Այս տարի` Ամանորի գիշերը, չհնչեց Հայաստանի պետական օրհներգը: Փոխարենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձից հետո հնչեց Կամո Սեյրանյանի «Զվարթ» նվագը, այնինչ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները օրհներգը պետք է հեռարձակեին Ամանորի գիշերը՝ Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո։ Փաստորեն, Հանրայինն ու մյուս մասնավոր հեռուստաընկերություններն ակնհայտորեն խախտեցին ՀՀ օրենքը: Հանրային հեռուստաընկերությունից պարզաբանեցին՝ քանի որ առաջին անգամ վարչապետի ուղերձը ուղիղ հեռարձակմամբ հնչել է Հանրապետության հրապարակից, եւ ելույթին անմիջապես հաջորդել է Հրապարակի տոնական համերգի առաջին համարը, Հանրային հեռուստաընկերությունն այն ցուցադրելուց հետո հեռարձակել է իր տոնական եթերը։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը սկզբում հայտարարեց, որ ՀՌՀ-ում նիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն: Սակայն ավելի ուշ ՀՌՀ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշված է, որ հունվարի 9-ին հանձնաժողովում գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը: Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը: Նիստի ընթացքում քննարկվել է այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն այդ նույն օրենքով Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:
«Արդյունքում ստացվում է, որ «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով, եւ որ մարմինն է լիազորված այն կատարելու, նշված չէ, այսինքն՝ առկա է օրենսդրական անորոշություն»,-ասված է հայտարարության մեջ:
Ի վերջո, հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին: Նա շեշտեց՝ թե ինչու Ամանորի գիշերը ՀՀ պետական օրհներգը չի հնչել, պետք է պատասխանեն կազմակերպիչները: Հարցին, թե գուցե օրհներգը չի հնչել, քանի որ վարչապետի ելույթը նախատեսվածից երկար է եղել, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Բայց ո՞վ ասաց, որ վարչապետի ելույթը երկար է եղել: Չեմ կարծում, որ նման խնդիր է եղել»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ եթե օրենքը ընդունվել է, ուրեմն օրհներգը պետք է հնչեր, եւ նրանք, ովքեր պատասխանատու էին օրհներգը հնչեցնելու համար եւ չեն արել դա, պետք է ենթարկվեն պատժի. «Բայց քանի որ օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ, կա՛մ պետք է օրենքը փոխվի, եւ վարչական հստակ պատասխանատվություն սահմանվի, կա՛մ օրհներգը հնչեցնել-չհնչեցնելու հարցը պետք է թողնենք հեռուստաընկերությունների հայեցողությանը»:
Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ, որը, ի դեպ, առաջիններից էր, որ անդրադարձավ այս թեմային, մեզ հետ զրույցում պնդեց՝ բոլոր դեպքերում, եթե հարցը վերաբերում է պետական խորհրդանիշներին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ի դեպ, նա հորդորեց չքաղաքականացնել թեման. «Ես չեմ կարծում, որ դիտավորություն է եղել, բայց պետք է չափազանց ուշադիր լինել ՀՀ պետական խորհրդանիշների նկատմամբ: Պետությունը միայն օրենքները չէ, այլեւ սիմվոլիզմը: Որոշակի բարոյական հենք կա, որը խախտել չի կարելի»:
Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ամանորի գիշերը օրհներգը հեռարձակել-չհեռարձակելը բանավեճի թեմա է. «Արդյոք պե՞տք է Ամանորի գիշերը օրհներգը պարտադրաբար հեռարձակել. ես հակված եմ կարծելու, որ ոչ: Ըստ իս՝ անհրաժեշտություն չկա նաեւ, որ ամեն օր հեռարձակվի օրհներգը (նկատի ունի 24:00-ի ամենօրյա հեռարձակման պահանջը-հեղ.): Օրհներգ հնչեցնելով՝ երկիր սիրել չեն տալիս: Գուցե մեր քննարկումները պետք է ծավալվեն «ՀՀ օրհներգի մասին» օրենքը փոխելու շուրջ: Ճիշտ է, ավանդույթը ուժ ունի, շատ դեպքերում առաջնորդվում ենք դրանով, բայց զարգացում ապրող հասարակություններում որոշ բաներ, այնուամենայնիվ, պետք է փոխվեն»:
«Ի՞ՆՉ ԱՍԵՄ, ԳԻՏԵՔ, ՈՐ ՍԱՂ ՖԵՅՔԵՐ ԵՆ…»
Երգչուհի Նունե Եսայանի դեմ համացանցային տիրույթում կրկին արշավ է սկսվել: Մի շարք խմբեր եւ օգտատերեր (դրանց մի մասը՝ ֆեյք) կոչ են անում բոյկոտել, իրենց ձեւակերպմամբ՝ «Նունե Եսայանի՝ փետրվարի 8-ին Ֆրանսիայում կայանալիք մենահամերգը»: Նրանք պատճառաբանում են՝ Նունե Եսայանը այն արտիստն է, որը կոչ է արել փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ուստի պետք է ազգովի բոյկոտել նրա եւ Քոչարյանի մյուս աջակից արտիստների համերգները:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Նունե Եսայանի հետ: Նա նախ պարզաբանեց, որ փետրվարի 8-ին Ֆրանսիայում մենահամերգ չունի, փոխարենը մասնակցելու է «Աստղիկ» պարախմբի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում կատարելու է մի քանի երգ. «Ինձ հրավիրել են, քանի որ իմ 7-8 երգի ներքո պարեր են բեմադրել, այդքանը»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում նման շահարկումներին, տիկին Եսայանը պատասխանեց. «Եկեք է՛լ չխոսեմ, իմ վերջին հարցազրույցի ժամանակ արդեն ասել եմ, որ այլեւս չեմ խոսելու, ոչինչ չեմ ասելու: Ի՞նչ ասեմ, գիտեք, որ սաղ ֆեյքեր են…Ես գնալու եմ այդ համերգին, ով ինչ ուզում է, գրի: Հիմա միայն գործ եմ անելու, աշխատելու եմ, ոչ մի բան չեմ ասելու, իմ արվեստով եմ ներկայանալու»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք դաշնակներն են իրեն հրավիրել այդ համերգին. «Դե դա Կապույտ խաչն է կազմակերպում, իրենց մի ճյուղն է, այո»:
Նշենք, որ խոսքը Կապույտ խաչի՝ «Հայ օգնության միության» (ՀՕՄ) հիմնադրմանին նվիրված երեկույթի մասին է: Այդ միությունը հիմնադրել են դաշնակցականները:
Հավելենք, որ վերջերս հանրության թիրախում նմանատիպ կերպով հայտնվեց նաեւ երգիչ Էրիկ Կարապետյանը: Սփյուռքից որոշ օգտատերեր տարածեցին հայտարարություն այն մասին, թե, իբր, Լոս Անջելեսում չեղարկվել, բոյկոտվել է Էրիկ Կարապետյանի համերգը, քանի որ նա եւս ստորագրել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Այնինչ երգիչն ավելի ուշ տարածեց հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ-ում համերգ նախատեսված չի էլ եղել, եւ հորդորեց իր անունը չշահարկել որեւէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվություն տարածելիս: Ավելի վաղ նա նաեւ պնդել էր, որ չի ստորագրել այն հայտարարության տակ, որով տասնյակ հայտնի արտիստներ կոչ էին անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄՈՏ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ
Ղազախական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Կայրաթի» կազմում: Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը գտնվում է ակումբի տրամադրության տակ եւ շուտով կստորագրի նաեւ պայմանագիր: 2019 թվականին մեր ընտրանու առաջատարներից մեկը հանդես էր գալիս «Ժետիսուի» կազմում, որտեղ անցկացրած 27 խաղում հասցրել է դառնալ 5 գոլի հեղինակ:
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԲՈՒՄ
Անգլիական «Մանչեստեր սիթին» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է իսկական փոթորիկ առաջացնել Եվրոպայում եւ գնել միանգամից 6 ֆուտբոլիստի: Թիմի գրանցած ոչ բավարար արդյունքը Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային ստիպում է գնալ լուրջ քայլերի: «Քաղաքայինները» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում են ձեռք բերել «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին, «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշին, «Լեսթեր Սիթիի» առաջատարներից Բենյամին Չիլվելին, «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսին: Եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մանչեստրյան ակումբը լքի Լերոյ Սանեն, ապա Գվարդիոլան ամեն ինչ կանի «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Միկել Օյարզաբալին իր թիմում տեսնելու համար: The Telegraph-ը տեղեկացնում է նաեւ, որ Անգլիայի գործող չեմպիոնները հետաքրքրված են նաեւ այլ ֆուտբոլիստներով, որոնց անունները դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ «երկնագույնները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն են՝ վաստակած 44 միավորով, եւ առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում 14 միավորով: Ի դեպ, մերսիսայդյան ակումբն էլ, «Սիթիի» համեմատ, 1 հանդիպում քիչ է անցկացրել:
ԿՄԵԿՆԵՆ ԻՍՊԱՆԻԱ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հանգստից հետո վերսկսեց մարզումները: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հունվարի 15-ից 23-ը ակումբը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կունենա ընկերական հանդիպումներ հունվարի 21-ին «Վան», հունվարի 25-ին՝ «Նոա», փետրվարի 1-ին՝ «Շիրակ» եւ փետրվարի 6-ին՝ «Սեւան» ֆուտբոլային ակումբների հետ: Փետրվարի 8-ին թիմը կմեկնի Իսպանիա՝ ուսումնամարզական հավաքի: Հիշեցնենք, որ կապանյան ակումբը Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 9-րդն է՝ վաստակած 14 միավորով:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ