Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:
«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղը արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:
Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: