Ա ՍԵՐԻԱՆ ԵՎ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՆ ՓՈԽՎԵԼ ԵՆ ՏԵՂԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ֆուտբոլի թոփ 5 առաջնությունները արդեն թեւակոխել են վճռորոշ հատված: Ավարտված ամեն մի տուրից հետո պայքարը չեմպիոնության համար ավելի ու ավելի է սրվում, բացառություն է թերեւս Անգլիայի Պրեմիեր լիգան, որտեղ մերսիսայդյան «Լիվերպուլը» այնքան առաջ է պոկվել իր մրցակիցներից, որ գրեթե անհավանական է թվում նրանց՝ չեմպիոն չհռչակվելը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկրորդ տեղում գտնվող «Լեսթեր Սիթիից» առաջ է 13 միավոր, այդ ամենին էլ գումարած՝ «կարմիրները», «աղվեսների» համեմատ, մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Այո, երկրորդ տեղում Ռոջերսի գլխավորած թիմն է, բայց եթե կա մեկը, ով կարող է չեմպիոնական պայքար մղել դեռեւս անպարտելի «Լիվերպուլի» հետ, ապա դա Պեպ Գվարդիոլայի «Մանչեստեր Սիթի»-ն է: «Քաղաքայինները» 3-րդն են՝ 44 միավորով: Գործնականում մերսիսայդցիները չեմպիոն են, սակայն սա ֆուտբոլ է, եւ այստեղ ամեն անհավանական բան էլ կարող է դառնալ իրականություն:

Եթե նախորդ տարիներին Պրեմիեր լիգայում չեմպիոնը պարզ էր դառնում միայն վերջնամասում, իսկ Իտալիայի Ա սերիայում՝ արդեն առաջին հատվածից հետո, ապա այս տարի ամեն ինչ հակառակն է: Իտալիայի վերջին տարիների անփոխարինելի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» ձեռնոց է նետել իտալական գրանդներից մյուսը՝ «Իտերը»: Անտոնիո Կոնտեն, գալով միլանյան թիմ, կարծես վերակենդանացրեց «կարմրասեւերին». միլանցիները ֆանտաստիկ ֆուբտոլ են խաղում եւ «Յուվենտուսի» հետ վաստակած 45 միավորով գլխավորում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Այսպիսի իրավիճակ Ա սերիայում վաղուց չէինք տեսել: Կոնտեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ անում էր Ռոմելու Լուկակուին գնելու համար: Իտալացի մարզչի մոտ դա հաջողվեց, իսկ արդյունքը արդեն երեւում է. «Իտերը» առաջատարներից մեկն է, իսկ Լուկակուն 14 գոլով ռմբարկուների մրցավազքում 2-րդն է:
Այստեղ լավագույն քառյակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի «Ռոման»՝ վաստակած 35 միավորով: Այստեղ մեր ֆուտբոլիստի գործերն այդքան էլ լավ չեն դասավորվում, քանի որ Հենոյին հանգիստ չեն տալիս վնասվածքները: Մխիթարյանը դեռ նոր -նոր էր ապաքինվել վնասվածքից եւ վերադարձել խաղադաշտ, սակայն Իտալիայի առաջնության վերջին տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղը կրկին ճակատագրական դարձավ Հենրիխի համար. ազդրի վնասվածք, որն առաջին հայացքից այդքան էլ լուրջ չէր, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմայի» առնվազն 4 հանդիպում:
Իտալիայից տեղափոխվենք թոփ 5 առաջնություններից մյուսը՝ Լիգա 1: Այստեղ առաջատարը, նախոդ առաջնության համեմատ, չի փոխվել: ՊՍԺ-ն իր աստղաբույլով քամուն է տալիս մյուս մրցակիցներին: Պետք է նշել նաեւ, որ, ամեն դեպքում, այստեղ էլ կա փոփոխություն. եթե նախորդ տարիներին ՊՍժ-ն 19-րդ տուրից հետո իր մրցակիցների նկատմամբ ունենում էր երկնիշ թվերի տեսքով միավորների առավելություն, ապա այս տարի փարիզցիները երկրորդ տեղում գտնվող «Մարսելից» առաջ են միայն 7 միավորով: ՊՍԺ-ն ունի վաստակած 45 միավոր: Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կկարողանա խլել չեմպիոնական տիտղոսը Թոմաս Տուխելի թիմից: Ֆրանսիայի այս առաջնությունում այդքան էլ լավ հանդես չի գալիս հայազգի Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն»: Վերջիններս 27 միավորով 9-րդն են, սակայն Եվրոպա լիգայի ուղեգիր պարգեւող 4-րդ հորիզոնականից հետ են մնում ընդամենը 4 միավոր. այդ հորիզոնականում հանգրվանել է «Լիլը»:
Թոփ 5 առաջնություններից մնացին երկուսը, որոնց «Ժողովուրդ» օրաթերթը պետք է անդրադառնա. այս տարվա «ամենայուղոտ պատառները»՝ Գերմանիայի Բունդեսլիգան եւ Իսպանիայի Լա Լիգան:
Գերմանիայում դեռեւս չի ավարտվել ձմեռային դադարը, իսկ առաջնության առաջին հատվածից հետո ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ սպասվում էր: Բունդեսլիգայի այս մրցաշրջանի միանձնյա առաջատարը «Ռեդ Բուլ Լեյպցիգ»-ն է՝ իր ակտիվում գրանցած 37 միավորով: Երկրորդ տեղում Մյունխենգլդաբախի «Բորուսիա»-ն է՝ 35 միավորով, եւ, ահա, այս երկու ակումբներից հետո նոր գալիս են երկու ֆավորիտները՝ «Բավարիան» (33) եւ «Բորուսիա Դորտմունդը» (30):
Այս տարի Գերմանիայի առաջնությունում թեժ եւ անզիջում պայքար է ընթանում: Բավարացիները չեն կարողանում ցուցադրել իրենց ֆուտբոլը կամ միգուցե հոգնել են անդադար չեմպիոն հռչակվելուց, իսկ Ֆավրի «Դորտմունդը», այնպիսի տպավորություն է, որ սպառել է իրեն: Այս մրցաշրջանում ստեղծված իրավիճակից շատ լավ կարող են օգտվել գերմանական մյուս ակումբները, նրանք ունեն հիանալի շանս պատմության միապաղաղ ընթացքը փոխելու համար:
Մրցաշարային աղյուսակում վաստակած 27 միավորով 7-րդն է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը»: Ադամյանը Բունդեսլիգայում արդեն հասցրել է դառնալ 4 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հավասար պայքար կա նաեւ Իսպանիայի Լա Լիգայում: Իսպանիայի երկու հզոր ակումբները՝ «Բարսելոնան» եւ «Ռեալը», վաստակած 40-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նման բան այստեղ էլ շատ վաղուց չէր եղել: Առաջատարներից 5 միավորով հետ է մնում Չոլո Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն»: Նրանց նույնպես չպետք է հանել չեմպիոնական պայքարից, քանի որ Դիեգոյի պատրաստած թիմը միշտ էլ ունակ է մեջքից հարվածել «Ռեալին» եւ «Բարսելոնային»: 35 միավոր ունի նաեւ «Սեւիլյան», սակայն ասել, որ նրանք կարող են չեմպիոնության համար պայքարել, ճիշտ չի լինի:
Առջեւում առաջնությունների ամենաթեժ հատվածն է: Եթե լավագույն 5-ից 2-ում՝ Ֆրանսիայում եւ Անգլիայում, գործնականում պարզ են չեմպիոնները, ապա մյուս երեքում ամեն ինչ գլխիվայր շրջված է:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այն, որ Վարդան Մելքոնյանի գործելաոճից դժգոհ էին, ArmLur.am-ը այդ մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մեր տեղեկություններով՝ Վարդան Մելքոնյանին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունները շրջանառվել են՝ հենց նախորդ տարվա հոկտեմբերից սկսած: ArmLur.am-ին հայտնի է դարձել նաեւ, որ Վ. Մելքոնյանի՝ աշխատանքից ազատման հիմնական պատճառը հանրապետության ոռոգման ոլորտին չտիրապետելն է: Ի դեպ, այս ոլորտը համարվում է մեր երկրի խնդրահարույց ոլորտներից մեկը եւ պահանջում է մեծ ուշադրություն: Սակայն Մելքոնյանն այս դեպքում բավականին «կաղել է»: Պարզվում է նաեւ, որ Վարդան Մելքոնյանի «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով մասնագետներ են եղել, որոնք մտադրություն են ունեցել աշխատանքից ազատվելու: Այդ մասնագետների խոսքերով` կոմիտեում հավաքվել են անտեղյակներ, որոնք իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում: Նկատենք, որ հիմնական դժգոհությունները հենց կոմիտեի արդեն նախկին նախագահին են վերաբերում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` Վարդան Մելքոնյանը ժամանակին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի վարորդն է եղել, սակայն այդ մասին տեղեկությունը նրա կենսագրական տվյալներում բացակայում է:
Ի դեպ, ArmLur.am-ը նրա կենսագրական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ 2017-2018 թվականներին աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում որպես ճարտարագետ եւ վերահսկել է ոսկու հանքավայրի հողային աշխատանքները:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԸՆԴՀԱՐՈՒՄ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան): Մեր տեղեկություններով՝ խորհրդակցության ժամանակ հոգեբուժարանի աշխատակից Վաղինակ Հովհաննիսյանի եւ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջեւ ընդհարում է տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների՝ բանը հասել է նրան, որ Խաչատրյանն աթոռ է նետել Հովհաննիսյանի վրա: Վաղինակ Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է եւ բացատրություն է տալիս: ArmLur.am-ին հաջողվեց խոսել Վաղինակ Հովհաննիսյանի հետ. «Գիտեք, ես հիմա ոստիկանությունում եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»: ArmLur.am-ի հարցին՝ արդյոք իր վրա աթոռ են նետել, արձագանքեց. «Կներեք, այո: Ես չեմ կարող Ձեզ պատասխանել, շնորհակալ եմ, որ զանգել եք»:
Իսկ Սերգեյ Խաչատրյանը, լսելով մեր հարցը, զարմացավ. «Չէ, բացարձակ, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Անհիմն բաներ է ասում, դա իր գործն է: Ես հիմա չեմ կարող խոսել, զբաղված եմ»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վաղինակ Հովհաննիսյանին Նարեկ Վանեսյանի պաշտոնավարման ժամանակ ազատել էին աշխատանքից, սակայն դատարանի միջոցով Հովհաննիսյանը վերականգնվել է աշխատանքի: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վաղինակ Հովհաննիսյանի նկատմամբ դեռեւս 2011թ. քրեական գործ էր հարուցվել՝ խարդախության մեղադրանքով: Հետագայում այդ գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է:
Հիշեցնենք՝ Նարեկ Վանեսյանն անցած տարվա հոկտեմբերին հրաժարական տվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարի (Նուբարաշենի հոգեբուժարանը) պաշտոնից: Ի դեպ, Վանեսյանի հրաժարականը հաջորդեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում պահվել է հիվանդ՝ իր կամքին հակառակ. «Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում, իբր, առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը), եւ դրանից հետո իմ եւ պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջեւ խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա, եւ հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը եւ այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին: Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:
Նկատենք, որ Քննչական կոմիտեում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս