիրքը շատ հարմար է. միակ հյուրանոցն է, որ կարելի է դահուկը հագնել, հյուրանոցից դուրս գալ եւ քշելով հայտնվել դահուկային մայրուղու վրա, եւ միանգամից իջնել եւ նորից նստել ճոպանուղին ու բարձրանալ: Միակ հյուրանոցն է, որն ունի այդ առավելությունը: Որ ասում են՝ դիրքը հարմար չէ, համաձայն չեմ: Հակառակը՝ դիրքը լավն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱՈՃՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
Հայաստանում գազալցակայանների կողմից սահմանած գները մտահոգում են վարորդներին: Տեւական ժամանակ է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց արեց մի քանի գազալցակայաններում եւ զրուցեց ե՛ւ վարորդների, ե՛ւ գազալցակայանների աշխատողների հետ:
Վարորդների մեծ մասը վերջին ամիսներին՝ իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս, պարզել են, որ սովորականից ավելի են վճարում: Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատել էր, որ իր մեքենայի 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելուց հետո արդեն երկու օր է` վճարում է 4300 կամ 4400 դրամ` նախկին 3600 դրամի դիմաց:
«Իմ մեքենայի գազաբալոնը 1.4 է, ես միշտ դատարկ բալոնը լցրել եմ, ու գինը կազմել է 3000-3300, հիմա այն կազմում է 3700-3800 դրամ, ու քիչ եմ քշում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց վարորդը:
Մեկ այլ վարորդ էլ վրդովվեց՝ նշելով. «Վճարն ավելացել է, մի լիցքավորման մեջ մոտավոր 1000 դրամ ավել եմ վճարում: 1.2 դատարկ գազաբալոնը լիցքավորելու համար վճարում եմ 3800 -4000 դրամ, նայած գազալցակայան՝ 200-300 դրամի տարբերություն է տալիս: Իսկ նախկինում՝ մեկ-երկու ամիս առաջ, դատարկ բալոնը լիցքավորելու ժամանակ վճարել եմ 3200-3300 դրամ»: Սակայն գազալցակայանի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խնդիրը կապեց եղանակային ցուրտ պայմանների հետ եւ բացատրեց հետեւյալ կերպ. «Դա հնարավոր է եղանակի հետ կապված լինի, որովհետեւ գազի ջերմաստիճանը տատանումներ ունի, եւ ջերմաստիճանի բարձրացումից գումարի գինը բարձրանում է, իսկ քաշն ավելանում է»:
Մենք գազալցակայանի աշխատողին փոխանցեցինք վարորդների դժգոհությունները՝ կապված ճնշման հետ: Պարզվում է՝ գազալցակայաններ կան, որոտեղ հաշվիչի վրա ցույց են տալիս բարձր ճնշում, բայց, վարորդների համոզմամբ, իրենց խաբում են, այն իրականում ցածր է: «Մեր գազալցակայանում 200-ից ավել չենք լցնում, դա միջազգային ստանդարտներին է համապատասխանում: Մենք 198-200-ից ավել ճնշումով գազ չենք լցնում, ով ուզում է լինի, նույնիսկ մեր բարեկամը կամ հայրիկս»,- արդարացավ գազալցակայանի աշխատողը:
Եւս մեկ խնդիր. վարորդներին անհանգստացնում է նաեւ այն, որ բնական սեղմված գազը տարբեր տեղեր տարբեր գին ունի. «Հետաքրքիր է, Երեւանում բնական սեղմված գազի մեկ կիլոգրամն արժե 300 դրամ, իսկ Արմավիր քաղաքում, որը մի քանի կիլոմետրով է հեռու Երեւանից, 255 դրամ է, ու մարդիկ լավ էլ լցնում են: Քաղաքից դուրս ես գալիս, որտեղ լինի, նորմալ լցնում են: Երեք ամիսներին ահավոր վիճակ է»:
Տեղեկացնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեւական ժամանակ է՝ ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԵՐԴԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ՝ ՏՆՕՐԵՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել Վազգեն Մարգարյանին «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2019թ. ապրիլի 22-ին կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վազգեն Մարգարյանին Իջեւանի ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել ինքը՝ մարզպետ Չոբանյանը:

2019թ. դեկտեմբերի 26-ին մարզպետը, նկատի ունենալով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի եզրակացությունը եւ Էդուարդ Գրիգորյանի դեկտեմբերի 18-ի դիմումը, որոշել է էդուարդ Գրիգորյանին 2019թ. դեկտեմբերի 27-ից նշանակել «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախորդ՝ 2019թ. հոկտեմբերի 1-ին կայացած մրցույթին մասնակցել են այդ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը եւ Բերդի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանը:
Վազգեն Մարգարյանը այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, բոյկոտել, բողոք ներկայացրել, որ մրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրեն չեն տրվել, ինչը օրենքի խախտում է: Նրա կողմից բողոքարկելուց հետո որոշվել է «Իջեւանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր մրցույթն անցկացնել 2019թ. դեկտեմբերի 18-ին:
Դեկտեմբերի 18-ի մրցույթին մասնակցել են 3 անձ՝ Վազգեն Մարգարյանը, Էդուարդ Գրիգորյանը եւ Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը: Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ այդ մրցույթի գրավոր փուլի արդյունքում ինքը ստացել է առավելագույն՝ 100 միավոր, սակայն բանավոր փուլի արդյունքում ավելի քիչ միավոր է ստացել, քան 2 մրցակիցները: Այդ երկուսն անցել են մրցույթի 3-րդ փուլ: Վազգեն Մարգարյանն ասաց, որ բանավոր հարցաշարի հարցերը նախապես իրենց չեն տրամադրել: Նա բանավոր հարցերից մեկի իր պատասխանի կապակցությամբ բողոքարկել է մրցույթը՝ համարելով, որ ինքը այդ հարցին ճիշտ է պատասխանել, սակայն բողոքարկումն արդյունք չի տվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս