Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց ուղղությամբ։
Մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։