«ԱՄՈՒԼՍԱՐ»-Ի ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանելու պատճառով: Ավելին, ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է: Ինչ զարգացումներ կարող են լինել՝ հաշվի առնելով նաեւ վերջին շրջանի իրադարձությունները: Նշենք սակայն, որ այս գործընթացը սկսվել էր դեռ դեկտեմբերի 23-ին, երբ Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել էր ընկերության հասարակ բաժնետոմսերի սպասարկումը, ապա սկսել քննարկել այդ բաժնետոմսերի սակարկման իրավազորությունը (այսինքն՝ կարո՞ղ են բաժնետոմսերը բորսայում սակարկվել, թե՞ ոչ):

Ի՞նչն է պատճառը
Ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր Օնտարիոյի արդարության գերագույն դատարան «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Եվ այդ պաշտպանությունը նախնական մինչեւ այս տարվա հունվարի 2-ն էր գործելու: Իսկ դա ենթադրում էր, որ մինչեւ այդ ժամկետը «Լիդիան»-ի պարտատերերը չեն կարող որեւէ իրավական պահանջ ներկայացնել: Ավելին, ընկերությունը մտադրվել էր այս ընթացքում լուծել կառավարության եւ պարտատերերի միջեւ առաջացած հարցերը, վերջ դնել իրենց գնահատմամբ «անօրինական գործողություններին» եւ նույնիսկ Ամուլսարի ծրագիրը վաճառելու հնարավորություններին: ԵՎ, ահա, հունվարի 2-ին տեղի են ունեցել կարճ տեխնիկական լսումներ, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020 թվականի հունվարի 23-ին:
Ի՞նչ կլինի դրանից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը որոշել է մի քանի ուղղությամբ աշխատել, այդ թվում՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր վաճառքը կամ ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային գործընթաց սկսելը: Մեր տեղեկություններով՝ այս պահին ընկերությունն ակտիվ քննարկումների մեջ է, թե տարբերակներից որը ընտրել: Ընկերությունը չի բացառում նաեւ ծրագրի վերաֆինանսավորման տարբերակը:
ԱԺ-ի բացահայտումները
Ինչպես հայտնի է, ԱԺ-ում գործում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը նախագահում է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Եվ հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից այն նախաձեռնել է ուսումնասիրություններ հանքարդյունաբերությամբ զբաղվող 5 ընկերություններում, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա»-ում: Այս հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են նաեւ բնապահպան-իրավաբաններ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, եւ այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, եւ պարզվել է, որ Հայաստանում հանքարդյունահանումը իրականացվել եւ այժմ էլ դեռ իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի եւ միջազգային կոնվենցիաների խախտումներով: Ըստ այդ եզրակացության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:
Օրինակ՝ Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է այս քննիչ հանձնաժողովում հերթական նիստը անցկացնել, որի ժամանակ էլ կքննարկվի 33 էջից բաղկացած եզրակացությունը, որն է՛լ ավելի նոր բացահայտումներ է խոստանում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍԿՍՈՒՄ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Կառավարությունը սկսում է 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է նախագծի մշակման աշխատանքների ժամանակացույց: Միեւնույն ժամանակ աշխատանքներ կիրականացվեն 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման ուղղությամբ: Ըստ այդմ, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը պետք է քննարկի եւ հաստատի մինչեւ 2020թ. հունիսի 11-ը, իսկ այդ նախնական ծրագիրն էլ Ազգային ժողով պետք է ուղարկվի մինչեւ հունիսի 15-ը: Այնուհետեւ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումները:

 

 

 

 

ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Անցել է երկու շաբաթ, եւ դեռ իրավապահ համակարգը չի հայտնաբերել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, անգամ կասկածներ էլ չկան, թե նա որտեղ կարող է գտնվել: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ պետական սահմանը հատել էր, եւ դեկտեմբերի 23-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նշենք, որ Ս. Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլարի կաշառք ստանալու համար:

 

 

 

 

ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 20-27-ը գտնվելու է արձակուրդում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա օգտագործելու է 2018-2019 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2019-2020 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Թորոսյանի՝ արձակուրդում գտնվելու օրերին նրան կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 

 

 

 

ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին Մոսկվայում ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։ Արդյունքում նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
Անցել է ավելի քան 1,5 ամիս, եւ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ հայտնեցին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը ընթացքի մեջ է: Ինչո՞ւ է ՌԴ-ն ուշացնում պատասխանը, գուցե գլխավոր դատախազություն հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը ուշացնում է վերջինիս հանձման գործընթացը, կամ այլ խնդիր կա. ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

ԲԱՎԱՐԱՐ
Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին: Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ գործի նյութերը կողմերին են տրամադրել, որպեսզի ծանոթանան: Ս. Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ նախօրեին՝ երեկոյան է ստացել գործի նյութերը, եւ որքան հասցրել է ծանոթանալ դրանց, կարող է պնդել՝ չկա որեւէ ապացույց մեղադրանքը հաստատելու մասին, ինչը վերահաստատում է իրենց տեսակետը, որ նախկին նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2019թ. դեկտեմբերի 4-ին պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

 

 

 

 

ԱՆՏԵՍԵԼՈՎ ՕՐԵՆՔԸ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ` ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող նշված գույքի շուկայական արժեքը գնահատվել է 10.3մլն ՀՀ դրամ: Պարզվել է, սակայն, որ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Անհիմն եզրակացությունը, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից գրեթե երկու անգամ պակաս, հիմք է ընդունվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից գույքի գնահատված արժեքը սահմանելիս եւ հետագայում նաեւ մրցույթով օտարելիս: Արդյունքում այն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 3 անգամ պակաս գնով` պետության համար առաջացնելով ծանր հետեւանքներ: Հարուցվել է քրեական գործ:

 

 

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Եթե թոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, ՀՀ-ում գտնվելու եւ ողջ լինելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով` առանց բանկ ներկայանալու: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանը: Նրա պնդմամբ` օրենքով սահմանված կարգով պարտավորություն է սահմանված կենսաթոշակառուին ներկայանալ բանկ եւ հաստատել իր ողջ լինելու հանգամանքը ամեն տարի. սա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: «Մենք հատուկ չէինք սահմանել, թե ինչ նկատի ունենք` տեղաշարժման խնդիր ասելով, բայց սրան անդրադարձ է կատարվել կառավարության դիտարկման մեջ, եւ սա է եղել պատճառը, որ հիմա մենք կոմպրոմիսային տարբերակ ենք առաջարկել` «տեղաշարժման խնդիր ունեցող» եզրույթը փոխարինել «հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով»,-ասաց Թանդիլյանը: Այս պարագայում հաշմանդամության յուրաքանչյուր խումբ ունեցող թոշակառուն ունենալու է այս հնարավորությունը: Նախագիծը ընդունվել է, որից հետո Նարեկ Զեյնալյանը Մանե Թանդիլյանին հորդորել է մինչեւ ԱԺ քառօրյա նիստը իմանալ նաեւ բանկերի կարծիքը նախագծի վերաբերյալ:

 

 

 

 

ՔՐԳՈՐԾ
Զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ պահանջելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Գործն ուղարկվել է նախաքննական մարմնին: Հիշեցնենք, որ դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը:




Լրահոս