2020թ. հունվարի 7-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Կարեն Ծաղիկյանը մահացել է: Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները: Հունվարի 15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում59-ամյա դատապարտյալ է մահացել, որի մահվան փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետ:
–Տիկի՛ն Գալյան, «Դատապարտյալների հիվանդանոցում»օրերս մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, եւ վերջինիս հարազատները տեւական ժամանակ պայքարել են ու բարձրաձայնել են, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի են:
Մահվան կապակցությամբ անգամ քրեական գործ է հարուցել ՀՀ գլխավոր դատախազությունը: Ի՞նչ է անում ՀՀ արդարադատության նախարարությունը նման դեպքերից խուսափելու համար: Ի վերջո, կատարվածի մեջ, ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ Դուք Ձեր մեղքի բաժինը ունեք:
-Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են, սա ամենալավ պատասխանը չէ, բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են:Այսօր արդեն «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար դատարան են ներկայացնում միջնորդություններ՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ:
-Այդ դեպքում ՊՈԱԿ-ը ինչո՞ւ ուշացրեց, որ Ծաղիկյանը մահացավ:
-Տեսեք, կոնկրետ դեպքի վրա չեմ ցանկանա կենտրոնանալ, ընդհանուր պատկերը կասեմ, շատ դեպքերում դա պատճառ է լինումինչ-որ բյուրոկրատական քաշքշուկների: Իհարկե, չեմ կարող չնշել, որ դատարանը հիմնականում արագ է արձագանքում եւ շատ արագ կազմակերպում է դատական նիստը եւ գործիքննությունը:
-Հիմա փաստ է մեկ բան, որ կալանավորի հարազատները տեւական ժամանակ պայքարել են նրա խափանման միջոցը փոխելու համար, բայց արդյունքում բոլոր մարմինները շատ զբաղված են եղել,ու կալանավորը մահացավ: Դուք անձամբ՝ որպես ՀՀ արդարադատության փոխնախարար, որպես քրեակատարողական հիմնարկների ոլորտը համակագող, Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում:
-Մեղքի բաժինը չտեսնել շատ դժվար է, միշտ էլ յուրաքանչյուր մահվան դեպքով՝ դա կլինի ինքնասպանություն կամ առողջության քայքայման հետեւանքով մահ,միշտ էլ մեղքի բաժին փնտրելը, կարելի է ասել, դարձել է մեզ համար սովորական երեւույթ, եւ փորձում ենք անել ամեն ինչ՝ կրճատելու կամ գոնե մինիմումի հասցնելու այսպիսի դեպքերը:
Այսօր կոնկրետ վիճակագրական տվյալներ չեմ կարող ասել, բայց նախորդ տարվա համեմատ՝ իրականում այս տարի մահացության դեպքերը գրեթե կիսով կրճատվել են:
Դա, իհարկե, համաներման ակտով է պայմանավորված, քանի որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվել են: Կրկնում եմ՝ այսօր ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, եւ ՊՈԱԿ-ի հաստիքներն ամբողջությամբ համալրված են, եւ մենք փորձում ենք որակյալ կադրերով համալրել ՊՈԱԿ-ի աշխատակազմը, որպեսզի պատշաճ բուժում իրականացվի: Իրականում բացառել նման դեպքերը չենք կարող:
Պետք է նշեմ, որ մահվան դեպքերից հետո ամեն անգամ հանձնարարականներ են իջեցվում, եւ վերահսկողությունն է պատշաճ կերպով իրականացվում:
-Այս դեպքից հետո է՞լ է իջեցվել հանձնարարական:
-Այս դեպքից հետոունեցել ենք եւս մեկ դեպք:
-Ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը:
-Նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ովքեր են գտնվում ռիսկային գոտում:
Քնար Մանուկյան