Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Գլխավոր դատախազության առջեւ հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում հիմքերը պակաս են, իրենք կենդանի վկաներ են։
Իհարկե, ծնողների կողմից բոլոր բողոքները պետք է քննության առարկա դառնան, բայց այս պատմության մեջ նաեւ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչու են, այնուամենայնիվ, մայրերը լռել տարիներ, հաճախ տասնամյակներ շարունակ: Արդյոք նրանց վախեցրե՞լ են. եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռել այսքան տարիներ:
Սրան զուգահեռ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ գործ՝ կապված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումների հետ Իտալիայի քաղաքացիների կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասով որեւէ տեղաշարժ առկա չէ, քանի որ չեն կարողանում ապացուցել այն փաստը, որ այդ որդեգրումն ապօրինի է: Բանն այն է, որ ապօրինի որդեգրման պարագայում որոշ բժիշկներ պետք է մեղադրվեն նրանում, որ սխալ ախտորոշում են տվել եւ երեխաներին արհեստականորեն համարել հիվանդ, որպեսզի արտահերթ կարգով կարողանան կազմակերպել որդեգրումն իտալացիների կողմից, հակառակ դեպքում նախապատվությունը կտրվեր հայաստանցի որդեգրողներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգել չկարողանալու պատճառը նաեւ աշխարհում գոյություն ունեցող որդեգրման կարգն է, որը հստակ սահմանում է՝ եթե երեխան որդեգրվում է, ապա մինչեւ վերջինիս 18 տարեկան դառնալը ոչ ոք իրավունք չունի նրան որեւէ ախտորոշման ենթարկել, արյուն վերցնել. դա կարող են անել միայն նրանց՝ չափահաս՝ 18 տարեկան դառնալուց հետո վերջիններիս ցանկությամբ: Եվ հիմա իրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջեւ:
Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում` հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները: Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ իմքայլականների միջեւ: Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ: Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամների հանդիպման հանգամանքը: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ օրենսդիր մարմնի համար», – նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, եւ այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գործող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու եւ քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակացության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Օրինակ՝ Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մասնավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, եւ ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ: Այսպիսով, Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին, մեր տեղեկություններով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը:
Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգեւավճարներ են ստացել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագեւավճարներ ստացել, եւ դա նաեւ դժգոհության առիթ է հանդիսացել: Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, մասնավորապես՝ կոչումով ցածր պաշտոնյաները պարգեւավճար չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգեւատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգեւավճարներ լինելու են նաեւ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: «Պարգեւավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», – նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգեւավճար ստացե՞լ եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբեւէ ինձ չեմ պագեւատրել»: