ՍԻՆԽՐՈՆԻԶԱՑԻԱԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները: Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ իմքայլականների միջեւ:

Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին եւ բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ: Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հարցերի շուրջ է լինելու հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ, ու արդյոք իրենց խմբակցությունում երկու կառույցների ղեկավարների աշխատանքից դժգոհությունն է պատճառը, որ նման հանդիպում են նախաձեռնել խմբակցության ղեկավարները:
-Պարո՛ն Բոշյան, Ձեր խմբակցությունը հանդիպում է նախատեսել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Ի՞նչ հարցերի շուրջ է լինելու հանդիպում-քննարկումը, ինչո՞ւ եք որոշել նրանց հետ հանդիպել:
-Անկեղծ ասած, մենք խմբակցությունում չենք քննարկել, թե ինչ բովանդակություն է լինելու, բայց կարծում եմ, որ այդ ավանդույթը ճիշտ է, լավ ավանդույթ է, եւ մենք ընտրություններից հետո անընդհատ այդ պրակտիկան կիրառել ենք, մեզ հյուրընկալել են տարբեր նախարարներ: Եթե հիշում եք, մենք հանդիպում ենք ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հետ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ենք հանդիպում ունեցել, այսինքն՝ մեծամասնությամբ հանդիպում ենք ունեցել այն նախարարների հետ, որոնց հետ եղել են քննարկման թեմաներ, իրենց հրավիրել ենք ու ունեցել ենք քննարկումներ: Ես այն կարծիքին եմ, որ պետք է այդ ավադույթը պահել, այն պետք է շարունակական լինի: Չկա այնպիսի ֆիքսված հարց, որ կոնկրետ այդ հանդիպումների ժամանակ այս հարցն ենք քննարկելու նախարարի հետ, կամ հանդիպումը այս հարցերի շրջանակում է լինելու: Կարող են շոշափվել տարբեր հարցեր հանդիպումների ժամանակ, որոնք կհետաքրքրեր պատգամավորներին, կամ, հակառակը, նախարարը կներկայացնի հարցերը, որոնք արդիական են ու պետք է քննարկվեն:
-Այսինքն՝ օրենսդիր մարմինը փորձում է գործադիր մարմնից հաշվետվություն ստանալ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: Արդյոք ինչ-որ թերացումնե՞ր եք նկատել գործադիրի կատարած աշխատանքներում, ինչի համար նման հանդիպումներ եք նախաձեռնել:
-Գործադիրն ու օրենսդիր մարմինը փորձում են սինխրոնիզացնել իրենց կատարած աշխատանքները: Օրինակի համար, եթե արտաքին գործերի նախարար է գալու հանդիպմանը, ինքը կներկայացնի արտաքին ոլորտում կատարվող իրադարձությունները, կատարված ու կատարվող աշխատանքները, եւ մենք կներկայացնենք մեր գործուղումների ընթացքում ձեռքբերումները: Քանի որ ՀՀ-ում գործում է խորհրդարանական մոդել, Հայաստանի ԱԺ-ն ակտիվ դերակատարում է ունեցել արտաքին քաղաքական պրոցեսներում՝ միջազգային հարթակներում ՀՀ-ին ներկայացնելով: Մենք մեր կատարած աշխատանքից կխոսենք, իսկ նախարարն էլ՝ կառավարության ու նախարարության ձեռքբերումներից եւ աշխատանքներից:
-Բայց իշխանական խմբակցությունը ինչ-որ անհանգստացնող կամ թերացումներ համարող խնդիր տեսնո՞ւմ է այդ երկու գերատեսչությունների հետ կապված, որի համար նաեւ կլինեն այդ հանդիպումները: Դուք գ՞ոհ եք երկու կառույցների ղեկավարների կատարած աշխատանքներից:
-Կարծում եմ՝ տրամաբանական է, որ կքննարկվեն նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած վերջին լարված իրադարձությունները, նախարարը կներկայացնի մեր դիրքորոշումները պրոցեսների ընթացքում, ու ընդհանրապես երկու ոլորտին առնչվող խնդիրների շուրջ կզրուցենք: Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ օրենսդիր մարմնի համար: Կարող եմ ասել, որ ընդհանուր կառույցների ղեկավարներից դժգոհություն, որպես այդպիսին, չկա, չկան կոնկրետ թերացումներ, արտառոց դժգոհություններ չկան կառույցների ղեկավարների կատարած աշխատանքներից: Իհարկե, միշտ կա ցանկություն ավելին անելու, ու մենք դրա մասին միշտ ենք խոսում, դրա մասին միշտ ենք բարձրաձայնում: Արտառոց ոչինչ չկա՝ այս հանդիպումների հետ կապված: Կրկնում եմ՝ այն լավ ավանդույթ է:

 

 

 

 

ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ՝ ՊԵՏՔ Է ՔԱՅԼ ԱՆԵԼ

Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, որը, չգիտես ինչու, չշնորհավորեցին հայրենի իշխանությունների առաջնորդները՝ ՀՀ վարչապետից մինչեւ Ազգային Ժողովի նախագահ:

ՀՀ առաջին նախագահին իր ծննդյան առիթով իր շնորհավորական ուղերձն էր հղել միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման եւ կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման գործում: Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը եւ բարձրարժեք աշխատությունները»,- իր բարեմաղթանքում նշել էր Արմեն Սարգսյանը:
Սակայն սա միակ բարեմաղթանքն էր, որը հայաստանյան պաշտոնյաներից ստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը, համաձայնեք, վատ նախադեպ է այն առումով, որ չնայած այն հանգամանքին՝ ներկայիս իշխանություններն ու նախորդները տարբեր քաղաքական գծեր են ունեցել, բայց նման շնորհավորանքները խիստ անհրաժեշտ են պետական ինստիտուտների կայացման ու պահպանման համար: Ի վերջո, եթե ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ ՀՀ նախագահը պահպանեն նման տարրական կանոնները, ապա դրանք միայն օգնելու են Հայաստանին իր կայացման գործում:
Նկատենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ծննդյան օրերին արհամարհեց ու գոնե պաշտոնական գրությամբ չշնորհավորեց:
Փոխարենը Ռ. Քոչարյանին իր ծննդյան օրը շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչն արդեն նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, չնայած իրենց անհամաձայնություններին, պետք է կարողանային հանուն իրենց երկրի իմիջի պահպանել այդ պաշտոնական արարողակարգը: Ու եթե երեք նախագահների դեպքում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրենց շնորհավորական ուղերձը հղեին, դա որեւէ մեկին չէր հիասթափեցնի, կամ որեւէ մեկը չէր համարի, որ նոր իշխանությունները քաղաքական այլ դիրքորոշում ունեն:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մամուլի պատասխանատուներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը նրանք չշնորհավորեցին: Մեր բոլոր հեռախոսազանգերը, հաղորդագրությունները այդպես էլ մնացին անպատասխան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է այս ժամանակահատվածում հանդիպումներ ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նրանք հանդիպում կունենան ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Իսկ, ահա, արդեն երեկ խմբակցության պատգամավորները հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների փակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ, որի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել նրան՝ փորձելով հասկանալ, թե անվտանգության առումով ինչ խնդիրներ են առկա, ինչ հարցեր են դրված, ինչպես են փակել 2019 թվականը: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցին եւ Հայաստանի դիրքավորմանը: Խմբակցության գրեթե բոլոր պատգամավորներն էլ հարցեր են ուղղել ԱԱԾ աշխատանքի վերաբերյալ:

 

 

 

ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում եւ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատի նաեւ Ազգային ժողովը: Բանն այն է, որ 2003 թվականի ապրիլի 11-ի փոփոխությամբ իրավասությունը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, որից հետո, պատգամավորի խոսքով, պետության կողմից պահպանվող հուշարձաններից շատերը, մասնավորապես՝ մայրաքաղաքում, քաղաքաշինական նպատակներով քանդվել են, բնակիչները տարհանվել են, եւ կառուցվել են տարբեր «էլիտար» բարձրահարկ շենքեր: Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է. «Հաշվի առնելով 2015թ սահմանադրական բարփոխումներով պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ այլեւս խորհրդարանական երկիր է, այսկերպ եւս մեկ լիազորություն կբերենք խորհրդարանական վերահսկողության դաշտ»: Նաեւ պատգամավորը նախաձեռնությանը կցել է պետության կողմից պահպանման ենթակա այն հուշարձանների ցանկը, որոնք օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո քանդվել են, օտարվել կամ ապամոնտաժվել: Որպես օրինակ նա նշել է «Սպայի տունը», նախկին Պետդումայի շենքը Շահումյան հրապարակում, «Աֆրիկյանների տունը» Տերյան փողոցում, Գիտությունների ազգային ակադեմիայի հին շենքը (Լեզվի ինստիտուտի) Սայաթ-Նովայի փողոցում, բազմաթիվ շենքեր Աբովյան, Հանրապետության, Արամի փողոցներում:




Լրահոս