Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը: Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնեց. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որեւէ մեկից զենք, առավել եւս՝ անվանական, նվեր չեմ ստացել»:

Մեր այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան տվեց՝ հերքելով այդ ինֆորմացիան եւս:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշված էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ մի քանի կոնկրետ լրատվամիջոցների կողմից քարոզչական արշավ է իրականացվել, որն, ըստ հոդվածի, ներշնչվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Նշվում էր նաեւ, թե այս գործընթացը համակարգել է Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ նրա PR մենեջերն է: Ըստ հոդվածի՝ ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել:
Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, թե հրապարակմամբ արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս