«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՖՖ գործկոմի նորընտիր անդամ եւ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ:
-Պարո՛ն Շահգելդյան, ի՞նչ մթնոլորտում անցան ընտրությունները, եւ ինչպե՞ս կգնահատեք արդյունքները:
-Կար մի փոքր լարվածություն, որը շատ բնական էր, անցավ շատ նորմալ, եւ ով ում ցանկանում էր, նրան էլ ընտրեց: Համենայնդեպս, առաջին անգամ էր, որ կար մրցակցություն:
-ՀՖՖ-ն ունեցավ գործկոմի նոր անդամներ: Ի՞նչ կասեք նրանց մասին, եւ ինչպիսի՞ գործունեություն եք սպասում Ձեր գործընկերներից:
-Գործկոմի անդամները, այսպես ասած, ֆուտբոլային մարդիկ են, եւ դա շատ լավ է: Բոլորի կողմից սպասում եմ միայն լավը ու գիտեմ, որ կլինեն հետաքրքիր առաջարկներ, լավ եւ արդյունավետ քննարկումներ: Կարծում եմ՝ հավաքվել են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Բոլորին մաղթում եմ լավ եւ բեղմնավոր աշխատանք:
-Արդեն ՀՖՖ գործկոմի անդամ եք: Մի փոքր կխոսե՞ք, կմանրամասնե՞ք Ձեր ծրագրերն ու գաղափարները:
-Կան շատ գաղափարներ, ծրագրեր, սակայն դեռեւս մանրամասնել չեմ կարող: Գործկոմի նիստերի ժամանակ ես կներկայացնեմ իմ կառուցողական ծրագրերը, որոնք միանշանակ կքննարկվեն, եւ միայն դրանից հետո արժե հրապարակայնորեն խոսել դրանց մասին:
Կան միանշանակ գաղափարներ, որոնցից մեկն էլ վերաբերում է մեր հայ ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստները պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանալու հնարավորություն ունենան: Գաղափարներից մեկը նոր լիգա ստեղծելն է: Ինչքան հայ ֆուտբոլիստ խաղալու հնարավորություն ունենա, այնքան կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Պետք է քննարկենք եւ հասկանանք՝ ինչպես անենք, ուր գնանք եւ ինչպես գնանք: Պետք է բոլորս միասին աշխատենք եւ գտնենք ճիշտ ճանապարհը:
-Ի՞նչ կասեք Բարձրագույն խմբի ձեւաչափի մասին, արյդոք հնարավո՞ր է վերադարձ լինի հնին:
-Պետք է սպասենք եւ տեսնենք այս ձեւաչափի վատ եւ լավ կողմերը, ապա դրանից հետո նոր ամեն բան պարզ կլինի: Հիմա չեմ կարող ասել՝ արդյոք վերադարձ կլինի հնին, թե ոչ: Հարկավոր է հասկանալ՝ ինչ օգուտ ունեցան այս ձեւաչափից հայկական ակումբները եւ երկրպագուները. եթե պլյուսները շատ են, ապա պետք է կատարելագործել, եթե մինուսներն են շատ, պետք է վերացնել դրանք: Դեռ առաջին տարին է, որ փոխվել է ձեւաչափը առաջնության, ու շատ վաղ է ասել՝ ճիշտ էր, թե սխալ:
-Լուրջ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում են հայտնվել Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Տորպեդո Երեւան» եւ «Մասիս» ֆուտբոլային ակումբները: Ի՞նչ կասեք սրա մասին, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանում պայմանավորված խաղերը վերացնելու համար: Հնարավո՞ր է, որ Առաջին խմբի 17 ակումբներից ոմանք հենց այդպիսի նպատակներ են հետապնդում:
-Պայմանավորված խաղերը հարկավոր է արմատախիլ անել հայկական ֆուտբոլից: Ֆեդերացիան միանշանակ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ: Կրկին շատ բանից տեղյակ չեմ, որովհետեւ Գործկոմի նիստ տեղի չի ունեցել, բայց վստահաբար կասեմ՝ ֆեդերացիան քայլեր ձեռնարկում է նմանատիպ բաները վերացնելու համար:
Ես չեմ ցանկանում հավատալ, որ Առաջին խմբում հայտնված ակումբներից ոմանք հենց պայմանավորված խաղեր անցկացնելու համար են: Առաջին անգամ է, որ Առաջին խմբում կա այդքան շատ ակումբ, եւ կարծում եմ՝ սրան պետք է նայել դրական տեսանկյունից: Կա պայքար Բարձրագույն խումբ դուրս գալու համար, կա ԲԿՄԱ-ն եւ Բարձրագույն խմբի դուստր ակումբները. եթե ակումբները օգուտ են տալու եւ նպաստելու են հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապա պետք է մնան Առաջին խմբում, իսկ եթե լինեն, իմանանք, որ կան թիմեր, որոնք այլ նպատակներով են խաղում, ապա կանենք ամեն ինչ նրանց գործունեությունը դադարացնելու համար:
-Դուք հանդիսանում եք նաեւ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը: Արդյոք այս երկու աշխատանքները չե՞ն խանգարում միմյանց:
-Չեմ կարծում, որ այս երկու աշխատանքները կարող են խանգարել միմյանց: Գործկոմի նիստերը ամեն օր չէ, որ լինելու են, եւ կարող եմ համատեղել: Կարծում եմ՝ ավելի շատ օգուտ կբերի այս համատեղումը, քանի որ ես հենց ներսից ծանոթ կլինեմ հայկական ֆուտբոլի խնդիրներին:
-Ինչպե՞ս է Ձեր թիմը պատրաստվում Առաջին խմբի այս շրջանին, նոր տրանսֆերներ լինելու՞ են:
-Ուսումնամարզական հավաքներ նախատեսվում են: Հունվարի 14-ից մենք կվերսկսենք մեր մարզումները: Կան ֆուտբոլիստներ, որոնք կհամալրեն մեր շարքերը՝ ե՛ւ լեգիոներներ, ե՛ւ հայ ֆուտբոլիստներ: Կարող եմ ասել, որ այս պատուհանի ընթացքում կունենանք 5-6 նորեկ: Ցանկանում ենք թիմ հրավիրել հայ երիտասարդ ֆուտբոլիստներին եւ հնարավորություն տալ նրանց: Մենք լուրջ քայլեր կձեռնարկենք, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստները աճ գրանցեն: Նրանք բոլորն էլ միանշանակ կստանան խաղաժամանակ:
Հիշեցնենք, որ Արմեն Շահգելդյանի գլխավորած «Վեստ Արմենիան»՝ վաստակած 46 միավորով, գլխավորում է Հայաստանի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որով բարձրացվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո ծնված առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանվում է 300.000 դրամ:
Ըստ մյուս նախագծի՝ առաջարկվում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ: Այս կարգավորումը եւս ուժի մեջ կմտնի 2020թ. հուլիսի 1-ից եւ կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա: Նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի:
ՄՏԱՀՈԳԻՉ ԵՂԱՆԱԿ
Իրականում կայուն շարունակվող այս տաք եւ չոր օրերը այլեւս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը. «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում, անցած տարվա նույն օրերի հետ համեմատ, եռակի եւ քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է: Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով: Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,-գրել է նա:
ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե եւ Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստան:
ԿԱՅՈՒՆ
Համաշխարհային բանկի 2020թ. Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020թ. զեկույցի համաձայն՝ թեեւ տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում՝ ի տարբերություն հարեւան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 եւ 2022-ին՝ 5.2%»,- ասված է զեկույցում: