Փաշինյանը դժգոհ է խորհրդարանի աշխատանքից. նոր պլաններ է կազմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, պետք է առաջիկայում հաճախ հանդիպումներ ունենա իմքայլական պատգամավորների հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում, ու հարցուպատասխանների միջոցով կպարզի նրանց կատարած աշխատանքը: Ու արդեն հստակ է, որ վարչապետ-իմքայլական պատգամավորների հանդիպումը առաջիկայում հաճախակի բնույթ է կրելու:

Նշենք, որ երեկվա հանդիպումը տեւել էմոտ երկու ժամ: Տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել նիստին: Այս անգամ հանդիպմանը ներկայացել են անգամ այն պատգամավորները, որոնք ամիսներ շարունակ նման հանդիպումներից բացակայում էին. նրանց թվում է եղել իմքայլական պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Վարազդատ Կարապետյանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նախապես խմբակցության ղեկավարությունից հրահանգ է եղել բացականեր չլինելու մասին`նշելով, որ այսուհետ վարչապետի հետ նման հանդիպումներ հաճախ են լինելու, որի ժամանակ պետք է պատգամավորները հաշվետու լինեն իրենց կատարած աշխատանքի համար:

Նկատենք, որ երեկվա հանդիպումից առաջին հեռացողը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Սիփան Փաշինյանը նիստին մասնակցել են հանդիպման մեկնարկից մոտ մեկուկես ժամ հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետը շատ դժգոհ է խորհրդարանի աշխատանքից, ինչի համար որոշել է իր հսկողության տակ պահել օրենսդիրներին` հասկանալու համար, թե ով է գործ անում, ով՝ ուղղակի խոսում, օդ տատանում:

Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ժամանակ է, ինչ իր շրջապատում հայտարարում է, որ օրենսդիրների իր թիմի կատարած աշխատանքը անարդյունք է, ինչի համար նպատակ ունի անգամ ցրել խորհրդարանը: Վարչապետի կարծիքով՝ պետք է նոր թիմ ձեւավորել, որոնք խորհրդարանում կաշխատեն ավելի արդյունավետ եւ քաղաքականապես կլինեն ավելի հասուն:

Իսկ ինչ վերաբերում է երեկվա հանդիպմանը, ապա նիստին մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են, որ իրենց ամեն հանդիպմանը հրավիրելու են նաեւ կառավարության որեւէ ներկայացուցչի, որը պարզաբանումներ կներկայացնի օրենսդիրներին արդիական թեմաներով իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:

Եթե կլինեն խնդրահարույց հարցեր, հանրությանը հուզող թեմաներ, որոնք պետք է պարզաբանվեն, վարչապետի կարծիքով՝ այն պետք է նախ ներկայացվի պատգամավորներին,որն էլ արդեն կհստակեցվի հանրության համար:

Քանի որվերջին ժամանակահատվածում առողջապահության ոլորտին առնչվողլուրջխնդիրներ ու չպարզաբանված հարցեր կան ծննդատները փակելու մասով, որոշում է կայացվել Թորոսյանին հրավիրել նիստին` պազաբանումներ պահանջելու:

Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ այս անգամ իրենք հիմնականում լսողի դերում են եղել, քանի որ հանդիպման հիմնական հատվածում խոսել է ՀՀ վարչապետը ու անդրադաձել է գրեթե բոլոր այն հարցերին, որոնք այս ժամանակահատվածում ակտուալ են: Նիկոլ Փաշինյանը խոսել է իրենց առաջիկա ծրագրերի մասին, ներկայացրել է այն ակնկալիքները, որոնք ինքն ունի իր թիմից:

Իմքայլականները նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ այս ամենը պետք է վաղուց լիներ,ու ՀՀ վարչապետը բոլոր պատգամավորների աշխատանքից անձամբ տեղեկանար նրանցից, այլ ոչ թե միջնորդավորված, որոնք ինֆորմացիան սխալ կամ սուբյեկտիվ էին փոխանցում: Ըստ իմքայլականների՝ այս ձեւաչափը օգնելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա հստակ ինֆորմացիա՝իր թիմի յուրաքանչյուր անձի կատարած աշխատանքի վերաբերյալ:

Ու նաեւ դա է եղել պատճառը, որ նախինում «երես թեքած» պատգամավորները, որոնք չէին մասնակցում խմբակցության նիստերին, վերադարձել են ընտանիք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս